«Ժողովուրդ» օրաթերթը Հայաստանի ներքին քաղաքական կյանքի, վերջին ուշագրավ իրադարձությունների շուրջ զրուցել է երաժիշտ, երգահան Արտավազդ Բայաթյանի հետ: Նա տեսակետ է հայտնել, որ խորհրդարանական ուժերին կհաջողվի կոնսեսուսի գալ եւ բացի Նիկոլ Փաշինյանից առաջիկա խորհրդարանական ընտրություններին վարչապետի այլ թեկնածու չառաջադրել: Պարոն Բայաթյանն անդրադարձել է նաեւ հանրապետականների կողմից կուսակցությունը լքելու միտումին, «Ծառուկյան դաշինք» խմբակցության կողմից Փաշինյանին տված երաշխիքներին եւ այլն:
-Պարո՛ն Բայաթյան, երեկ ԱԺ ՀՀԿ պատգամավոր Գեւորգ Կոստանյանը հայտարարեց, որ սատարում է Նիկոլ Փաշինյանին, եւ որ ամեն ողջամիտ մարդ պետք է այդպես վարվի: Առհասարակ, նկատվում է հանրապետականների կողմից կուսակցությունը լքելու միտում: Ի՞նչ եք կարծում, արդյոք սա փախո՞ւստ է խորտակվող նավից:
-Չէ, չէի ասի, թե դա փախուստ է, թեպետ կարող է նաեւ այդպիսի մի բան լինել. դա էլ է բնական: Բայց գիտակցության փոփոխություն էլ կա, մոտեցումների վերարժեւորում: Վերջիվերջո, այդ մարդիկ ռոբոտ չեն, տեսնում են՝ ինչ է կատարվում, եւ եթե ուզում են արդար եւ ճշմարիտ գործել, պետք է այդպես էլ վարվեն: ՀՀԿ-ն, ի վերջո, պետք է հեռանա եւ երկիրը չխառնի իրար: Այլապես անիմաստ է եւ անհեթեթ հանրապետականների պայքարը: Ոմանք արդեն հասկացան, որ իմաստ չունի մեր երկիրը վտանգել: ՀՀԿ-ն մի մեծ լրտեսական կազմակերպություն է, եւ ամեն իրեն հարգող մարդ պետք է դուրս գա այդտեղից: Եթե Կոստանյանը սատարում է Փաշինյանին, ուրեմն նրա մեջ արթնացել է արդարության զգացումը:
-Ի՞նչ եք կարծում, խորհրդարանական ուժերը համաձայնության կգա՞ն առաջիկա խորհրդարանական ընտրություններին թեկնածու չառաջադրելու հարցի շուրջ, թե՞, այնուամենայնիվ, Փաշինյանի հրաժարականից հետո կհայտնվեն այլ թեկնածուներ:
-Ներքին մի համոզում ունեմ, որ համաձայնության կգան, որովհետեւ այլ լուծում չկա: Այդ ուժերը չեն կարող անել մի բան, որն ակնհայտ հակաժողովրդավարական է:
-Նիկոլ Փաշինյանը եւ Գագիկ Ծառուկյանը հուշագիր են ստորագրել 2018թ. դեկտեմբերին ՀՀ-ում արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու վերաբերյալ: Հուշագրում նշված է, որ «Ծառուկյան դաշինք» խմբակցությունը պարտավորվում է Փաշինյանի հրաժարականի դեպքում ՀՀ վարչապետի թեկնածու չառաջադրել:
-Դե երեւի «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում փոփոխություններ կատարելու նախագծին կողմ քվեարկելուց հետո որոշել են արդարության կողմը բռնել, որովհետեւ ժողովուրդը հիմար չէ, երես էր թեքելու Ծառուկյանից, որքան էլ վերջինս համոզեր, թե ինքը շատ լավն է, բարեգործ է, այս է, այն է…Ժողովրդին կարող ես խաբել մեկ, երկու, երեք անգամ, բայց ոչ միշտ: Պատմական առաջին շրջադարձը չէ, որ այս կուսակցությունն իր դեմքը ցույց է տվել ոչ լավ կողմից: Հիմա Ծառուկյանը հասկացել է, որ ժողովուրդը չի կարող աջակցել մի ուժի, որն իրեն դեմ է: Այդ պատճառով էլ որոշել է հա՛մ նալին խփել, հա՛մ մեխին: Ի վերջո, արդարությունը, ճշմարտությունը մեկն է:
-Պարո՛ն Բայաթյան, որոշ ընդդիմադիրներ այն համոզման են, որ Փաշինյանը դիկտատոր է, որ «ասֆալտին փռելու» իր քաղաքականությամբ հեռուն չի գնա, ի՞նչ կասեք:
-Դիկտատուրայից ամենաշատը խոսում են այն մարդիկ, որոնք մշտապես օժանդակել են դիկտատորի: Ընդդիմադիրները ամեն կերպ փորձում են արդարացնել իրենց սխալները, այնինչ անհրաժեշտ է ուղղակի դարձի գալ: Եթե նրանց ձեռքը ճար լինի, առաջինը իրենք դիկտատորի կբերեն իշխանության գլուխ, այնպես որ, թող իզուր չխոսեն եւ վերջապես լսեն ժողովրդի ձայնը:
Զրուցեց ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԸ
ԶԱԶԻՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՍՊԱՍՈՒՄ ԵՆՔ ՈԳԵՎՈՐՈՒԹՅԱՄԲ
Ֆրանսիացի հայտնի երգչուհի Զազը կայցելի Հայաստան՝ Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի շրջանակում տեղի ունենալիք համերգին մասնակցելու նպատակով: Այս մասին հայտնել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ջոնաթան Լաքոթը՝ միեւնույն ժամանակ ընդգծելով, որ համերգի շրջանակում սպասվում են նաեւ ֆրանկոֆոն շատ այլ աստղերի ելույթներ:
Նշենք, որ Զազը, չնայած իր երիտասարդ տարիքին, հասցրել է ժողովրդականություն վայելել ոչ միայն Ֆրանսիայում, այլեւ ողջ աշխարհում: Հայաստանում նա ունի երկրպագուների մեծ բանակ: Նշենք, որ Զազը տարիներ առաջ համագործակցել է հայազգի աշխարհահռչակ շանսոնիե Շառլ Ազնավուրի հետ: Նրանց համատեղ դուետին երջանկահիշատակ աստղը «Զազնավուր» անունն էր տվել: Երկու սերնդի ներկայացուցիչների համագործակցությունը մեծ հաջողություն ունեցավ: Զազը նշել էր, որ հպարտ է զուգերգ կատարել Ազնավուրի հետ. «Նա ֆրանսիական շանսոնի մեծերից է, վերջին մոհիկաններից: Երբ հանդիպեցինք հեռուստատեսությունում, այնպիսի տպավորություն էր, կարծես պապիկիս հետ լինեի: Նա շատ ջերմ ու հոգատար էր»,-տարիներ առաջ ասել էր Զազը:
Ազնավուրն էլ իր հերթին էր հիացմունքը հայտնել՝ կատարելով ուշագրավ համեմատություն. «Նա մեծ ժողովրդականություն է վայելում, այդպիսին է ծնվել, այնպես, ինչպես Էդիթ Պիաֆը»,-նկատել էր շանսոնիեն: Հարցազրույցներից մեկի ժամանակ էլ նա 21-րդ դարի երիտասարդ խոստումնալից աստղերի թվում նշել էր Զազի անունը՝ շեշտելով, որ այս աստղին մեծ ապագա է սպասվում:
«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում երգչուհի Նարինե Դովլաթյանը ուրախություն հայտնեց Զազի սպասվելիք այցի կապակցությամբ. «Շատ հաճելի կլինի տեսնել նրան Հայաստանում: Կարծում եմ՝ ինքն էլ է ուզում օր առաջ այցելել Ազնավուրի հայրենիք, որի մասին շանսոնիեի հետ պետք է որ զրուցած լինի, թերեւս ինքն էլ է նույն ոգեւորությամբ սպասում իր համերգին, որքան մենք»,-կարծիք հայտնեց երգչուհին:
Նա հույս հայտնեց, որ համերգը հնարավորինս ինտերակտիվ կանցկացվի, որպեսզի հանդիսատեսը եւս ակտիվ մասնակցություն ունենա դրան: «Զազը միշտ գրավել է ինձ ոչ միայն իր ձայնով, տեմբրով, այլեւ անմիջականությամբ եւ անկեղծությամբ»,-ընդգծեց Նարինեն:
Հիշեցնենք, որ Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովը կայանալու է հոկտեմբերի 11-12-ին: Այնպես որ, Զազին լսելու հնարավորությունը մոտ է:
Ա. ԲԱԲԱՋԱՆՅԱՆ
ԿՈՆՏԵԻ ԹԵԿՆԱԾՈՒԹՅՈՒՆԸ
«Ռեալ»-ը գլխավոր մարզչի պաշտոնում Խուլեն Լոպետեգիի պաշտոնանկության դեպքում դիտարկում է «Չելսի»-ի նախկին գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեի թեկնածությունը: Մադրիդյան թիմում կարծում են, որ իտալացի մասնագետն այս պաշտոնում լավագույն թեկնածուն է այն մասնագետների թվում, ովքեր այժմ առանց ակումբ են մնացել: Պարբերականը նշում է, որ Լոպետեգին այս պահին մեծ ճնշման տակ է առանց հաղթանակների շարքից հետո: Իսպանիայի առաջնությունում «Ռեալ»-ը չի կարողանում հաղթել, արդեն երրորդ խաղում անընդմեջ եւ 8 տուրից հետո Պրիմերայի մրցաշարային աղյուսակի 4-րդ հորիզոնականն է զբաղեցնում` առաջատար «Սեւիլիա»-ին զիջելով 2 միավորով: Լոպետեգիի ճակատագիրը կարող է վճռվել արդեն հոկտեմբերի 28-ին, երբ իր թիմը կխաղա սկզբունքային մրցակցի` «Բարսելոնա»-ի հետ:
ԽՈՍԵԼ Է ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐԻՑ
ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն խոսել է ապագայում իր` «Ոսկե Գնդակ» ստանալու հեռանկարների մասին, ինչպես նաեւ գնահատել է իր խաղընկեր Նեյմարի ելույթները. «Ոսկե Գնդա՞կը, ինչո՞ւ ոչ: Ես ոչինչ չեմ բացառում: Կշարունակեմ աճ գրանցել, խաղալ: Եթե վաղ թե ուշ ես այն ստանամ, ապա այդպես պետք է լիներ: Եթե չստանամ, խնդիր չկա: Ինչ վերաբերում է Նեյմարին, նա հիանալի խաղացող է, բոլորը գիտեն դա: Նա հեշտ շրջան չի ունեցել եւ հիմա ցույց է տալիս, որ հաղթահարել է այն»,-ասել է Մբապեն:
Լիգա 1-ի ընթացիկ մրցաշրջանում Մբապեն 5 հանդիպման է մասնակցել եւ դարձել է 8 գոլի ու 3 գոլային փոխանցման հեղինակ:
ՌԵԿՈՐԴ Է ԹԱՐՄԱՑՐԵԼ
«Բարսելոնա»-ի կիսապաշտպան Արտուր Ռամոսն Իսպանիայի առաջնության 8-րդ տուրի` «Վալենսիա»-ի հետ խաղում պրիմերայի 6-ամյա ռեկորդ է թարմացրել: «Վալենսիա»-ի հետ խաղում բրազիլացին 142 փոխանցում է կատարել: Ընդ որում, դրանցից 135-ը` 95%, հասել են իրենց նպատակին: Վերջին ֆուտբոլիստը, որը կարողացել է 142 փոխանցում կատարել Պրիմերայի մեկ խաղում, եղել է «Բարսելոնա»-ի կիսապաշտպան Չավին, որը նման ցուցանիշի է հասել «Լեւանտե»-ի հետ 2012թ. կայացած խաղում:
Ավելի վաղ ԶԼՄ-ներն ու երկրպագուները Արտուրին բազմիցս համեմատել են Չավիի հետ: Անձամբ բրազիլացին հայտարարել է, որ իր համար հաճելի է նման մեկնաբանություններ լսելը եւ որ ինքը միշտ հիացել է իսպանացու խաղով: