Երեկ ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանն ընդունել է ՌԴ Դաշնային ժողովի Պետական դումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման եւ հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինին: Պաշտոնական հաղորդագրության համաձայն` կողմերը քննարկել են համագործակցության մի շարք հարցեր: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Զատուլինը հանդիպել է նաեւ այլ անձանց հետ:
Այս հարցերի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է Կոնստանտին Զատուլինի հետ:
-Պարո՛ն Զատուլին, դուք հանդիպել եք ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանին, ի՞նչ հարցեր եք քննարկել:
-Հանդիպման ընթացքում քննարկվել է երկու երկրների պետական, գիտական, մշակութային եւ հանրային ոլորտներում ոչ ֆորմալ, առավել անմիջական բնույթի հաղորդակցության նոր հարթակ ստեղծելուն վերաբերող հարցեր: Ընդ որում, այն կոչվելու է «Լազարյան ակումբ»: Նախատեսվում է այն դարձնել Հայաստանի եւ Ռուսաստանի քաղաքացիական հասարակությունների միջեւ նոր ու յուրօրինակ հարթակ, որը կնպաստի տարբեր հարթություններում հայ-ռուսական հասարակական երկխոսությանը, երկու բարեկամ ժողովուրդների միջեւ մշակութային, աշխատանքային, տնտեսական եւ գիտական կապերի ընդլայնմանն ու ամրապնդմանը:Մոտ ժամանակներս այդպիսի ակումբ կստեղծվի, քննարկել ենք այդ միտքը:
-Իսկ Հայաստանի ներքաղաքական հարցերին վերաբերող հարցեր չե՞ք քննարկել ԱԺ նախագահի հետ:
-Իհարկե քննարկել ենք: Դա պարզ է, նաեւ անդրադարձ է եղել հայ-ռուսական հարաբերություններին, խորհրդարանական համագործակցությանը եւ այլն: Այդ ամենը եւս եղել են քննարկման առարկա: Իմ կարծիքով` Հայաստանում ներքաղաքական զարգացումները բավականին արագ են կատարվում: Ինձ հայտնի է, թե ինչ եղավ նախորդ շաբաթ, երբ ԱԺ կանոնակարգ-օրենքում փոփոխությունը շատ կտրուկ ընդունվեց գործող վարչապետի եւ նրա թիմի կողմից: Եվ եղավ արտահերթ ընտրությունները դեկտեմբերին անցկացնելու հայտարարություն: Մեզ անհանգստացնում է, թե ինչ է կատարվում Հայաստանում, եւ առաջին հերթին այն հանգամանքը, որ Հայաստանի ներքաղաքական զարգացումները կատարվում են պատգամավորների հանդեպ ճնշումների եւ բռնությունների փորձերի միջոցով: Դա իսկապես մեզ անհանգստացնում է եւ նաեւ ամբողջ աշխարհին: Այս իրավիճակում ես շտապեցի Հայաստան, որպեսզի հասկանամ եւ ճշտեմ` ինչ կարող է լինել: Մենք այդ ամենին շատ ուշադիր հետեւում ենք: Մոտ ժամանակներս` ուրբաթ օրը, Արա Բաբլոյանը կհանդիպի իր ռուս գործընկերոջ հետ, եւ հույս ունեմ, որ նման հանդիպումները շարունակական կլինեն:
-Իսկ Դուք հանդիպել եք միայն Արա Բաբլոյանի՞ն:
-Ես շատ մարդկանց հետ եմ հանդիպել, չնայած իմ այցը եղել է շատ կարճատեւ, բայց ես հասցրել եմ հանդիպել այն մարդկանց հետ, ում կարողացել եմ: Հանդիպումներ եղել են տարբեր քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ, այդ թվում` ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի, շփվել եմ նրա հետ, փորձ եմ արել հանդիպել Նիկոլ Փաշինյանի խորհրդականների կամ որեւէ այլ անձի հետ, բայց կարճ այցի ընթացքում` կիրակի օրով, դա չստացվեց: Բայց այդպիսի ցանկություն իսկապես կար: Փորձել եմ հավաքել շատ կարծիքներ եւ հասկանալ, թե հետագայում ինչ կարող է լինել:
-Այս օրերին մեծ թվով պատգամավորներ արտահայտվում են արտահերթ ընտրություններին կողմ: Ստացվում է` կոնսենսուս, ամեն դեպքում, առկա է, ինչո՞ւ է անհանգստություն առկա:
-Հիմա ամեն ինչ ՀՀ նախագահի ձեռքերում է, եւ նա կարող է դիմել Սահմանադրական դատարան կամ ստորագրել: Սա արդեն Հայաստանի շատ ներքին գործերն են: Բայց ես գիտեմ, որ փոփոխությունները ճնշումներից պաշտպանվելու համար էին, իսկ որ դրանք առկա են պատգամավորների հանդեպ, կասկածներ չկան: Հենց հոկտեմբերի 2-ին տեղի ունեցած դեպքերը, ԱԺ շենք ներխուժումը մեզ անհանգստացնում է: Այս ամենը կապ չունի հայ-ռուսական հարաբերությունների հետ: Անընդունելի է ֆիզիկական եւ բարոյական ճնշումներ գործադրել պատգամավորների հանդեպ եւ մանիպուլյացիայի ենթարկել օրենքը, որպեսզի խորհրդարանը բերեն ինքնալուծարման: Մենք մեծ անհանգստությամբ ենք այս ամենին հետեւում, որ ներկայիս իշխանությունները այդպիսի քայլերի են դիմում: Այնպես չէ, որ մենք խառնվել ենք Փաշինյանի նշանակմանը, մենք նրան հաջողություններ ենք մաղթում: Ի՞նչ զարմանալի բան կա, որ մենք անհանգստացած ենք ՀՀ-ում տիրող իրավիճակով:
-ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշում է, թե ՀՀ քաղաքացիներն են ցանկանում արտահերթ ընտրություններ, եւ խորհրդարանն այլեւս չի ներկայացնում նրանց:
-Եթե նույնիսկ նրանք ցանկանում են ընտրություններ, ապա այդ հարցերը պետք է կարգավորել օրենքի շրջանակներում, այլ ոչ թե պատգամավորների հանդեպ ճնշումներով կամ բռնություններով: Ներեցեք, ես ինքս պատգամավոր եմ, եւ ինձ դուր չի գալիս այդպիսի պահվածքը:
Զրուցեց ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ
ՍԿԶԲՈՒՆՔԱՅԻՆ ԱՆՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ԵՐԲԵՔ ՉԻ ԵՂԵԼ
Ինչպես հայտնի է, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի միջեւ նախօրեին ստորագրվեց հուշագիր ԱԺ արտահերթ ընտրություններն այս տարվա դեկտեմբերին անցկացնելու մասին: Հատկանշական է, սակայն, փաստը, որ մինչեւ հուշագրի ստորագրումը ԲՀԿ-ականները պնդում էին, թե դեմ են արտահերթ ընտրությունները դեկտեմբերին անցկացնելուն, եւ որ պետք է այդ ամենը կազմակերպվի հաջորդ տարվա մայիսին: ԱԺ պատգամավոր, ԲՀԿ մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը, խոսելով արտահերթ խորհրդարանական ընտրությունները դեկտեմբերին անցկացնելու մասին, հայտարարեց, որ սա այն դեպքը չէ, երբ պետք է առաջնորդվել առանձին մարդկանց ցանկություններով ու անձնական ամբիցիաներով կամ առանձին ուժերի քաղաքական նպատակահարմարությամբ: Ավելին, «Ծառուկյան» դաշինքի պատգամավորները աղմկահարույց օրինագծի օգտին կողմ քվեարկեցին:
«Ժողովուրդ» օրաթերթը ԲՀԿ-ի դիրքորոշման վերաբերյալ երեկ զրուցել է Ծառուկյանի խոսնակ Իվետա Տոնոյանի հետ:
-Տիկի՛ն Տոնոյան, վարչապետ Փաշինյանի եւ ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի միջեւ հուշագիր ստորագրվեց: Այսինքն, ըստ էության, ԲՀԿ-ն կողմ է արտահերթ խորհրդարանական ընտրությունները դեկտեմբերին անցկացնելու վարչապետի դիրքորոշման հետ: Բայց օրեր առաջ դուք լրիվ այլ հայտարարություններով հանդես եկաք: Ինչպե՞ս կմեկնաբանեք այս հակասությունը:
-Էստեղ որեւէ հակասություն չկա կամ որեւէ բան ինքնանպատակ չի արվել: Քաղաքականության մեջ չկան հավերժ վետոներ կամ ընթացիկ գործընթացներ: Տեղի է ունեցել քննարկում, պայմանավորվածություն Գագիկ Ծառուկյանի եւ Նիկոլ Փաշինյանի միջեւ, ձեռք է բերվել փոխըմբռնում եւ ստորագրվել է հուշագիր: Հիմա փորձում են ինչ-որ հակասություններ գտնել նախկինում արված հայտարարությունների հետ կապված: Պետք է նշեմ, որ խոսքը ընդամենը եղել է այն մասին, որ կառավարության ծրագրում ամրագրված է եղել ընտրությունները մինչեւ մեկ տարի ժամկետում անցկացնելու հանգամանքը, եւ դրանով պայմանավորված` նաեւ ընտրական օրենսգրքի բարեփոխումները եւ շատ այլ հարցեր: Ինչ վերաբերում է սկզբունքային անհամաձայնությանը, նախօրեին պարոն Ծառուկյանն էլ հիշեցրեց, որ դեռեւս հեղափոխությանը հաջորդող օրերին ինքը վարչապետին առաջարկել է` եթե կա դրա անհրաժեշտությունը, կարող են ընտրություններն իրականացնել նույնիսկ 2018-ի հունիս ամսին: Այսինքն` սկզբունքային անհամաձայնություն երբեք չի եղել: Եթե կա ժողովրդի սկզբունքային մոտեցումը ընտրությունները դեկտեմբերին անցկացնելու հետ կապված, այս դեպքում կարծում եմ` բնական է, որ պարոն Ծառուկյանը ընդառաջ է գնում ժողովրդի ցանկությանը եւ կանգնում ժողովրդի կողքին:
-Այսինքն` ըստ Ձեզ` հիմա ամեն բան պատրա՞ստ է դեկտեմբերին ընտրություններ անցկացնելու համար:
-Ընտրությունների անցկացումը կոնկրետ գործընթաց է, որը պետք է նախապատրաստվի: Էստեղ կարեւորը այն փաստն է, որ ԲՀԿ-ն այս պահին կողմ է, որ ընտրությունները դեկտեմբերին լինեն: Մնացածն արդեն ընթացիկ աշխատանքներ են` ծրագրի կազմում եւ այլն: ԲՀԿ-ի քաղաքական եւ կազմակերպչական թիմերը արդեն իսկ զբաղվում են այդ հարցերով:
Զրուցեց ԼՈՒՍԻՆԵ ՄԻՆԱՍՅԱՆԸ
ԱՌԱՆՑ ՃՆՇՈՒՄՆԵՐԻ
Ինչպես հայտնի է, Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության մի շարք պատգամավորներ հայտարարություն տարածեցին` իրենց համաձայնությունը հայտնելով դեկտեմբերին ԱԺ արտահերթ ընտրություններ անցկացնելուն: Սակայն ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը նշել է, թե այդ հայտարարությունն իրենց խմբակցության պատգամավորները ստորագրել են ճնշման ներքո: «Պարզապես ինձ համար անհասկանալի է, երբ պատգամավորները ազնվորեն չեն կանգնում ու չեն ասում, որ, այո, Նիկոլ Փաշինյանն ամիսներ շարունակ ճնշում է գործադրում պատգամավորների վրա, միջամտում է ԱԺ աշխատանքներին, որի վառ վկայությունը իր կողմնակիցներով Ազգային ժողովի պաշարումն է»: Գործընկերների նկատմամբ ճնշումների մասին հայտարարել էր նաեւ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը: «Ժողովուրդ» օրաթերթը Հայաստանի Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցից փորձեց պարզաբանում ստանալ` արդյոք Վարչապետը ճնշո՞ւմ է գործադրել, եւ սա մարդու իրավունքների խախտո՞ւմ է: «Երբ մենք պարոն Շարմազանովին ասում էինք, որ քաղաքացիների նկատմամբ ճնշում է գործադրվում, նա ասում էր` ով նման բան է հայտարարում, թող փաստեր ներկայացնի եւ դրա մասին հաղորդում տա: Հիմա ես հորդորում եմ Շարմազանովին` հաղորդում ներկայացնի պատգամավորների նկատմամբ ճնշման փաստով»,-մեզ հետ զրույցում ասաց նա:
«Ժողովուրդ» օրաթերթը ԱԺ արտահերթ ընտրություններ անցկացնելու մասին հայտարարությունը ստորագրած ՀՀԿ-ական պատգամավորներից Կնյազ Հասանովից ճշտեց` արդյոք վերջինիս նկատմամբ գործադրվել են ճնշումներ: «Ի՞նչ ճնշում: Ինձ վրա որեւէ ճնշում չի եղել:Դրա մասին խոսք լինել չի կարող: Ամեն մարդ իր սեփական խելքն ունի»,- մեզ հետ զրույցում ասաց նա: Շիրակ Թորոսյանն էլ իր հերթին նշեց. «Ես նմա՞ն եմ ճնշվողի»:
ՏԱՔՍԻՆԵՐՆ` ԱՌԱՆՑ ՈՒՂԵՎՈՐԻ
Պաշտոնական վիճակագրության տվյալներով` այս տարվա 8 ամիսներին Հայաստանում ուղեւորափոխադրումների ծավալների զգալի անկում է արձանագրվել: Ինչպես հայտնի է, ուղեւորափոխադրումներն անմիջականորեն արտացոլում են հանրապետության ժողովրդագրական վիճակը: Ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի` 2018թ. հունվար-օգոստոսին Հայաստանում ուղեւորափոխադրումների ծավալը 7.7 տոկոսով նվազել է: Իսկ ահա ինքնաթիռով ուղեւորափոխադրումների ծավալը այս տարվա ութ ամիսներին, անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, 12.4 տոկոսով աճել է: Երկաթուղով ուղեւորափոխադրումները եւս աճել են 5.3 տոկոսով: Փոխարենը ավտոմոբիլային ուղեւորափոխադրումներն են ռեկորդային նվազել` 10.3 տոկոսով: Ի դեպ, ավտոմոբիլային տրանսպորտի մեջ են մտնում նաեւ տաքսիները, որոնց ուղեւորափոխադրումների ընդհանուր ծավալը նվազել է 8.8 տոկոսով: