Հոկտեմբերի 6-ի աղմկահարույց սպանության եւ հաջորդ օրվա ինքնասպանության պատճառը 4 միլիոն դոլար գումարն էր, որը տոկոսով տրված փող էր: Սա Նոր Հայաստանում տեղի ունեցած առաջին աղմկահարույց սպանությունն էր եւ երկրորդ անսպասելի ինքնասպանության դեպքը:
2018 թվականի հոկտեմբերի 6-ի ուշ երեկոյան` ժամը 23:00-ի սահմաններում, Նորք-Մարաշ վարչական շրջանում գործող «Այգի» ռեստորանային համալիրում հնչել էին կրակոցներ: Հրազենային վնասվածքներով ԱԺ նախկին պատգամավոր Կարո Կարապետյանը շտապ տեղափոխվել էր «Էրեբունի» բժշկական կենտրոն, բայց արդեն մահացած: Այնուհետեւ հրազենային վնասվածքներով մեկ այլ քաղաքացի եւս` Սարգիս Ավագյանը՝ Մասիսի Ծնգլ անունով, որը Կարո Կարապետյանի մտերիմներից է, հոսպիտալացվել է: Նա դեռ շարունակում է բուժումը: Մինչ իրավապահները քննում էին կրակոցների վարկածները, հայտնի դարձավ, որ սպանության հեղինակ Հարություն Ղարագյոզյանն ինքնասպան է եղել հաջորդ օրը` ժամը 11:30-ի սահմաններում:
Դեպքից անմիջապես հետո պարզվեց, որ ԱԺ նախկին ԲՀԿ-ական պատգամավորներ Կարո Կարապետյանը, Հարություն Ղարագյոզյանը եւ Աբրահամ Մանուկյանը Ծնգլի հետ միասին եղել են «Այգի» ռեստորանում: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` հանդիպումը նախաձեռնել է Աբրահամ Մանուկյանը, որպեսզի «բարիշեցնի» Ղարագյոզյանին եւ Կարապետյանին, որոնց հարաբերությունները լարված են եղել: Մեր տեղեկություններով` մշտապես աղմկալի պատմություններով հայտնի Կարո Կարապետյանը՝ Յուվեցի Կարոն, տարբեր մարդկանց տոկոսով փող է տվել եւ հետո սկսել նրանցից պահանջել իր փողերը՝ տոկոսներով: Հարություն Ղարագյոզյանին՝ Կարամելի Հարութին եւս Կարապետյանը տվել է 4 միլիոն դոլար տոկոսով փող, որն էլ դարձել է նախկին գործընկերների հարաբերությունների լարվածության պատճառ: Եվ ահա հոկտեմբերի 6-ի չարաբաստիկ օրը ԱԺ նախկին պատգամավոր Աբրահամ Մանուկյանը որոշել է տարաձայնությունը հարթելու, ինչ-որ պայմանավորվածության հասնելու համար կողմերին կանչել Նորք-Մարաշի իր տան մոտ գտնվող «Այգի» ռեստորանային համալիր, որպեսզի խոսեն, միմյանց հասկանան թեկուզ ինչ-որ գույք անվանափոխելու գնով: Մեզ հասած լուրերի համաձայն` հանդիպումը անցել է բավականին լարված մթնոլորտում, եւ Կարո Կարապետյանը սկսել է բարձր տոնով մի քանի հայհոյանք հնչեցնել Հարություն Ղարագյոզյանի, նրա ընտանիքի հասցեին: Խոսակցությունը վերածվել է քաշքշուկի, եւ Հարություն Ղարագյոզյանը, հանկարծակի տեղից վեր թռնելով, ատրճանակը պահել է Կարո Կարապետյանի ճակատին: Կարապետյանը ձեռքով հրել է զենքը, ինչի արդյունքում կրակոց է ստացել պարանոցի, այնուհետեւ որովայնի շրջանում՝ թվով 4 գնդակ: Իսկ երբ Կարո Կարապետյանին ուղեկցող Սարգիս Ավագյանը փորձել է ակտիվանալ, Ղարագյոզյանը նաեւ նրան է կրակել թերեւս հանդարտեցնելու եւ վախեցնելու համար: Այդ ժամանակ Սարգիսը եւս ընկել է գետնին:
Մեզ հասած հավաստի տեղեկությունների համաձայն` Կարամելի Հարութը, տեսնելով արյունլվա ընկած Կարո Կարապետյանին եւ նրա ընկերոջը, հենց այդ պահին նույն զենքը պահել է իր գլխին եւ ցանկացել է հենց այդ ռեստորանում ինքնասպան լինել: Սակայն ներկաները, մասնավորապես` Աբրահամ Մանուկյանը, չի թողել, որ նա գնա այդ քայլին:
«Ժողովուրդ» օրաթերթի հավաստի տեղեկություններով` հենց այդ իրարանցման պահին ոստիկանություն է ահազանգել նախկին պատգամավոր Աբրահամ Մանուկյանը եւ հայտնել, որ ռեստորանում կրակոցներ են, «հասե՛ք»:
Երբ իրավապահները հասել են դեպքի վայր եւ իմացել են, թե ով է կրակողը, եւ անգամ ցանկացել է հենց ռեստորանում ինքնասպան լինել, անմիջապես գործի են անցել եւ փնտրել Հարություն Ղարագյոզյանին: Նախ գնացել են նրա տուն, հնարավոր բոլոր վայրերը, որտեղ նա կարող էր տեսականորեն լինել, սակայն չեն գտել նրան: Միայն հաջորդ օրը` առավոտյան, նա գտնվեց իրեն պատկանող քարի արտադրամասում՝ ինքնասպան եղած:
Այն, որ Կարո Կարապետյանը առաջին անգամ չէր հայտնվում իրավապահների ուշադրության կենտրոնում, գաղտնիք չէ: Դեռ 2009թ.-ին Երասխ-Երեւան ավտոճանապարհին նա իր ավտոմեքենայում վեճի էր բռնվել Դվին գյուղի բնակիչ Արթուր Զադոյանի հետ, որի ընթացքում Զադոյանը երկաթյա ձողով հարվածել էր Կարապետյանի գլխին, որն էլ իրեն ամրակցված ատրճանակով 5 անգամ կրակել էր Արթուր Զադոյանի ուղղությամբ: Փամփուշտներից երկուսը դիպել էին Զադոյանի աջ ուսին եւ աջ ոտքին: Նշենք, որ Կարո Կարապետյանը հայտարարել էր, թե Արթուր Զադոյանն է իրեն դարանակալել եւ ցանկացել հաշվեհարդար տեսնել` իր ունեցած 57 հազար դոլար պարտքը չտալու նպատակով: Գործի քննությունն ուշագրավ էր այն առումով, որ Կարո Կարապետյանն այդպես էլ այս գործով ո՛չ մեղադրյալ, ո՛չ տուժող չճանաչվեց: Իսկ ավելի ուշ կասեցրին գործի վարույթը:
2015 թվականին կրկին գումար տալ-չտալու հարցի շուրջ Կարո Կարապետյանը հայտնվեց աղմկալի իրադարձությունների կենտրոնում` այս անգամ էլ Գերագույն խորհրդի անդամ, Աժ նախկին պատգամավոր Գոհարիկ Ենոքյանի մասնակցությամբ: Արդյունքում Ենոքյանը ձերբակալվեց, քանի որ, ըստ իրավապահների, 2015 թվականի մայիսի 4-ին Գոհարիկ Ենոքյանը նախապատրաստվել էր սպանել Կարո Կարապետյանին:
Պարզվել էր` ԱԺ պատգամավոր Կարո Կարապետյանը մի քանի միլիոն դոլար է ներդրել Գոհարիկ Ենոքյանի փոխանակման կետում հետագայում հետ ստանալու պայմանով եւ այդպես էլ այն չէր ստացել, եւ սկսվել էր իր եւ Գոհարիկ Ենոքյանի անհամաձայնությունը:
Եվ ահա այսպես շատերին գումար տալով եւ այն հետ չստանալով` մշտապես աղմկալի պատմություններով հայտնի Կարո Կարապետյանը սպանվեց 4 միլիոն դոլարի համար: Իսկ ահա մեզ հասած տեղեկությունների համաձայն` 59 ամյա Հարություն Ղարագյոզյանը ինքնասպան եղավ, որպեսզի կատարվածի պատճառով այլ մարդիկ չտուժեն, վենդետա չլինի, գործը չհասնի իրենց երեխաներին, եւ իր մահով, ըստ էության, լուծեց բոլոր հարցերը, նաեւ խուսափեց ոչ պակաս, քան 15 տարի բանտում անցկացնելու հեռանկարից:
ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ
ՈՉԻՆՉ ՉԻ ՄՈՌԱՑՎԵԼ
Թավշյա հեղափոխությունից հետո ՀՔԾ-ն վերաբացել է մարտի 1-ի քրեական գործը, սակայն առայժմ որեւէ ընթացք չի տրվել մինչեւ մարտի 1-ը այն ժամանակ ընդդիմադիր գործիչների նկատմամբ իրականացված բռնություններին: Ինչպես հայտնի է, 2008թ. փետրվարյան հանրահավաքների ժամանակ, հետո արդեն մարտի 1-ի առավոտյան ձերբակալվեցին եւ քաղբանտարկյալների շարքը համալրեցին մի շարք ընդդիմադիր գործիչներ: Ու նրանցից շատերի ձերբակալությունն ուղեկցվել էր բռնություններով:
Ամենաաղաղակող օրինակն այդ ժամանակ դեռ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Գագիկ Ջհանգիրյանի ու նրա եղբոր` Վարդան Ջհանգիրյանի ձերբակալությունն էր: Նրանց ձերբակալեցին այն բանից հետո, երբ Ջհանգիրյանը փետրվարի 22-ին եկավ Ազատության հրապարակ, հանրահավաքին ելույթ ունեցավ` հայտարարելով ընդդիմադիր առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանին միանալու մասին: ՀՀ գլխավոր դատախազի տեղակալն ու եղբայրը նույն օրը ձերբակալվել էին Արգավանդի խաչմերուկում իբր անօրինական զենք պահելու կասկածանքով, բայց հետո նրանց մեղադրանք էր առաջադրվել իբր ոստիկանների նկատմամբ բռնություն գործադրելու համար: Այդ օրերին սա քաղբանտարկյալների դեմ առաջադրվող հիմնական մեղադրանքն էր, ու ամեն ինչ ընթանում էր գրեթե նույն սցենարով: Բայց Ջհանգիրյանին ու եղբորը նաեւ բռնության էին ենթարկել ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ-ում: «Արգավանդի խաչմերուկում բռնություն էր գործադրվել Ջհանգիրյանի եղբոր նկատմամբ, կրակոցներ էին արձակվել, եւ նրա եղբայրը եւ երկու ոստիկաններ հրազենային վնասվածքներ էին ստացել ոստիկանի կողմից արձակված կրակոցների հետեւանքով: Այնուհետեւ ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ բերման ենթարկվելուց հետո նրանք բռնության էին ենթարկվել, Ջհանգիրյանի եղբորը ցույց չէր տրվել պատշաճ բժշկական օգնություն, նա արյունահոսել էր եւ բժշկական օգնություն չէր ստացել: Բացի դրանից, նրանք ապօրինի ձերբակալվել էին, նրանց նկատմամբ ապօրինի կալանքը ընտրվել էր որպես խափանման միջոց, եւ հետագայում երկուսն էլ անօրինական էին դատապարտվել: Եվ այս ամբողջը կապված էր Գագիկ Ջհանգիրյանի ելույթի հետ»,- այն ժամանակ պնդում էր նրանց փաստաբան Լուսինե Սահակյանը: Ջհանգիրյանների փաստաբանները նաեւ հայտարարություն էին տարածել` պնդելով պաշտպանյալների նկատմամբ բռնություն գործադրելու մասին: Նաեւ հայտնի են բռնություն գործադրածների անունները` ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ նախկին աշխատակից Արման Հարությունյանը` երգչուհի Շուշան Պետրոսյանի ամուսինը, եւ նրա մի քանի աշխատողներ: Բայց Արման Հարությունյանի ու նրա գործընկերների դեմ այդպես էլ քրեական գործ չհարուցվեց:
Հիմա, սակայն, քաղաքական իրավիճակ է փոխվել, ու տրամաբանությունը պահանջում է, որ մարտի 1-ի գործի շրջանակներում իրավապահները քննության առարկա դարձնեն նաեւ դատախազի նախկին տեղակալի դեմ կատարված ապօրինությունները: Սա նաեւ սպայի պատվի հարց է: Մանավանդ Ջհանգիրյանների գործը գտնվում է ՄԻԵԴ-ում, եւ մեծ են հաղթելու շանսերը:
Ա. ԳԱԼՈՅԱՆ
ԵՎՍ ՄԵԿ ՔՐԳՈՐԾ
ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ուսումնասիրվել են «Հետք» էլեկտրոնային թերթում 2018թ. օգոստոսի 24-ին հրապարակված «Սուրիկ Խաչատրյանն իր առանձնատունը 8 տարի կառուցել է առանց շինթույլտվության» վերտառությամբ հրապարակման մեջ նշված հանգամանքները: Այդ նպատակով Երեւանի քաղաքապետարանից եւ ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեից պահանջել էին անհրաժեշտ փաստաթղթեր եւ համապատասխան տեղեկատվություն: Իրականացված ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ Երեւանի քաղաքապետարանի պաշտոնատար անձինք չեն կատարել «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքով սահմանված ծառայողական պարտականությունները՝ չեն նախազգուշացրել կառուցապատողին նշված առանձնատան շինարարության թույլտվությամբ սահմանված ժամկետը երկարաձգելու եւ այդ ժամկետում կառուցապատումն ավարտելու կամ քաղաքաշինական գործունեության օբյեկտն օտարելու վերաբերյալ: Դրա հետեւանքով բացառվել է 357 մլն դրամ նախահաշվային արժեք ունեցող շինության կառուցապատողին օրենքով սահմանված կարգով դրա մեկ տոկոսի, այն է՝ 3.570.870 դրամի չափով վարչական պատասխանատվության ենթարկելու հնարավորությունը՝ համայնքին պատճառելով նույնքան դրամի նյութական վնաս: Հիշյալ դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ:
ԿԺԱՄԱՆԻ
ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը կժամանի Հայաստան: ԱՄՆ նախագահի խորհրդականը` Վաշինգտոնի ամենաազդեցիկ մարդկանցից մեկը, երկու շաբաթից կայցելի ՌԴ, Հայաստան, Ադրբեջան եւ Վրաստան: Հայաստանի համար սա բացառիկ հնարավորություն է ՀՀ-ԱՄՆ օրակարգը վերաիմաստավորելու համար: Ի տարբերություն Հայաստանի` Ադրբեջանն ու Վրաստանը առավել խոր համագործակցություն ունեն ԱՄՆ-ի հետ: Հայկական կողմը կարող է լրջագույն հարցեր լուծել Բոլտոնի միջոցով: