Նոր Ընտրական օրենսգիրքը հոկտեմբերի 5-ից հրապարակված է Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում: Առաջիկայում նախագիծը պետք է ներկայացվի Ազգային ժողովի քննարկմանը: Սակայն հետաքրքիրն այն է, որ մինչ խորհրդարանում քննարկումների մեկնարկը փաթեթն արդեն իսկ ուղարկվել է Վենետիկի հանձնաժողով: Չնայած դրան` արտահերթ խորհրդարանական ընտրություններն ամեն դեպքում կանցկացվեն դեկտեմբերին, այնինչ ընդունված նորմ է, որ նման պարագայում ընտրությունները պետք է անցկացվեն նվազագույնը վեց ամիս անց: Սա արվում է, որպեսզի քաղաքական ուժերը հասցնեն հարմարվել փոփոխություններին: Սա նաեւ անհրաժեշտ է հենց այս իրավիճակում, երբ Ընտրական օրենսգրքում լրջագույն փոփոխություններ են կատարվել:
Ընդ որում, իշխանության ներկայացուցիչները Վենետիկի հանձնաժողովին եւ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ին խնդրել են, որպեսզի որքան հնարավոր է արագ ուղարկեն իրենց փորձագիտական կարծիքը նախագիծն ամբողջացնելու եւ ԸՕ-ն մինչեւ այս ամիս ընդունելու նպատակով: Մասնավորապես նախատեսվում է այն ներառել հոկտեմբերի 23-ից մեկնարկող հերթական նիստերի օրակարգում, եւ փորձագիտական պատասխանն էլ պետք է մինչ այդ լինի: Եվ եթե ընդունվի, ապա դեկտեմբերին կայանալիք ընտրությունները կլինեն նոր օրենսգրքով, եթե ոչ, ապա` ոչ:
Իսկ ի՞նչ էական փոփոխություններ են կատարվելու նոր Ընտրական օրենսգրքում: Նախ նոր փոփոխություններով նախատեսվում է, որ Ազգային ժողովի ընտրությունները պետք է տեղի ունենան սովորական համամասնական համակարգով, այնինչ այժմ գործող ընտրական օրենսգրքում գործում է ռեյտինգային համակարգ: Նման փոփոխությունների գնալու դրույթն ամրագրած է նաեւ կառավարության ծրագրում, որ հաստատվել է ԱԺ կողմից: Մյուս կարեւոր փոփոխությունն այն է, որ Ազգային ժողով անցնելու շեմն է իջեցվել: Մասնավորապես, կուսակցությունների համար անցողիկ է լինելու 4, իսկ դաշինքների համար` 6 տոկոսը: Եվս մեկ հետաքրքիր փոփոխություն է տեղի ունեցել. այժմ գործող ընտրական օրենսգրքով սահմանվում է, որ խորհրդարանում պետք է լինի նվազագույնը 3 ուժ, իսկ ահա փոփոխություններով, անկախ անցողիկ շեմից, պետք է նվազագույնը 4 ուժ լինի խորհրդարանում: Այլ կերպ ասած` սահմանվում է, որ առնվազն 4 քաղաքական ուժից է ձեւավորվելու հաջորդ խորհրդարանը:
Բացի բուն Ընտրական օրենսգրքից փոփոխություններ են կատարվել նաեւ հարակից օրենքներում, որոնք հնարավորություն են տալիս օրինականություն ապահովել: Մասնավորապես, փոփոխություններ են կատարվել քրեական դատավարության եւ վարչական իրավախախտումների մասին օրենքներում, որոնք նախատեսում են ավելի խիստ պատիժներ ընտրակեղծիքների համար։ Օրինակ, նախատեսված է քրեական պատասխանատվություն ընտրական հանցագործությունների համար եւ, մասնավորապես, ընտրությունների արդյունքները կեղծելու համար պատիժը հասցվեց 8 տարվա` նախկին 5-ի փոխարեն:
Ընտրական օրենսգրքով ամրագրված է նաեւ, որ ուժերի ընտրական ցուցակում կարող են ընդգրկվել նաեւ այդ ուժի անդամ չհանդիսացող անձինք, որոնց թիվը չի կարող գերազանցել ընտրական ցուցակում ընդգրկված թեկնածուների ընդհանուր թվի 30 տոկոսը: Ազգային փոքրամասնությունների դրույթը պահպանվել է եւ, ըստ այդմ, ընտրական ցուցակը կարող է ունենալ երկրորդ մաս, որում կարող են ընդգրկվել ընտրություններին նախորդող վերջին մարդահամարի տվյալներով առավել մեծ թվով մշտական բնակչություն ունեցող առաջին չորս ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներ: Նրանց ներկայացվածության չափանիշն էլ հաշվարկվելու է յուրաքանչյուր 19 մանդատի համար 1 ազգային փոքրամասնություն սկզբունքով:
Նաեւ նախատեսվում է միջոցներ ձեռնարկել ընտրողների ցուցակների կազմումն ավելի արդյունավետ դարձնելու համար: Մասնավորապես սահմանափակվելու է վավերականության ժամկետը լրացած անձը հաստատող փաստաթղթով քվեարկելու իրավունքը՝ ցուցակներում թողնելով առնվազն վերջին մի քանի տարվա ընթացքում անձը հաստատող վավեր փաստաթուղթ ունեցող ընտրողներին: Նաեւ, ի լրումն ստորագրված ցուցակների, որպես կրկնակի ստուգման միջոց, առցանց հրապարակել տեխնիկական սարքավորումների միջոցով գրանցած մասնակիցների ցանկը՝ առանց ընտրողների անձնագրային տվյալների որոնման հնարավորության: Ընդ որում, օրենսգրքում կան նաեւ այնպիսի փոփոխություններ, որոնք ժամանակային առումով պարզապես անհնար է լինելու իրականացնել: Մասնավորապես, ամրագրված է, որ ընտրողների մատնահետքերը պարզապես սքանավորելու փոխարեն իրականացնել ընտրողների կենսաչափական նույնականացում՝ բոլոր ընտրողներին տրամադրելով նույնականացման քարտեր, ստեղծելով մատնահետքերի միասնական շտեմարան եւ համաժամանակյա կապ ստեղծելով բոլոր տեխնիկական գրանցման սարքերի միջեւ:
Համաձայնեք, որ ընդամենը երկու ամսվա ընթացքում այդ ամենն ահնար է լինելու իրականացնել: Բայց եւ մեծ հաշվով արդեն կարեւոր չէ, թե Ընտրական ինչ օրենսգրքով են անցկացվելու առաջիկա ԱԺ ընտրությունները, կարեւորն իշխանությունների մոտ քաղաքական կամքի առկայությունն է: Իսկ քաղաքական կամք, ինչպես ցույց տվեցին Երեւանի ավագանու ընտրությունները, իսկապես առկա է:
ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ՀԱՐՈՒՍՏ ԵՆ, ԲԱՅՑ ՕՐԻՆԱԽԱԽՏ
Հայաստանի բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը վարույթ է հարուցել Լիոնում ՀՀ գլխավոր հյուպատոս Նիկոլայ Սարկիսովի եւ նրա եղբոր` Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոս Սերգեյ Սարկիսովի նկատմամբ: Պատճառն այն է, որ Սարկիսովները չեն ներկայացրել պաշտոնական հայտարարագրեր: «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ թվով 51 պաշտոնյա այդպես էլ ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով չի ներկայացրել 2017 թվականի իր գույքի եւ եկամուտների հայտարարագիրը: Նրանց թվում են մեծ թվով քննիչներ եւ հյուպատոսներ: Ի դեպ, տեղեկացնենք, որ Մարսելում ՀՀ գլխավոր հյուպատոս Վարտան Սիրմակեսը Հանձնաժողովի հայտարարությունից հետո ներկայացրել է պաշտոնական հայտարարագիրը: Իսկ Սարկիսովները դեռ ուխտի ականջում քնած են: Այս թեմայի շուրջ «ժողովուրդ» օրաթերթին էթիկայի հանձնաժողովից հայտնեցին. «Վարույթ է հարուցվել այն պաշտոնյաների նկատմամբ, որոնք պաշտոնական հայտարարագիր չեն ներկայացրել: Վարույթը ընթացքի մեջ է: Ովքեր որ հայտարարագիր չեն ներկայացնում, նրանց վարույթային կարգով ժամկետ է տրամադրվում, եւ իրենք ներկայացնում են»: Եւ չնայած սրան` հայազգի գործարարներ Սարկիսովները Ռուսաստանի ամենահարուստ ընտանիքների ցանկում են ընդգրկվել: Նրանցից յուրաքանչյուրը 750 մլն դոլար կարողություն ունի:
ԵՐԿՈՒ ՄԱՐԶԵՐԸ` ԼՈՒՐՋ ԽՆԴԻՐ
Ինչպես հայտնի է, հոկտեմբերի 2-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պաշտոնից ազատեց Սյունիքի, Լոռու, Արմավիրի, Գեղարքունիքի, Վայոց Ձորի մարզպետներին: Երեկ «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ իշխանությունները Վայոց ձորի մարզպետի պաշտոնում արդեն ունեն թեկնածու: Խոսքը ՔՊ անդամ Տրդատ Սարգսյանի մասին է: Վերջինս, ի դեպ, Երեւանի ավագանու ընտրություններում «Իմ քայլը» դաշինքի ընտրացուցակում էր` զբաղեցնելով չորրորդ հորիզոնականը: Թեեւ նա վերցրել է Երեւանի ավագանու մանդատը, բայց կարծես թե գործուղվելու է մարզ: Մինչ այդ նկատենք` ՀՀ կառավարությունում դեռ չեն կողմնորոշվում` ո՞ւմ նշանակեն Սյունիքի եւ Արմավիրի մարզպետ: Փոխարենը գրել էինք, որ Լոռու մարզպետ կնշանակվի փոխմարզպետ ՔՊ-ական Անդրեյ Ղուկասյանը: Գեղարքունիքի մարզպետ է նշանակվելու ՀՀ բնապահպանության փոխնախարար ՔՊ-ական Գնել Սանոսյանը:
ՊԱԿԱՍԵԼ ԵՆ
Հայաստան արտերկրից մասնավոր դրամական փոխանցումները սկսել են նվազել: Այս տարվա օգոստոսին արտերկրից ՀՀ առեւտրային բանկերի միջոցով մասնավոր անձանց անունով փոխանցվել է 160 մլն 460 հազար ԱՄՆ դոլար, մինչդեռ նախորդող ամսվա ընթացքում այդ թիվը հասել էր 179 մլն 415 հազար դոլարի (սա վերջին մեկ տարվա ընթացքում ամենաբարձր ցուցանիշն էր): Միաժամանակ, այս տարվա օգոստոսին դեպի ՀՀ իրականացված փոխանցումները պակաս են 2017թ. օգոստոսի համեմատ. այն ժամանակ էլ ՀՀ էր փոխանցվել 147 մլն 509 հազար դոլար:
ՓՈԽԱՆՑՎԵՑ
ԱԺ նախկին պատգամավոր Ֆելիքս Ցոլակյանի պատգամավորական մանդատը ԿԸՀ որոշմամբ տրվել է Մարտուն Գրիգորյանին: «Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, գումարած նիստում հիմք ընդունելով Ազգային Ժողովի նախագահի` «Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի պատգամվոր Ֆելիքս Ցոլակյանի` պատգամավորի լիազորությունները դադարած համարելու մասին» արձանագրությունը եւ ղեկավարվելով Ընտրական օրենսգրքի 100-րդ հոդվածի 3-րդ մասով, կազմել է արձանագրություն պատգամավորի մանդատը Հայաստանի «Հանրապետական» կուսակցության թիվ 11 տարածքային ընտրական ցուցակի առավելագույն ձայներ ստացած հաջորդ թեկնածու Մարտուն Կամոյի Գրիգորյանին տալու վերաբերյալ»,-ասված է ԿԸՀ-ի հաղորդագրության մեջ:
ՄԻԼՍԸ ՊԱՐԶԱԲԱՆԵԼ Է
ՀՀ-ում դիվանագիտական գործունեությունն ավարտող ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսից հետաքրքրվել են, թե ՀՀ անկախության օրվա առիթով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ինչ էր նկատի ունեցել իր ուղերձում` ասելով, որ առաջիկա ամիսներին ի հայտ կգան հնարավորություններ ԼՂ հարցի լուծման համար, այն դեպքում, երբ նույն ուղերձը եղել էր նաեւ Ադրբեջանին: Ռիչարդ Միլսը նշել է, որ որեւէ թաքնված միտք երկու նախագահներին ուղղված ուղերձներում չկա Թրամփի կողմից: «Մենք քաղաքական զարգացումներ ենք տեսել երկու երկրներում վերջին շրջանում. անցած տարի ընտրություններ էին Ադրբեջանում, իսկ այս տարի այստեղ` Հայաստանում, տեսել ենք դրամատիկ փոփոխություններ: Նախագահի ուղերձի այս խոսքերը, կարծես, վերաբերում են նրան, որ երկու երկրներում էլ կան նորովի լիցքեր, նորովի տրամադրվածություններ, որ կարող են օգնել նոր լուծումներ գտնելու, դա հույսի եւ ակնկալիքի դրսեւորում է»,-ասել է Միլսը:
ՄԻԱՁԱՅՆ ԸՆԴՈՒՆՎԵՑ
Ռումինիայի Խորհրդարանը ավարտին է հասցրել անցած տարվա նոյեմբերի 24-ին Բրյուսելում կնքված ԵՄ-Հայաստան Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացման գործընթացը: Ռումինիայում ՀՀ դեսպան Սերգեյ Մինասյանը նշել է. «Հայաստանի Հանրապետության` մի կողմից, Եվրոպական Միության եւ Ատոմային էներգիայի եվրոպական համայնքի ու դրանց անդամ պետությունների` մյուս կողմից, միջեւ համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի մասին օրինագիծը Սենատն ընդունեց միաձայն քվեարկությամբ` 96 կողմ, 0 դեմ ձայներով: Օրենքն ուժի մեջ կմտնի Ռումինիայի նախագահի կողմից ստորագրվելուց եւ պաշտոնապես հրապարակելուց հետո»:
ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ
Արժույթի միջազգային հիմնադրամը (IMF) բարելավել է Հայաստանի տնտեսական աճի կանխատեսումները: Այդ մասին ասված է հիմնադրամի World Economic Outlook հոկտեմբերի զեկույցում: Նշվում է, որ ընթացիկ տարվա համար կանխատեսվում է ՀՆԱ 6% աճ, մինչդեռ տարեսկզբին այդ կանխատեսումը 3,4% սահմանում էր: Ինչ վերաբերում է 2019 թվականին, ապա IMF-ը կանխատեսում է, որ Հայաստանի ՀՆԱ-ի աճը կկազմի 4,8%: Ի դեպ, այս տեսանկյունից եւս բարելավում է տեղի ունեցել, քանի որ նախկինում 2019-ի համար կանխատեսումը ընդամենը 3,5% աճ էր ենթադրում: Դժվար չէ ենթադրել, որ միջազգային կառույցների մոտ նման լավատեսությունը թավշյա հեղափոխության արդյունքում է ձեւավորվել, երբ իշխանությունից հեռացվեց կոռումպացված ռեժիմը: