ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ՊԱՏԵՐԱԶՄԸ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԿՅԱՆՔՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Տնտեսությունը քաղաքականության հիմքն է ու հաճախ շարժիչ ուժը: Այնպես որ, զարմանալի չէ, երբ հիմնականում մեծ տերությունների արտաքին քաղաքականությունը պայմանավորվում է նախ եւ առաջ տնտեսական առաջնահերթություններով։ Այդ համատեքստում առանձնակի կարեւորություն են ներկայացնում ամերիկա-չինական հարաբերությունները, որոնց բնական զարգացմանը խոշոր վնաս հասցրեց ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ Վերջինս ԱՄՆ ներմուծվող չինական ապրանքների վրա նոր մաքսատուրքեր է սահմանել, որի արդյունքում հարաբերությունները որոշակիորեն լարվել են, ինչը պոտենցիալ ունի վերաճելու քաղաքական անախորժության։

ԱՄՆ-ի ու Չինաստանի տնտեսական հարաբերությունները հաճախ անվանվում է «առեւտրային պատերազմ», որն ունի իր ավանդական ակտիվ ու պասիվ շրջափուլերը։ Ամերիկյան նախորդ կառավարությունները ձգտում էին պայմանավորվածությունների ճանապարհով կարգավորել Չինաստանի հետ առկա խնդիրները՝ ցանկանալով խուսափել թե՛ միջպետական լարվածությունից, թե՛ հասարակության սոցիալ-տնտեսական վիճակի վրա բացասական ազդեցությունից։ Սակայն այդպիսի քաղաքականությունն, անշուշտ, չէր կարող ընդունելի լինել նախագահ Դոնալդ Թրամփի համար, որն իր կարգախոսն է դարձրել յուրաքանչյուր քայլ անելիս ելնել բացառապես ԱՄՆ-ի ազգային շահերից։ Նրա կառավարությունը որոշում է կայացրել ԱՄՆ ներմուծվող չինական ապրանքների ընդհանուր ծավալի մոտ կեսի վրա հավելյալ մաքսատուրքեր սահմանել։ Դրանով չբավարարվելով՝ Թրամփը նույնիսկ սպառնում է նոր մաքսատուրքեր սահմանել Չինաստանից ներկրվող բոլոր ապրանքների համար։ Չինաստանն էլ իր հերթին արձագանքեց նույնպիսի գործողությամբ։
Ըստ Արժույթի միջազգային հիմնադրամի՝ ամերկա-չինական առեւտրային պատերազմը որեւէ օգուտ չի տալու կողմերին։ ԱՄՀ-ի մասնագետների համոզմամբ՝ չինական 2018թ. տնտեսության աճը 6.6 տոկոսից կնվազի մինչեւ 6.2 տոկոսի, ինչը բավականին շոշափելի արդյունք է՝ հաշվի առնելով չինական տնտեսության ողջ ծավալները։ Սակայն նույն աղբյուրները պնդում են, որ Միացյալ Նահանգները նույնպես տուժելու է ակտիվացած պատերազմից, քանի որ ԱՄՆ-ի տնտեսական աճն էլ կնվազի 2.9 տոկոսից՝ հասնելով 2.5-ի։ ԱՄՀ-ի մասնագիտական կարծիքը պնդում է, որ երբ աշխարհի երկու հզորագույն տնտեսությունները միմյանց հետ անախորժություններ ունեն, դա անդրադառնում է ոչ միայն այդ երկու կողմերի, այլեւ բոլորի վրա։ Ըստ այդմ՝ առեւտրային քաղաքականության ազդեցությունը եւ հատկապես տնտեսական անորոշությունը արդեն իսկ նկատելի է մակրոտնտեսական հարթակում։ Եթե Թրամփը կատարի իր խոստումն ու ընդլայնի մաքսատուրքերի մասշտաբները, ապա առկա դժվարություններն ավելի են խորանալու։ Առեւտրային պատերազմը կարող է էականորեն ազդել ամերիկյան սպառողների գնողականության վրա։ 2017թ. ԱՄՆ-ն Չինաստանից տարեկան գնում է 505 միլիարդ դոլարի ապրանք՝ արտահանելով 103 միլիարդ, որոնց շարքում հիմնականում էլեկտրոնիկա եւ մի շարք առաջին անհրաժեշտության ապրանքներ։ Եվ ահա ակնկալելի է, որ դրանց գինը կաճի՝ ազդելով մարդկանց կենսամակարդակի վրա։ Ստացվում է, որ Թրամփը, մաքսատուրքերով օգնելով հանդերձ ամերիկյան արտադրողներին, կարող է դիպչել շարքային ամերիկացիների գրպանին։
Առեւտրային պատերազմի բացասականությամբ հանդերձ՝ ԱՄՀ-ի գնահատականներին կարելի է վերապահումներով մոտենալ, քանի որ կազմակերպությունը ստեղծվել ու գործում է համաշխարհային ազատական տնտեսական հարաբերությունների սկզբունքով, իսկ ԱՄՆ-ի ու Չինաստանի կառավարությունների հետաքրքությունը դուրս է համաշխարհային ազատ առեւտրի սահմանափակումներից։ Ըստ էության, այսօր ամերիկյան էլիտան սխալ է համարում ազատ առեւտրային հարաբերությունների լիբերալ քաղաքականությունը՝ կոնկրետանալով բացառապես ամերիկյան շահերի վրա։ Թրամփը բազմիցս հայտարարել է, որ եթե ԱՄՆ-ն որեւէ հարցում տուժողի դերում է հանդես գալիս, ապա այդ ուղղությամբ վարվող արտաքին քաղաքականությունը պետք է արմատապես վերանայվի։ Դա դեռեւս դրսեւորվել է ՆԱՏՕ-ի ու ԵՄ-ի գործընկերների հետ հարաբերություններում՝ նույնիսկ վերաճելով լուրջ ճգնաժամի այդ ինստիտուտների ներսում։ Դա էլ իր հերթին ցուցիչ է, որ Թրամփն անլուրջ է վերաբերվում միջազգային կազմակերպություններին եւ ընդհանուր բարիքից զատ առաջնային է համարում ԱՄՆ-ի օգուտը կոնկրետ իրավիճակում։ Այստեղ որեւէ տարօրինակ բան չկա, եթե խոսքը հատկապես վերաբերում է գերտերություններին, որոնց միակ մտահոգությունը սեփական շահերի բավարարումն է՝ անկախ նրանից, թե մյուս պետությունները ինչ են շահում կամ կորցնում կոնկրետ իրավիճակում։ Այս տեսանկյունից, սակայն, ԱՄՆ-ի համար պետք է կարեւոր լինի, թե ինչ է շահում կամ կորցնում Չինաստանը, որը ԱՄՆ-ին կարող է պատճառել նույնպիսի գլխացավանք։ Երկու խոշոր պետությունների տնտեսական բախումը կարող է վերաճել քաղաքական հակադրության՝ դրանից բխող անվտանգային լրջագույն խնդիրներով։ Ի վերջո, Հս. Կորեայի ճգնաժամում Չինաստանի դերը անհնար է թերագնահատել, որը մեկ անգամ չէ, որ օգտագործել է այդ ճգնաժամը ԱՄՆ-ի հետ հարաբերություններում զիջումներ կորզելու համար։ Եվ եթե ԱՄՆ-Չինաստան տնտեսական հարաբերություններում լարվածությունը շարունակի վերընթաց ուղին, կասկած չկա, որ դա դրսեւորվելու է քաղաքական առճակատումներով։

Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ

 

 

 

ԽԱԽՏՈՒՄՆԵՐՈՎ
Հոկտեմբերի 5-ին Գյումրու թիվ 37 դպրոցում տնօրենի թափուր տեղի համար անցկացված մրցույթը եղել է ընթացակարգային խախտումներով: Այդ մասին պնդում են թիվ 37 ավագ դպրոցի կոլեգիալ կառավարման մարմնի խորհրդի անդամները: Վերջիններս կետերով նշում են խախտումները` առաջին հերթին առանձնացնելով զարգացման ծրագրի ներկայացման ժամկետների խախտումը. «Համաձայն կանոնադրության` զարգացման ծրագիրը կոլեգիալ խորհրդին պետք է ներկայացվեր մրցույթից 3 օր շուտ, սակայն փաստաթուղթը ներկայացվել է մրցույթից ընդամենը մեկ օր առաջ: Մենք շատ լուրջ ենք վերաբերվում զարգացման ծրագրին, սակայն ժամանակ չենք ունեցել ուսումնասիրել»,- «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշեց խորհրդի անդամ Գայանե Ավետիսյանը:
Բացի այդ, համաձայն ՊՈԱԿ-ների գործադիր մարմինների ընտրության կամ նշանակման մասին ընդհանուր կարգի` մեկ հայտադիմումի առկայությամբ արգելվում է ընտրություն անցկացնել: Սակայն այդ կետն էլ անտեսվել է: Մեկ այլ ենթակետով էլ ընտրությունը մեկ հայտի պարագայում թույլատրվում է: Հակասությունը հարթելու ուղղությամբ կոլեգիալ խորհուրդն առաջարկել է հետաձգել մրցույթը, սակայն մրցույթը կայացել է: Իսկ հայտ ներկայացրել էր միայն նախկին տնօրեն Աստղիկ Ավետիսյանը, ով ավելի քան 10 տարի ղեկավարում է դպրոցը: Նրա անունը հայտնի դարձավ 2017թ. ԱԺ ընտրությունների ժամանակ, երբ «Իրազեկ քաղաքացիների միավորում» կազմակերպությունը հրապարակել էր հայաստանյան դպրոցների տնօրենների հետ հեռախոսազրույցը, որտեղ նրանք խոստովանել էին վարչական ռեսուրսները կիրառելով ՀՀԿ օգտին ձայներ բերելու մասին: Այդ տնօրեններից մեկն էլ Աստղիկ Ավետիսյանն էր: Վերջինիս ամուսինը` Արտակ Ավետիսյանը, ղեկավարում է թիվ 31 տարածքային ընտրական հանձնաժողովը եւ ընտրություններին պաշտպանում էր ՀՀԿ-ականներին, նրա անունը նաեւ ՀՅԴ-ի հետ է կապվում: Աստղիկ Ավետիսյանի դեմ այդ ձայնագրության հրապարակումից հետո նույնիսկ քրեական գործ հարուցվեց. նա հայտարարել էր, թե աշխատում են ՀՀԿ-ի օգտին՝ «արդեն մեկ ամիս` ամենավերջին ձեւով վախեցնելով մարդկանց»: Իհարկե, ՀՀԿ իշխանության օրոք հարուցված քրեական գործը շատ արագ կարճվեց, ու Ավետիսյաններն անպատիժ մնացին: Հիմա Ավետիսյանը պնդում է, որ ինքն անկուսակցական է:
Կոլեգիալ խորհրդի անդամներին առավել հետաքրքրում է, թե ինչու տնօրենի թափուր տեղի համար որեւէ մեկը հայտ չի ներկայացրել: Խորհրդի անդամ Կարեն Ավագյանը ընտրության արդյունքները չի ընդունում, պատրաստակամ է բողոքարկել միչեւ վերին ատյաններ. «Չենք հասկանում` ինչու այլ հայտ չի ներկայացվել, նաեւ դա էր պատճառը, որ ուզում էինք հետաձգվեր: Հեռավոր դպրոցներում մի քանի հայտ են ներկայացնում, իսկ Գյումրիում գործող դպրոցում` ընդամենը մեկ»,-ասաց Կարեն Ավագյանը:
Խորհրդի անդամները բողոքները գրավոր ուղարկել են ԿԳ նախարարություն: Դեռեւս արձագանք չկա:

ՀԵՂԻՆԵ ՄԱՆՈՒԿՅԱՆ
Շիրակ

 

 

 

ՉԱՐԱՇԱՀՈՒՄՆԵՐ ԹՈՒՅԼ ՏՎԱԾ ԳՅՈՒՂԱՊԵՏԵՐՆ ԱԶԱՏՎՈՒՄ ԵՆ

Տեղական ինքնակառավարման մարմնի ընտրություններ սպասվում են ոչ միայն այս տարվա հոկտեմբերի վերջին, այլեւ հաջորդ տարվա փետրվարի 17-ին:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՀՀ կառավարության վաղվա նիստում տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը կներկայացնի թվով 4 գյուղապետերի հրաժարականի վերաբերյալ որոշման նախագծեր: Օրինակ, հրաժարական տված գյուղապետերից է ՀՀ Կոտայքի մարզի Նոր Գեղիի գյուղապետ Ֆրոնտիկ Թեւոսյանը, ով վերընտրվել է 2016 թվականի հոկտեմբերի 2-ին: Նա Նոր Գեղի համայնքը ղեկավարում էր 1986 թվականից: Սակայն թավշյա հեղափոխությունից հետո գյուղի բնակիչները բողոքի ակցիա են անցկացրել ընդդեմ նրա պաշտոնավարման: Ի դեպ, 2015 թվականին Նոր Գեղիի կենտրոնական փողոցը ավագանու որոշմամբ գյուղապետի ծննդյան 70 ամյակին անվանակոչվեց նրա անունով, իսկ 65 ամյակին էլ երաժշտական դպրոցն էր իր անունով անվանակոչվել:
Հաջորդ հրաժարական տված գյուղապետը Գեղարքունիքի մարզի Ակունք համայնքի ղեկավար Արծրուն Ղարիբյանն է: Սակայն այս դեպքում, ըստ ՀՀ ոստիկանության, Ակունք համայնքի ղեկավարը չարաշահումներ է թույլ տվել: Նախնական տվյալներով` Արծրուն Ղարիբյանը, պաշտոնավարման տարիներին անձնական շահագրգռվածությունից ելնելով, 2008-2017 թվականների ընթացքում իր մտերիմներից հինգ հոգու համայնքապետարանում աշխատանքի է ընդունել: Նրանք փաստացի աշխատանքի չեն հաճախել, ստացել են իրենց անվամբ դուրս գրված աշխատավարձերը: Ըստ ոստիկանության` ապօրինության հետեւանքով պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերի` 22 մլն 297 հազար դրամի չափով վնաս: Հրաժարականների շարքը շարունակում է Վայոց ձորի մարզի Մալիշկայի այլեւս նախկին գյուղապետ Մհեր Մովսիսյանը: Ոստիկանության պաշտոնական հաղորդագրության համաձայն` Մովսիսյանը, անձնական շահագրգռվածությունից ելնելով, իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, կնոջը եւ երկու որդիներին ձեւակերպել է մարզադպրոցում որպես մարզիչներ, բայց նրանք չեն հաճախել աշխատանքի եւ ամսական ստացել են 800 – 900 հազար դրամ: Բացի այս, պարզվել է, որ 2016-2017թթ. ընթացքում Մալիշկայի համայնքապետարանի ընթացիկ նորոգման եւ պահպանման համար դուրս է գրվել շուրջ 29 մլն դրամ, սակայն իրականում աշխատանքները կատարվել են մասնակի: Արդյունքում Մովսիսյանի կողմից յուրացվել են խոշոր գումարներ: Արարատի մարզի Արեւաբույրի գյուղապետ Մարտին Ավետիսյանը եւս հրաժարական է տվել: Նկատենք, որ այս օրերին Հայաստանում նախկին գյուղապետերի ձերբակալությունները չեն դադարում:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ




Լրահոս