Գաղտնիք չէ, որ նախորդ իշխանությունների օրոք նրանց հետ սերտ փոխկապակցված անձինք, այդ թվում` քրեաօլիգարխիկ համակարգը, մշտապես գտնվել են պետական առանձնահատուկ հոգածության ներքո: Եւ իշխանությունները նրանց մատուցած ծառայությունների համար վարձահատույց են եղել բավական շռայլ կերպով:
Մասնավորապես, քրեաօլիգարխիկ համակարգը նախորդ իշխանություններին պետք է եղել ընտրությունների ժամանակ ցանկալի թվեր ապահովելու, տարատեսակ այլ ծառայություններ մատուցելու համար, եւ իշխանության կողմից էլ վարձատրվել է:
Թավշյա հեղափոխությունից հետո դիվանագիտական անձնագրերը վերադարձնելու կոչ եղավ, եւ պարզ դարձավ, որ նման անձնագիր են ունեցել նույնիսկ այնպիսի մարդիկ, որոնք նման արտոնությունից որեւէ դեպքում չպետք է օգտվեին. դիվանագիտական անձնագիր նրանց օրենքով «չէր հասնում»: Նույնը նաեւ անվանական զենքերի պարագայում է: Նախորդ իշխանությունների մոտ, կարծես թե, սովորույթ է եղել զենքերով պարգեւատրելը: Սա հատկապես «լավ է ստացվել» լուսահոգի վարչապետ Անդրանիկ Մարգարյանի մոտ: Եվ պատահական չէ, որ վերջին շրջանում անվանական զենքերով հանցագործություններ կատարած անձինք այն ժամանակին ստացել են հենց Մարգարյանի կողմից: Թարմ օրինակը ԱԺ նախկին պատգամավորներ Հարություն Ղարագյոզյանի եւ Կարո Կարապետյանի միջադեպն է: Ղարագյոզյանը Կարապետյանին կրակել է Անդրանիկ Մարգարյանի նվիրած զենքով, ապա արդեն ինքնասպան եղել ՀՀ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի զենքով: Եվ սա այդպիսի առաջին դեպքը չէր ամենեւին:
2005 թվականի սեպտեմբերին Կոտայքի մարզի Նոր Հաճն քաղաքում քաղաքապետ Արմեն Քեշիշյանն իրեն ամրակցված «Վինկինգ» ՄՌ-446 զենքով, որն անվանական նվեր էր Անդրանիկ Մարգարյանից, սպանել էր «Էլցանցեր» ընկերության Արզնիի մասնաճյուղի տնօրեն Աշոտ Մխիթարյանին: Մամուլի հրապարակումների համաձայն` 2008 թվականին Տարոն Մարգարյանի հորաքրոջ որդին` Արթուր Սիրունյանը, սպանել էր «Վոյաժ» տաքսի ծառայության սեփականատեր Արմեն Սահրադյանին: Արթուր Սիրունյանը հանգուցյալ Անդրանիկ Մարգարյանի նվիրած զենքով էր սպանություն կատարել, տեղեկությունը հաստատել էր նաեւ այն ժամանակվա ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը: Մալաթիա-Սեբաստիա շրջանի նախկին թաղապետ Վահան Զատիկյանի որդու՝ Սեդրակ Զատիկյանի սպանության կասկածանքով ձերբակալված Ստեփան Հակոբյանի (Լեդի Հակոբի եղբորորդին) բնակարանը խուզարկելիս հայտնաբերված զենքերի թվում է եղել նաեւ նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանի նվիրած զենքը: 2018 թվականի հուլիսին էլ Անդրանիկ Մարգարյանի նվիրած զենքով ինքնասպանություն էր գործել Նիկոլայ Գաբրիելյանը, ով հանրությանը հայտնի է որպես «Գազի Կոլյա»։
Այսինքն, այս անունները եւս մեկ անգամ գալիս են ապացուցելու, որ նախկինում ով իշխանությունների սրտով է եղել, զենք է նվեր ստացել եւ հիմնականում որպես ծննդյան արարողություններին նվեր: Ընդ որում, այդ ամենը կատարվել է մինչեւ 2009 թվականը, քանի որ դրանից հետո, ըստ օրենքի, անվանական զենքեր կարող էին ստանալ միայն կոնկրետ բնագավառի անձինք:
Մասնավորապես, այդ տարի խորհրդարանում ընդունված «Զենքի մասին» ՀՀ օրենքով սահմանափակվեց որպես պարգեւտրվող զենքի շրջանառությունը: Մասնավորապես, մինչ այդ, ըստ «Զենքի մասին» օրենքի 20-րդ հոդվածի, Պաշտպանության նախարարը, Ոստիկանության պետը եւ Ազգային անվտանգության ծառայության պետն իրավունք ունեին զենքով պարգեւատրել ինչպես ենթակա զինծառայողներին, այնպես էլ երրորդ անձանց: Զենք նվիրելու իրավունք ունեին նաեւ Հանրապետության նախագահն ու վարչապետը, իսկ ԱԺ նախագահը` ոչ: Իսկ ըստ այդ տարի ընդունված օրենքի նոր նախագծի` պաշտոնատար անձինք իրավունք են ստացել զենքով պարգեւատրել բացառապես իրենց ենթակա ծառայողներին:
Օրենքի նախագծի անհրաժեշտությունը հեղինակները պայմանավորում էին այն հանգամանքով, որ երկրում զենքի ավելցուկ էր: Եվ այդ օրինագծով նախատեսվեց նաեւ ԱԺ նախագահի կողմից զենքի նվիրատվություն: Ըստ այդմ, պաշտպանության նախարարն իրավունք ստացավ զենքով պարգեւատրել բացառապես պաշտպանության եւ ռազմական շինարարության գործում ակնառու ծառայություն մատուցած զինվորականներին, Ոստիկանության պետը` ծառայողական պարտականությունները եւ հատուկ առաջադրանքները գերազանց կատարած ոստիկանության ծառայողներին, իսկ Ազգային անվտանգության ծառայության պետը` ՀՀ-ին նշանակալի եւ բացառիկ ծառայություններ մատուցած ազգային անվտանգության ծառայողներին: Ընդ որում, նախագիծն օրենք դառնալուց հետո այն հետադարձ ուժ չի ստացել, այսինքն` նախկինում պարգեւատրված երրորդ անձինք շարունակել են պահել եւ կրել իրենց զենքերը:
Փաստորեն, այս օրենքը ընդունվել է 2009 թվականի աշնանը եւ քրեաօլիգարխիկ միջավայրի ներկայացուցիչները, նախկին իշխանությունների մտերիմները հենց մինչ այդ ժամանակն են ստացել անվանական զենքեր, իսկ դրանից հետո ամեն ինչ եղել է ի պաշտոնե: Իհարկե, կարելի է նորմալ համարել, որ անվանական զենք ունեն նախկին դատախազները, նախկին ոստիկանապետերը, իրավապահ համակարգի բազմաթիվ ներկայացուցիչներ, սակայն զարմանալի է, որ նման անվանական զենքեր ունեն այդ երրորդ անձինք, ընդ որում, նույնիսկ հոգեւոր դասի ներկայացուցիչները:
Մասնավորապես, Սերժ Սարգսյանի` դեռեւս վարչապետ եղած ժամանակ անվանական զենքով պարգեւատրվել է Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը: Սերժ Սարգսյանը արդեն նախագահի կարգավիճակում Ռիոյի Օլիմպիադայի չեմպիոն, հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանին պարգեւատրել է անվանական զենքով։ 2009 թվականին` մինչ վերը նշված օրենքի ընդունումը, ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանի 60-ամյակի առթիվ վերջինս այն ժամանակվա վարչապետ Տիգրան Սարգսյանից Հայաստանի երրորդ հանրապետության կայացման գործում ներդրած մեծ ավանդի եւ ծննդյան 60-ամյակի կապակցությամբ պարգեւատրվել է անվանական զենքով։
Սերժ Սարգսյանից անվանական զենքեր են ստացել նաեւ նրա նախկին մամուլի խոսնակներ, այժմ ԱԺ պատգամավորներ Արման Սահակյանը, Սամվել Ֆարմանյանը: Սակայն ամենաշատն անվանական զենքեր նվիրել է հենց նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանը: Եվ հիմնականում դրանք ստացել են որպես նվեր. այսինքն` նախկին իշխանությունները մյուսների լավության տակից գալու համար ընտրել են հենց զենքի տարբերակը` հասկանալով, որ կարող է նրանց վերահսկողության տակ պահել, իսկ հիմա, երբ չկա այդ ամենը, այդ զենքերը կրակում են իրար վրա:
ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ԲԱՑԱԿԱՆԵՐԸ
ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովը հրապարակել է հանձնաժողովի նիստից սեպտեմբեր ամսվա բացակաների ցանկը: Ինչպես հայտնի է, յուրաքանչյուր ամսվա ավարտից հետո տասնօրյա ժամկետում ԱԺ մշտական հանձնաժողովի նախագահը ԱԺ նախագահին է ներկայացնում այդ ամսվա ընթացքում հանձնաժողովի նիստերից կամ հրավիրած խորհրդարանական լսումներից հանձնաժողովի անդամների բացակայության մասին տեղեկանք, ինչի հիման վրա էլ աշխատավարձերից պահումներ են արվում: «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ սեպտեմբերի 4-ին տեղի ունեցած հանձնաժողովի նիստին հարգելի բացական եղել է ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը, ով գործուղման է եղել: Իսկ անհարգելի են բացակայել «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանը եւ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գալուստ Սահակյանը: Ի դեպ, վերջինս հաճախ է հանձնաժողովի նիստերից բացակայում:
ՓՈԽՆԱԽԱՐԱՐԻՑ ՄԱՐԶՊԵՏ
Ինչպես հայտնի է, հոկտեմբերի 2-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պաշտոնից ազատեց Սյունիքի, Լոռու, Արմավիրի, Գեղարքունիքի, Վայոց Ձորի մարզպետներին: Չնայած այն հանգամանքին, որ Լոռու մարզի մարզպետի պաշտոնակատար է նշանակվել Արամ Խաչատրյանը, այնուամենայիվ, մեր տեղեկություններով` մարզպետ կնշանակվի մյուս ՔՊ-ական փոխմարզպետը` Անդրեյ Ղուկասյանը: «Ժողովուրդ» օրաթերթին երեկ հայտնի դարձավ, որ Գեղարքունիքի մարզպետի պաշտոնն առաջիկայում զբաղեցնելու է ՀՀ Բնապահպանության փոխնախարար ՔՊ-ական Գնել Սանոսյանը, որը ծագումով Գեղարքունիքի մարզի Ծակքար գյուղից Է:
ԴԵՌ ՆՈՐՈԳՄԱՆ ԿԱՐԻՔ ՈՒՆԻ
ՀՀ արտաքին գործերի նախարարությունը պայմանագիր է կնքել «Նազարյան Քուլինգ Սիսթեմ» ընկերության հետ պետության կարիքների համար օդափոխության համակարգի վերանորոգման աշխատանքներ անելու վերաբերյալ: «Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական փաստաթղթերից տեղեկացավ, որ այս նպատակով ընկերությանը վճարվել է 49 մլն 250 հազար դրամ: Նկատենք, որ մոտ 50 մլն դրամ ծախսվել է խողովակի, ջրի բակերի ջերմամեկուսացման, էլ. կառավարման վահանակի մոնտաժման, տեղադրման եւ գործարկման, ջրի պոմպի տեղադրման ու գործարկման համար: Ու այս ամենն արվում է Մարզահամերգային համալիրի համար: Ավելին, պարզվում է` սա պետության կողմից առաջին ֆինանսական հատկացումը չէ` տրված մարզահամերգային համալիրին: Վերջինիս տարեկան տրամադրվում է 163 մլն դրամ, որը օգտագործվում է աշխատողներին վարձատրելու եւ էլեկտրաէներգիայի ծախսերը փակելու համար: Բացի այս, 2016 թվականին համալիրի բնականոն գործունեությունը պահպանելու նպատակով պետբյուջեից տրվել է 9 մլն դրամ: Նաեւ ստեղծման օրվանից ի վեր Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը վերանորգել է «ԲԱՄՕ» ընկերությունը` 42 մլն դոլարի ներդրում կատարելով: Բայց ինչպես նկատում եք, ոչինչ չի փոխվել:
ՀՀԿ-Ն ՉԻ ԿԱՐՈՂ
ՀՀԿ-ն` որպես քաղաքական ուժ, պատրաստ է հաջորդ տարվա մայիսին արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման հարցում պատասխանատվություն ստանձնել, սակայն այժմ, երբ իրավիճակը փոխվել է, չի կարող այդ անել, այս մասին ասել է ՀՀԿ խորհրդարանական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:Վերջինս հիշեցրել է, որ նույն օրը վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունները պետք է դեկտեմբերին անցկացվեն, եւ որ այդ որոշումը վերջնական է: «Ես տեղյակ եմ պահել քաղաքական ուժերին` նրանց հայտնելով, որ բանակցային գործընթացը, ըստ էության, չի ընթանում: Ես հայտարարել եմ նաեւ, որ այլեւս պատասխանատվություն չեմ վերցնի: Այդ ժամանակ որոշվեց խորհրդարանի արտահերթ նիստ անցկացնել, քանի որ այլեւս իմաստ չկար հետաձգելու այս օրենքի ընդունումը»,-ասել է Բաղդասարյանը:
ԱՇՆԱՆԱՅԻՆ ՆՍՏԱՇՐՋԱՆ
Երեկ Ստրասբուրգում սկսվել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) աշնանային նստաշրջանը, որի ընթացքում կհայտարարվի Մարդու իրավունքների ոլորտում ձեռքբերման համար Վացլավ Հավելի մրցանակի հաղթողը: Քննարկվելու է նաեւ միջուկային անվտանգությունն ու անվտանգությունը Եվրոպայում, ինչպես նաեւ Լեհաստանի նախագահի օդանավի վթարը: Վերջապես կքննարկվի ազգային խորհրդարանների դերը ապակենտրոնացման հաջող գործընթացում, հայտարարությամբ հանդես կգա Եվրոպայի խորհրդի Տեղական եւ տարածքային իշխանությունների կոնգրեսի նախագահը:Կազմակերպության գլխավոր քարտուղարը նաեւ պատասխանելու է Վեհաժողովի անդամների հարցերին:
ՄԻԼՍԸ ՀԵՌԱՑԱՎ
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Ռիչարդ Միլսին, որը խորհրդարան էր այցելել դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ: ՀՀ ԱԺ նախագահն ընդգծել է, որ երկկողմ հարաբերություններում կարեւոր տեղ են զբաղեցնում միջխորհրդարանական կապերը, որոնք վերջին շրջանում բավականին ակտիվ են եղել: Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են ներհայաստանյան վերջին իրադարձություններին: