ՏԵՍԱՆՅՈՒԹ. Որ դեպքում վարորդը կզրկվի վարորդական իրավունքից. կգործի բալային համակարգ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ոստիկանությունը նախատեսում է վարորդական իրավունքի վկայականի համար կիրառել բալային զսպող համակարգ: Այս թեմայի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է «Վարորդի ընկեր» հասարակական կազմակերպության համահիմնադիր Սերգեյ Ղահրամանյանի հետ:

-Պարո՛ն Ղահրամանյան, ի՞նչ է իրենից ներկայացնում բալային համակարգը եւ դրա ներդրման արդյունքում ի՞նչ դրական փոփոխություններ են սպասվում:

-Վերջին տարիներին ՃՏՊ-ների դեպքերի աճն է, որոնք, այսպես ասած, հիմք են հանդիսացել այս նախաձեռնության, որովհետեւ դրանց հետեւանքով զոհերի եւ վիրավորների թիվը ճանապարհներին գնալով շատանում է: Այս տարեսկզբից մինչեւ սեպտեմբերն ընկած ժամանակահատվածում արդեն 245 զոհ ենք ունեցել ճանապարհատրանսպորտային պատահարների արդյունքում, այն դեպքում, երբ 2016 թվականին ընդհանուր առմամբ զոհերի թիվը կազմում էր 26, իսկ 2017-ին` 279:

Այս տարվա վերջին դեռ 2 ամիս կա, բայց թվերն արդեն իսկ խոսում են, ինչը ցավալի է: Այս բալային համակարգով զգալի կթեթեւանա ֆինանսական բեռը, քանի որ տուգանքներ կան, որոնք մի քանի տասնյակ անգամներ նվազում են. ընդհուպ մինչեւ 300 հազար դրամի տուգանքները կիջեցվեն մինչեւ 29 հազար դրամ: Բայց դրանից պատասխանատվությունը չի նվազում, փոխարենը կկիրառվի բալային համակարգը:

Վարորդներին վարորդական վկայական ձեռք բերելուց հետո կտրամադրվի 9 միավոր եւ 12 ամսվա համար: Մոտավոր թվեր եմ ասում, բայց 0-5 խախտում իրականացնում են վարորդների 74 տոկոսը, իսկ 26 տոկոսը` 5-ից ավելի բարձր, այդ թվում` 0.6 տոկոսի մեջ մտնում են 50 անգամ եւ ավելի խախտում իրականացնողերը, որոնք տարվա ընթացքում 300-500 խախտում են իրականացնում: Հիմնականում շեշտը դրվել է վտանգավորության աստիճան ունեցող խախտումների վրա` ոչ սթափ, բարձր արագություն, հանդիպակաց, կարմիր լույս, նաեւ հետիոտնային անցման վրա կայանելու դեպքում: Ընդ որում` մոտ 100 տեսակի տուգանքներից միայն 16-ի վրա է ազդելու բալային համակարգը:

-Արդյոք այս համակարգը կզսպի վարորդներին`հաշվի առնելով, որ տեսանկարահանող եւ արագաչափ սարքերը եւս տեղադրվեցին այդ նպատակով…

-Իդեալական չէ եւ ամենամիակը չէ այդ խնդիրները լուծելու համար: Այստեղ ունենք մշակույթի, վարորդական վկայականների հեշտ տրման խնդիր: Սա միակ միջոցը չէ, բայց ինչ-որ տեղ զսպելու մեխանիզմ է լինելու: Ֆրանսիայում բալային համակարգի ներդրվելուց հետո մեկ տարվա ընթացքում մահացությունների 60 տոկոսը կրճատվել է: Մեր երկրում նախորդ տարի մահացություններից 88-ը եղել է բարձր արագությունների հետեւանքով, այս տարի` 137-ը: Օրինակ, Գերմանիայում հոգեբանի մեխանիզմ է գործում, օրենսդրական կարգավորումների միջոցով միգուցե մի օր հասնենք` մեզ մոտ դա եւս աշխատի:

Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում:

Սյունէ Համբարձումյան, Հովսեփ Հովսեփյան




Լրահոս