ՀՀԿ-Ի ԱՆՎԵՐԱՊԱՀ ԿԱՊԻՏՈՒԼՅԱՑԻԱՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Չընդունելով դեկտեմբերին ընտրություններ անցկացնելու հիմնավորումները՝ մեր խմբակցությունը չուներ եւ չունի մտադրություն առաջադրելու վարչապետի թեկնածու: Մենք հոգեհարազատ ենք մնում մեր որդեգրած քաղաքականությանը եւ չենք խոչընդոտում ՀՀ Կառավարության աշխատանքներին: Արտահերթ խորհրդարանական ընտրությունների հետ կապված բազմիցս արտահայտել ենք մեր այն դիրքորոշումը, որ դեմ չենք արտահերթ խորհրդարանական ընտրություններին, որի պատասխանատվությունն ամբողջությամբ ՀՀ կառավարությանն է»,- երեկ նման հայտարարություն է տարածել ՀՀԿ-ն:
Այսպիսով, երբեմնի իշխող կուսակցությունը վերջնականապես ընդունում է իր պարտությունը` համաձայնելով նաեւ օրենսդիր իշխանությունից հեռանալուն: Սա, իհարկե, սպասելի էր հատկապես հոկտեմբերի 2-ին տեղի ունեցածից հետո, երբ քաղաքացիները վարչապետ Նիկոլ Փաշինյանի մեկ կոչով շրջափակեցին ԱԺ-ն` պահանջելով արտահերթ ընտրությունների անցկացում: Միաժամանակ, արդեն երկու օր է` ՀՀԿ խմբակցության պատգամավորները հերթով հայտարարում են դեկտեմբերին ԱԺ արտահերթ ընտրություններ անցկացնելու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությանը սատարելու մասին` ստորագրելով համապատասխան տեքստի տակ: Եւ այս իրավիճակում ՀՀԿ-ին այլ բան չէր մնում, քան արժանապատվորեն ընդունել սեփական պարտությունը եւ համաձայնել ԱԺ արտահերթ ընտրությունների անցկացմանը:
«Ժողովուրդ» օրաթերթը նախորդ համարներից մեկում տեղեկացրել էր, որ ՀՀԿ-ականները որոշել, նույնիսկ «հայհոյանք են դրել», որ ոչ մի դեպքում չեն գնա ԱԺ արտահերթ ընտրությունների: Սակայն նրանք մտափոխվել են այն բանից հետո, երբ ՀՀԿ ղեկավարությունը պարզապես խաբել է: Մեր տեղեկություններով` հոկտեմբերի 2-ին` աղմկահարույց օրինագծի ընդունման օրը, պարզվում է` ՀՀԿ խմբակցության պատգամավորներից շատերին փորձել են խաբեությամբ բերել խորհրդարան: Ասվել է, որ երեկոյան հանդիպում է լինելու ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի մոտ, որ բոլորը պետք է մասնակցեն, կարեւոր հարց կա քննարկելու: Սկզբում ասվել է, որ հանդիպելու են ուրիշ վայրում, հետո կանչել են ԱԺ: Այստեղ էլ տեղեկացել են, որ պետք է կողմ քվեարկեն աղմկահարույց օրինագծին: Եւ ՀՀԿ-ականներից շատերը վիրավորվել էին, որ գործընկերներն իրենց խաբել են, ու շատերը հենց այդ պատճառով են որոշել լքել խմբակցությունը:

 

 

 

Այս օրերին Հայաստանում է գտնվում ՌԴ Դաշնային ժողովի Պետական դումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման եւ հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը: Պարզվում է` Հայաստան նրա այցը կապված է ներքաղաքական վերջին իրադարձությունների հետ: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Զատուլինը տեղեկացրեց, որ հանդիպել է ԱԺ նախագահ Արա Բաբլոյանին, ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին, քաղաքական տարբեր ուժերի ներկայացուցիչների: Սակայն նրան չի հաջողվել հանդիպել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին: «Փորձ եմ արել հանդիպել Նիկոլ Փաշինյանի խորհրդականների կամ որեւէ այլ անձի հետ, բայց կարճ այցի ընթացքում` կիրակի օրով, դա չստացվեց: Բայց այդպիսի ցանկություն իսկապես կար: Փորձել եմ հավաքել շատ կարծիքներ եւ հասկանալ, թե հետագայում ինչ կարող է լինել»,- ասել է Զատուլինը: Նա նշել է, թե իրենց հետաքրքրում է հայաստանյան ներքաղաքական զարգացումները, ավելին` իրենք որոշակի անհանգստություն ունեն: «Ի՞նչ զարմանալի բան կա, որ մենք անհանգստացած ենք ՀՀ-ում տիրող իրավիճակով»,- ասել է նա:

 

 

 

ՀՀ ընտրական օրենսգրքի նախագիծն արդեն ուղարկվել է Վենետիկի հանձնաժողովին եւ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ին: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ կառավարությունը նախագծերն ուղարկելիս նաեւ խնդրել է` որքան հնարավոր է արագ ներկայացնել մասնագիտական կարծիքը փաստաթուղթն ամբողջացնելու եւ ԸՕ-ն արագ ԱԺ քննարկմանն ու հաստատմանը ներկայացնելու համար: Մասնավորապես նախատեսվում է ԸՕ նախագիծը ներառել հոկտեմբերի 23-ից մեկնարկող հերթական նիստերի օրակարգում, որպեսզի դեկտեմբերին նախատեսված ԱԺ արտահերթ ընտրություններն անցկացվեն նոր օրենսգրքով, հարյուր տոկոս համամասնական ընտրակարգով: Իսկ եթե այնուամենայնիվ ինչ-ինչ պատճառներով ԸՕ-ն չհաջողվի ընդունել մինչեւ դեկտեմբեր, ապա իշխանությունները պատրաստ են նաեւ այդ տարբերակին: Ամեն դեպքում, փորձը ցույց է տվել, որ կարեւոր է ոչ այնքան օրենսդրության որակը, որքան քաղաքական կամքը: Եւ եթե իշխանություններն ունեն լավ ընտրություններ անցկացնելու համար բավարար կամք, ապա այդպես կլինի, ինչպես եղավ Երեւանի ավագանու արտահերթ ընտրությունների ժամանակ:

 

 

 

«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ «Վալլեքս» խմբի մեջ մտնող «Էյ-Սի-Փի» ընկերությանը պատկանող Ալավերդու պղնձաձուլական գործարանն առաջիկայում կդադարեցնի իր գործունեությունը: Արդեն գործարանի աշխատակիցները ստացել են համապատասխան զգուշացման թերթիկներ: Ավելին, այս ընթացքում մի շարք աշխատողներ իրենք են ազատման դիմումներ ներկայացնում: Մեր աղբյուրների պնդմամբ` Ալավերդու պղնձաձուլական գործարանի ակտիվները գործարանի հետ միասին գրավադրված են ՎՏԲ բանկում: Եւ ինչպես տեղեկացավ «Ժողովուրդ» օրաթերթը, ռուսաստանյան ՎՏԲ բանկը առաջիկայում կտնօրինի Ալավերդու պղնձաձուլական գործարանը: Ավելի վաղ իր գործունեությունը դադարեցրել էր «Թեղուտի» հանքավայրը, որը եւս մտնում էր «Վալլեքս» խմբի մեջ: ՈՒ պետք է նկատենք, որ այդ ընկերությունների գործունեության դադարեցումը կարող է ժամանակավորապես, բայց եւ ծանր նստել ՀՀ տնտեսության վրա: Ի վերջո, ՀՀԿ իշխանության օրոք ստացվել է այնպես, որ երկրի տնտեսությունը հիմնվել է հենց հանքարդյունաբերության վրա, որտեղ թեթեւ վայրիվերումները լուրջ ազդեցություն են ունեցել: Այնպես որ, այս առումով չի բացառվում նաեւ բյուջեի մուտքերի որոշակի նվազում:

 

 

 

ՎՍՏԱՀՈՒԹՅԱՆ ԳՐԱՎԱԿԱՆ
Մինչ ՀՀԿ-ականները գուժում են արտաքին քաղաքականության ոլորտում Նիկոլ Փաշինյանի կառավարության «ձախողումների», միջազգային հանրության կողմից այնքան էլ լավ վերաբերմունքի չարժանանալու մասին, վերջին օրերի իրադարձությունների ընթացքը հակառակի մասին է վկայում:
Մասնավորապես, ԱՄՆ-ն ավելացրել է ՀՀ-ին ուղղվող ֆինանսական աջակցության ծավալները: Երեկ այդ մասին հայտարարել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը` մանրամասնելով, որ Նահանգները քաղաքական անցման հետ կապված հայաստանյան նախաձեռնություններին աջակցելու նպատակով ՀՀ-ին տրամադրել է 14 միլիոն ԱՄՆ դոլարի հավելյալ արտաքին աջակցության միջոցներ: Առաջիկա տարվա ընթացքում Միացյալ Նահանգները մտադիր է տրամադրել ավելի քան 26 միլիոն ԱՄՆ դոլար: Ըստ նրա` սա 20 միլիոն դոլարով ավել է հայտով Հայաստանի համար սկզբնապես պահանջված ֆինանսավորումից: Այդ գումարները, ըստ Միլսի, կօժանդակեն քաղաքական գործընթացների հետ կապված գերակա ծրագրերին, գործարար եւ առեւտրային հնարավորությունների ընդլայնմանը, քաղաքացիական հասարակությանը եւ անկախ ԶԼՄ-ներին: Ակնհայտ է, որ ԱՄՆ-ի տրամադրած ֆինանսական աջակցությունը վերջին ամիսների ներքաղաքական իրադարձությունների հետեւանք է. դեսպան Միլսը եւս նշել է` «քաղաքական անցման հետ կապված»: Եւ ամենեւին սխալված չենք լինի, եթե ասենք` չլիներ թավշյա հեղափոխությունը, ապա հազիվ թե ԱՄՆ-ն նման միջոցներ տրամադրեր: Դեռ ավելին, եթե հիշում եք, Սերժ Սարգսյանի ՀՀԿ-ական իշխանության օրոք ԱՄՆ-ն կտրուկ նվազեցրել էր Հայաստանին տրամադրվելիք ֆինանսական օգնության ծավալները: նախորդ տարվա մայիսին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը ներկայացրել էր 2018 թվականի ֆինանսական տարվա համար առաջարկությունները, որոնք նախատեսում են էականորեն նվազեցնել ՀՀ-ին տրվող ֆինանսական աջակցությունը: Հայաստանին առաջարկվում էր ընդամենը 6.8 մլն դոլար տրամադրել, մինչդեռ 2017-ին տրամադրված օգնությունը կազմել էր 20.4 մլն դոլար։ Ասել է թե` օգնության ծավալներն առաջարկվել էր նվազեցնել 67%-ով: Այս տարվա մարտին էլ ԱՄՆ կառավարությունը հրապարակել է 2019 թվականին արտաքին ֆինանսական աջակցության համար նախատեսվող բյուջեն, ըստ որի` Հայաստանին նախատեսվում է տրամադրել 6 մլն դոլար` շատ ավելի քիչ, քան այս տարի: Մինչդեռ հիմա, ընդհակառակը, ստացվում է` ԱՄՆ-ն վերանայել է ՀՀ-ին տրամադրվելիք հատկացումները եւ էապես ավելացրել այն:
Սա, թերեւս, լավագույն ապացույցն է այն բանի, որ ՀՀ նոր կառավարությունը վայելում է միջազգային հանրության վստահությունը: Այլապես, հազիվ թե ԱՄՆ-ն նման շռայլություն իրեն թույլ տար, այն էլ` մի իրավիճակում, երբ կրճատում է ուրիշ երկրներին տրվող ֆինանսական աջակցությունը:




Լրահոս