2008 թվականի մարտի 1-ի արյունալի իրադարձությունների առիթով հարուցված քրեական գործի վերաբացված նախաքննությանը զուգահեռ ուշագրավ բացահայտումներ են լինում նաեւ համացանցում: Մինչեւ երեկ հայ հանրության զգալի մասն ու շահագրգիռ կողմերը քննարկում էին հարցը, թե ինչպես Ռոբերտ Քոչարյանը հրապարակավ ստեց՝ ասելով, թե ցուցարարներից մեկը մեքենայի հետեւից կրակում է ոստիկանների ուղղությամբ եւ թաքնվում: Հիմա պարզվում է՝ ցուցարարների շարքից կրակոցներ իսկապես եղել են:
«Ժողովուրդ» օրաթերթը եւս մեկ անգամ ուսումնասիրեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ 2008 թվականի մարտի 1-ի օրը հրավիրված հայտնի մամուլի ասուլիսի ամբողջական տեսագրությունը եւ արձանագրեց, որ. «Կիրառվում է զենք անզեն ոստիկանների դեմ: Այդ կրակոցները արվում է իրավիճակում, երբ կրակողի հետեւում ցուցարարներ են, որոնք զենք չեն կրում: Կրակողը մեքենայի հետեւից դուրս է գալիս, կրակում զինվորների վրա եւ թաքնվում մեքենայի հետեւում: Իր վրա կրակել կնշանակեր զոհեր նաեւ այլ մարդկանց կազմում: Սա կոնկրետ դեպք է, որը ուղղակի շատ տհաճ տպավորություն թողեց: Տպավորություն է, որ հրահրում են կրակ լրացուցիչ զոհեր ունենալու համար»:
Ռոբերտ Քոչարյանի այս հայտարարություններին ի պատասխան` Մարտի 1-ի գործով Փաստահավաք խմբի ղեկավար Անդրանիկ Քոչարյանը մշտապես հայտարարել է, որ տեսանյութերը Փաստահավաք խմբին հասանելի են եղել, եւ այնտեղ իրենք չեն տեսել այն պատկերը, որ ներկայացնում էր նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը:
Անդրանիկ Քոչարյանը պնդել էր. «Տեսանյութերի մասին, որ խոսում են, այդ ամբողջը մեզ հասանելի է եղել Փաստահավաք խմբի գործունեության ընթացքում: Մեր նամակագրության արդյունքում Ազգային անվտանգության, ոստիկանության, դատախազության, քննություն իրականացնող մարմնի` տվյալ նյութերին ծանոթանալու, մենք ստացել ենք նյութեր, մանրակրկիտ նայել ենք դրանք, եւ այնտեղ մենք չենք տեսել այն պատկերը, որ ներկայացնում էր նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը` կրակող ցուցարարներին վերաբերող նյութ: Մենք էլ շատ կուզենայինք տեսնել, հատկապես Փաստահավաք խմբի` իշխանությունը ներկայացնող փորձագետները», – ասել էր նա` նշելով` եթե այդպիսի նյութեր լինեին, խումբը քննությունը կսկսեր հենց այդ նյութերից:
Նկատենք, որ այս թեզը 10 տարի շարունակ քննարկվել է ամենատարբեր ատյաններում, անգամ խորհրդարանում: Ռոբերտ Քոչարյանի հայտարարությունն ապացուցող որեւէ փաստ այդպես էլ չի հրապարակվել: Ու ակնհայտ էր, որ Ռոբերտ Քոչարյանը իր, այնուհետեւ նաեւ Սերժ Սարգսյանի իշխանությունը պահելու համար ամեն ինչ արեց, իսկ մարտի 1-ի գործով պատասխանատվություն կրեցին բացառապես խաղաղ ցույցի մասնակիցներն ու կազմակերպիչները հանիրավի մեղադրանքներով:
Հիշեցնենք, որ «Մարտի 1-2-ին Երեւան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների եւ դրանց պատճառների ուսումնասիրության» համար ՀՀ Ազգային ժողովում ստեղծված ժամանակավոր հանձնաժողովի անդամ Գուրգեն Արսենյանը եւս մշտապես հայտարարել է, թե ով է եղել այն անձը, որ ՀՀ նախագահին սխալ տեղեկություն է տվել, թե ցուցարարները կրակում են ոստիկանների վրա:
Եւ հիմա, երբ արդեն մեղադրյալի աթոռին է հայտնվել Ռոբերտ Քոչարյանը, մարտի 1-ի թեմայով ուշագրավ բացահայտումներ են տեղի ունենում նախաքննությանը զուգահեռ: Մարտի 1-ի իրադարձություններից 10 տարի անց համացանցում է հայտնվել մի տեսանյութ, որտեղ երեւում է, թե ինչպես ցուցարարների միջից քաղաքացիական հագուստով մեկն իսկապես կրակում է: Միայն թե ոչ ոստիկանների ուղղությամբ, այլ մի փոքր վերեւ: Ո՞վ է նա` ցուցարա՞ր, քաղաքացիական հագուստով իրավապա՞հ, որեւէ օլիգարխի թիկնապա՞հ` հայտնի չէ: Նրա անձը պարզված չէ: Եւ ՀՔԾ-ի առաջնային գործերից մեկն էլ պետք է լինի դրա բացահայտումը:
Այս իրողությունը հաշվի առնելով` «Ժողովուրդ» օրաթերթը կրկին կապվեց Անդրանիկ Քոչարյանի հետ՝ հետաքրքրվելով՝ արդյոք տեսել է նոր երեւան եկած կադրերը: Ի պատասխան` Քոչարյանն անդրդվելի մնաց. «Եվ դուք կարողանո՞ւմ եք կողմնորոշվել, թե որ ուղղությամբ է կրակվում, եւ դա ցուցարա՞ր է, թե՞ ոչ»:
Մեր այն դիտարկմանը, որ տեսանյութում երեւում է, թե որ կողմում են ցուցարարները, որ կողմում ոստիկանները, Անդրանիկ Քոչարյանն ասաց. «Չկա այդպիսի փաստ արձանագրված, Փաստահավաք խումբը չի ունեցել, եւ նախաքննական մարմինն էլ չի ունեցել, հակառակ դեպքում դա իշխանությունների համար կարող էր լինել այնպիսի մի փաստ, որ պատկերացնում էիք, թե ինչպիսի աղմուկ իրենք կբարձրացնեին, չկա այդպիսի բան»:
Անդրադառնալով նոր հայտնված տեսանյութին` Փաստահավաք խմբի ղեկավարն ասաց. «Նոր տեսանյութ ես չեմ տեսել, եթե կա, ուղարկեք փորձաքննության, որովհետեւ այն, ինչ կարող են լինել ֆեյսբուքերում, դրանք կարող են լինել սարքովի, չգիտեմ, եւ այլն եւ այլն: Ամեն ինչ արել է Փաստահավաք խումբը, նույնիսկ ֆոտոները, որոնք անհերքելի ապացույցներ են, մենք այն ուղարկել ենք փորձաքննության եւ նոր ներառել ենք մեր զեկույցների մեջ: Այնպես որ այդ նյութերը, որ լիարժեք հասկանաք, թե ինչ է, արդյոք դրան միջամտություն չկա՞, ուղարկեք փորձաքննության, եթե ձեր ձեռքի տակ կա, կամ դա նախաքննական մարմինը պետք է անի, որից կարող եք օգտվել դուք»:
Զրուցեցինք նաեւ ԱԺ նախկին պատգամավոր, ՄԱԿ նախագահ Գուրգեն Արսենյանի հետ. «Ես նորից կարող եմ կրկնել իմ հարցը, որի պատասխանը չունեմ, քանի որ չգիտեմ, թե ով է իրեն այդ տեղեկությունը տվել: Դրա մասին կարող է բարձրաձայնել միայն նախագահը, որը կարող է ասել, որ իմ կողմից հնչած հայտարարության համար հիմք է հանդիսացել այս, այս, այս տեղեկատվությունը` այս այս աղբյուներից ստացված: Մենք լսել ենք չէ՞ իր այդ հայտարարությունը, որ ցուցարարները ավտոբուսի հետեւից դուրս են գալիս եւ կրակում են, բայց չեղավ պարզաբանում, թե որտեղից էր այդ ինֆոմացիան, ինչ աղբյուրներ են իրեն տրամադրել: Նաեւ նշեմ, որ այդ աղբյուրների պրոֆեսիոնալիզմի եւ օբյեկտիվության հետ կապված արդեն լուրջ վերապահումներ ունեի: Այն աղբյուրների, որոնք տարբեր տեղեկություններ էին տալիս այն մասին, որ առավոտյան իրադարձությունների ժամանակ ցուցարարների մոտ կար զենքի կուտակում, չգիտեմ ինչ, չգիտեմ ինչ: Այդ ժամանակ ես հարց տվեցի քրեական հետախուզության գլխավոր վարչության պետին, որը եկել էր Ազգային ժողովի հանձնաժողովի հարցերին պատասխանելու: Հարցը հետեւյալն էր. եթե գիտեիք այնտեղ զենք կար, պատրաստվում են գործողության, ինչո՞ւ այդ մարդկանց գնացիք ցրելու առանց զենքի, մահակներով: Դուք գիտեք ձեր դիմաց զենքով մարդիկ կան, ո՞վ է ուղարկում ոստիկանին նրանց վնասազերծելու մահակներով, ո՞վ է նման բան անում, այդ հարցը տվեցի եւ այդ հարցի պատասխանը չստացա»:
Իսկ ինչ վերաբերում է համացանցում տարածված նոր տեսանյութին, ապա Արսենյանը ծանոթ չէր, սակայն նշեց մեկ հանգամանք. «Եթե անգամ նմանատիպ հանգամանք էլ եղել է, իմ խորին համոզմամբ, դա եղել է իշխանությունների կողմից կազմակերպված, իմ խորին համոզմունքն է, որ ցանկացած ագրեսիվ իրադարձության մասնակից եղել է իշխանության կողմից: Այսինքն` մարտի 1-ի պատասխանատուն բոլոր առումներով իշխանությունն է»: Նկատենք, որ իշխանություն ասելով` Գուրգեն Արսենյանը նկատի ունի նախկին նախագահներ Ռոբերտ Քոչարյանին եւ Սերժ Սարգսյանին:
ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ
ԴԱՏԱԽԱԶԸ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՄԵՋ
Գեղարքունիքի մարզի դատախազը 3 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Գեղարքունիքի մարզի դատախազ Սեւակ Շհոյանն ասաց, որ իրեն առաջադրված մեղադրանքն ապօրինի է, անհիմն է, եւ ինքը բացարձակ անմեղ է իրեն համարում: «Այն, ինչ ես ասել եմ դատարանում, որ ինձ ապօրինի եւ անհիմն մեղադրանք է առաջադրված, դա բացարձակ ճշմարտություն է, որեւէ ապացույց չկա, իսկ արդարանալը անխուսափելի է, եւ ես ամեն ինչ անելու եմ արդարանալու համար»,- նշեց նա: Ի դեպ, այս գործով ազատ է արձակվել եւս մեկ անձ` Վարդենիսի պետական քոլեջի տնօրենի եղբայրը` Հայկ Կարապետյանը: Հիշեցնենք` ԱԱԾ-ն բացահայտել էր պաշտոնատար անձանց կողմից կաշառք վերցնելու աղմկահարույց դեպք, ինչի արդյունքում կալանավորվել են Գեղարքունիքի մարզի դատախազության դատախազ Սեւակ Շհոյանը, Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Աղվան Պետրոսյանը, դատավոր Վանիկ Վարդանյանը, Վարդենիսի պետական քոլեջի տնօրենի եղբայրը` Հայկ Կարապետյանը, Աղվան Պետրոսյանի վարորդը: Ասել է թե` կաշառքի գործով այս օրերին կալանավորված է 5 անձ: Բանն այն է, որ 2014թ. հուլիսի 25-ին Վարդենիս քաղաքի Սեւ հողեր կոչվող թաղամասում գտնվող «Ցուլ» ռեստորանի տարածքում միջադեպ է եղել, ինչի հետեւանքով կալանավորվել է Վարդենիս քաղաքի բնակիչ Գոռ Գալստյանը: Ըստ ԱԱԾ-ի` մեղադրյալի ծնողները իրենց որդուն ազատ արձակելու համար 2015թ. հունիսին 1.880.000 ՀՀ դրամին համարժեք 4000 ԱՄՆ դոլար կաշառք են տվել Սեւակ Շհոյանին, ով ստացել է կաշառքը, սակայն չի կատարել խոստումը, արդյունքում 2015թ. հուլիսի 1-ին Գոռ Գալստյանը կալանավորվել է, եւ նրա գործը ուղարկվել է դատարան:
ԱՊՕՐԻՆԻ ՄԻԳՐԱՑԻԱ
Երգիչների անվան տակ կազմակերպել են մարդկանց միգրացիա: «Ժողովուրդ» օրաթերթը բազմիցս է անդրադարձել իրավապահների կողմից անօրինական ճանապարհով մարդկանց միգրացիայի կազմակերպմանը: Եվ ահա այս անգամ մեղադրյալի աթոռին է հայտնվել «Կատարողական արվեստի համաշխարհային ասոցիացիա» մշակութային հասարակական կազմակերպության նախագահ Արման Ղուկասյանը: Նրան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ զբաղեցնելով մշակութային հասարակական կազմակերպության նախագահի պաշտոնը` թվով 2 ակնհայտ կեղծ տեղեկանքներ է պատրաստել եւ դրանք 2017թ. դեկտեմբերին Երեւան քաղաքի «Մեղեդի» սրճարանում իրացրել ՀՀ-ից ԱՄՆ մեկնելու ցանկություն ունեցող քաղաքացիներ Սամվել Պետրոսյանին եւ Մաթեւոս Մաթեւոսյանին, թե իբր վերջիններս հանդիսանում են «Կատարողական արվեստի համաշխարհային ասոցիացիա» մշակութային ՀԿ անդամներ եւ երգիչներ: Արդյունքում վերոնշյալ անձինք նշված կեղծ տեղեկանքները եւ տեղեկությունները քաղաքացիների կողմից 2017թ. դեկտեմբերի 20-ին ներկայացրել են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատուն մուտքի թույլտվություն ստանալու համար, սակայն դեսպանատան աշխատակիցների կողմից կեղծիքները բացահայտվել են, եւ մուտքի թույլտվություն չի տրվել:
ՄԻԵԴ-Ը ԿՀՐԱՊԱՐԱԿԻ
Փաստաբան Մուշեղ Շուշանյանին ՄԻԵԴ քարտուղարությունը անցած շաբաթ ծանուցել է, որ հոկտեմբերի 18-ին ՄԻԵԴ-ը հրապարակելու է 2008 թվականի մարտի 1-ի դեպքերի կապակցությամբ քաղաքական նկատառումներով ձերբակալված եւ կալանավորված եւս 2 քաղաքական բանտարկյալների` Գրիգոր Ոսկերչյանի եւ Մասիս Այվազյանի կալանքի օրինականության եւ հիմնավորվածության վերաբերյալ վճիռները, այս մասին տեղեկացրել է փաստաբան Վահե Գրիգորյանը: Հիշեցնենք, որ նախկին քաղբանտարկյալներից Գրիգոր Ոսկերչյանը 7-ի գործով մեղադրյալներից էր, թեեւ նրա մեղքն ապացուցող փաստեր դատաքննության ողջ ընթացքում այդպես էլ չներկայացվեցին:
ԿԱԼԱՆԱՎՈՐԵՑ
Ըստ գործարար Սամվել Մայրապետյանի պաշտպան Կարեն Բատիկյանի` գործարարը մեղադրվում է կաշառքին օժանդակելու մեջ: Ս. Մայրապետյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 38-311-րդ հոդվածի հատկանիշներով: «Իմ պաշտպանյալը ցուցմունք է տվել եւ հայտարարել, որ իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում»,-ասել է Կ. Բատիկյանը: Նշենք, որ քննիչը միջնորդել է կալանավորել գործարարին: Երեկ՝ ուշ երեկոյան, դատարանը բավարարել է Մայրապետյանին կալանավորելու քննիչի միջնորդությունը: