
Հոկտեմբերի 27-ին տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության սահմանապահ ծառայությունների ներկայացուցիչների հանդիպում, որի ընթացքում քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր, սահմանի պահպանությանը վերաբերող ընթացիկ խնդիրներ: Այս մասին տեղեկացնում են ԱԱԾ մամուլի կենտրոնից:
Արձանագրվել է, որ Արաքս գետի ջրի մակարդակի իջնելով պայմանավորված՝ 5 գոմեշ ծանծաղուտով իրանական կողմից անցել է հայկական կողմ. դրանց հայտնաբերել են ՀՀ ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի զինծառայողները և սահմանված կարգով վերադարձրել: Հանդիպման ընթացքում ԻԻՀ սահմանապահ ծառայության ներկայացուցիչները գոհունակություն են հայտնել երկու երկրների սահմանապահ ծառայությունների համագործակցության բարձր մակարդակի և առաջացող խնդիրների արագ ու արդյունավետ լուծման կապակցությամբ: