ԱԼԱՎԵՐԴՈՒ ՊՂՆՁԱՁՈՒԼԱԿԱՆ ԳՈՐԾԱՐԱՆԸ ԿՓԱԿՎԻ՞

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Վալլեքս» խմբի մեջ մտնող «Էյ-Սի-Փի» ընկերությանը պատկանող Ալավերդու պղնձաձուլական գործարանն առաջիկայում կդադարեցնի իր գործունեությունը: Պատճառը վարկային պարտավորություններն են, որոնք ընկերությունը չի կարող մարել: Նույն ճակատագրին է արժանացել նաեւ նախկինում «Վալլեքս» խմբի մեջ մտնող «Թեղուտ» ՓԲԸ-ն:

Բանն այն է, որ Թեղուտի հանքավայրի կառավարումն ամբողջությամբ անցել է ռուսաստանյան ՎՏԲ բանկին` հանքը շահագործող «Թեղուտ» ընկերության վարկային պարտավորությունների դիմաց: Իսկ ընկերությունը նման խնդիրների առաջ կանգնել է այն բանից հետո, երբ դանիական «Արտահանումների վարկավորման գործակալությունը» եւ PenslonDenmark մասնավոր կենսաթոշակային հիմնադրամը դադարեցրին դեռեւս 2013 թվականին Թեղուտի պղնձամոլիբդենային հանքի շահագործման համար ՎՏԲ բանկի միջոցով «Վալլեքս» խմբին տրամադրած շուրջ 62 մլն ամերիկյան դոլարի չափով վարկի տրամադրումը: Նշենք, որ ընկերության կողմից Լոռու մարզի Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրի շահագործման ծրագիրն իրականացվել է «Վալլեքս» խմբի ընկերությունների սեփական եւ ՎՏԲ խմբից ներգրավված վարկային միջոցների հաշվին: Իսկ վարկային համաձայնության խզման պատճառն ընկերությանը ներկայացված բազմաթիվ զգուշացումներից հետո բնապահպանական ու սոցիալական իրավիճակը չշտկելն է:
Արդյունքում, «Վալլեքս» խմբի ընկերությունը դադարեցրեց Թեղուտի հանքավայրի շահագործումը եւ 1200 աշխատողների թիվը հասցրեց 300-ի: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ արդեն մի քանի օր է, ինչ ընկերության ճաշարանի եւ խանութի աշխատողները աշխատանքից ազատման ծանուցումներ են ստանում: Ըստ այդմ, նրանք նոյեմբերի 1-ից չպետք է գնան աշխատանքի:
«Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ Թեղուտի կառավարումն այս պահին իրականացնում է «ՎՏԲ բանկը» եւ իր հետ ասոցացված կառույցների կողմից նշանակված ղեկավարները:
Սակայն տեղի բնակչության մեծ մասը մի շարք մտահոգություններ ունի Թեղուտի հանքավայրի հետագա շահագործման հետ կապված. ի՞նչ ընկերություն է շարունակելու շահագործել հանքավայրը: Չէ՞ որ ռուսաստանյան ՎՏԲ բանկում, ըստ մամուլում շրջանառվող լուրերի, Ադրբեջանը եւս բաժնեմաս ունի: Ի դեպ, տեղեկացնենք, որ «Վալլեքս» խումբը Չինաստանի կառավարության հետ բանակցում է Ալավերդիում մոտ 600 մլն դոլարի ներդրումների հաշվին նոր, աշխարհի ամենանորագույն տեխնոլոգիաներով պղնձաձուլարան կառուցելու ծրագրի շուրջ:
Մինչ այդ նկատենք, որ «Վալլեքս» խմբի միակ խնդիրը «Թեղուտ»-ը չէ, այ Ալավերդու պղնձաձուլական գործարանը: «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ «Վալլեքս» խմբի մեջ մտնող «Էյ-Սի-Փի» ընկերությանը պատկանող Ալավերդու պղնձաձուլական գործարանի ակտիվները գործարանի հետ միասին գրավադրված է կրկին նույն` ՎՏԲ բանկում: Ըստ այդմ, «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ռուսաստանյան ՎՏԲ բանկը առաջիկայում կտնօրինի Ալավերդու պղնձաձուլական գործարանը: Աշխատողները «Ժողովուրդ» օրաթերթին պատմեցին, որ այն չորս օրից փակվելու է: Ավելին` գործարանը շահագործող ընկերությունը փակման մասին արդեն աշխատակիցներին զգուշացրել է: Այս ընթացքում անգամ կան աշխատողներ, որոնք ազատման դիմումներ են ներկայացնում:
Սա դեռ ամենը չէ: Մինչ «Վալլեքս» խումբը փորձեր է անում ռուսաստանյան ՎՏԲ բանկի հետ իրավական ճանապարհով վիճարկել գործարանը բանկին անցնելու գործընթացի օրինականությունը, այս ընթացքում բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմինը նրանց տուգանել է:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ տեսչական մարմինը խմբի մեջ մտնող «Արմենիան Քափըր Փրոգրամ» ՓԲԸ-ում ստուգումներ է իրականացրել եւ արձանագրել, որ մթնոլորտային օդի եւ ջրերի աղտոտման, թափոնները ոչ պատշաճ պահպանելու պատճառով շրջակա միջավայրին հասցվել է 380 մլն դրամի վնաս:
Ի դեպ, «Թեղուտ» ընկերությունը վերջին տարիներին Հայաստանի խոշոր հարկատուների ցանկի առաջին հորիզոնականներում է: Իսկ տնտեսագետները վստահ են, որ «Թեղուտ»-ի եւ Ալավերդու պղնձաձուլական գործարանի չաշխատելը երկրի տնտեսությանը լուրջ վնաս կհասցնի: Այս ընկերությունը հարկային մուտքեր է ապահովում Հայաստանի համար: Եւ ընդհանրապես, վերջին տարիներին ՀՀԿ իշխանության օրոք ստացվել է այնպես, որ երկրի տնտեսությունը հիմնվել է հենց հանքարդյունաբերության վրա, որտեղ թեթեւ վայրիվերումները լուրջ ազդեցություն են ունեցել:
Այս թեմայի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց մեկնաբանություն ստանալ «Վալլեքս» խմբից, սակայն հանրային կապերի բաժնից փոխանցեցին, որ այս պահին չեն կարող հարցերին պատասխանել եւ առաջիկայում հայտարարությամբ հանդես կգան:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 

 

ՓՈՔՐ ԲՈՒԺԿԵՏ՝ ԱՌԱՆՑ ՋՐԻ
Նոյեմբերյանի տարածաշրջանի՝ Վրաստանին սահմանակից, 425 բնակիչ ունեցող Դեղձավան գյուղում հիմնականում բնակվում են Վրաստանի Ջավախքի տարածաշրջանից վերաբնակվածները: Փոքր գյուղի բուժկետը գտնվում է Դեղձավանի կենտրոնում: Կանաչ ներկված փոքր, փայտաշեն տնակի կեսը զբաղեցնում է բուժկետը, կեսը՝ ոստիկանության տեղամասային աշխատողի աշխատասենյակը: Փորձառու բուժքույր, 30 տարի առաջ Ադրբեջանից բռնագաղթած Լյուդմիլա Գալստյանը հայտնեց, որ պետության կողմից տրվում են առաջին բժշկական օգնության համար նախատեսված դեղամիջոցները, որոնք բաժանվում են դեղձավանցի հիվանդներին: Նա ասաց, թե փայտե տնակի ջերմամեկուսացումը վատ է կատարվում, տնակում ամռան ամիսներին խիստ շոգ է, ձմռանը՝ ցուրտ: Տնակի տախտակների արանքով ցուրտը թափանցում է բուժկետի տարածք: Բուժկետը ապահովված չէ խմելու ջրով: Բուժքույր Լ. Գալստյանը իր գործի համար անհրաժեշտ ջուրը դույլերով ներկրում է բուժկետի մոտակա աղբյուրից:

 

 

ԴՊՐՈՑԸ` ԱՆՏԱՌՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԱՆՄԽԻԹԱՐ ՇԵՆՔՈՒՄ
Իջեւանի տարածաշրջանի Աճարկուտ համայնքի հիմնական դպրոցում սովորում է ընդամենը 9 աշակերտ: Նրանցից 2-ը դպրոցի տնօրեն Արտակ Վարդումյանի երեխաներն են: Դպրոցում սովորողներից մեկը` 1-ին դասարանի միակ տղա աշակերտը, հարեւան Կիրանց գյուղի բնակիչ է, նա Աճարկուտի դպրոց է գալիս այդ գյուղի դպրոցում ուսուցչուհի աշխատող իր մայրիկի հետ: Իր հերթին Աճարկուտ գյուղի բնակիչ 3 աշակերտ տարբեր պատճառներով հաճախում են հարեւան` Կիրանց գյուղի հիմնական դպրոց: Աճարկուտի հիմնական դպրոցում գործում են երկկոմպլեկտ դասարաններ, ինչը դժվարեցնում է ուսումնական գործընթացի արդյունավետությունը; Աճարկուտի հիմնական դպրոցը տեղակայված է Սեւքարի անտառտնտեսությանը պատկանող շենքում, այդ պատճառով դպրոցը մինչեւ հիմա կրթական գործունեություն իրականացնելու համար Հայաստանի կրթության եւ գիտության նախարարության կողմից լիցենզիա չի ստացել: Աճարկուտի դպրոցի տնօրեն Արտակ Վարդումյանը հայտնեց, որ իրենք չեն կարող վերանորոգման աշխատանքներ կատարել կրթօջախի շենքում, որն իրենց չի պատկանում: Դպրոցի միահարկ շենքը վերանորոգման խիստ կարիք ունի, հատակի տախտակները մաշված են, կարկատված, պատերը վնասված են: Շուրջ 180 բնակիչ ունեցող Աճարկուտի բնակիչները դպրոցի գործունեությունը փոքր համայնքի համար կարեւորում են, քանզի դպրոցի չգործելու դեպքում անտառներով շրջապատված Աճարկուտից արտագաղթը մեծ կլիներ:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ

 

 

ՈՒՂԵԳՈՐԳԸ ՎԵՐՑՆՈՒՄ ԵՆ
Հայաստանի կառավարությունը մտադիր է Ազգային Ժողովին ամրացված մոտ 2.5 մլն դրամ արժեքով եւ 294քմ ուղեգորգը հետ վերցնել եւ անհատույց օգտագործման իրավունքով տրամադրել «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» ՊՈԱԿ-ին: Նշենք, որ կառավարության այս տարվա մարտի 29-ի N323-Ն որոշմամբ` իրականացված գնման գործընթացի արդյունքում Ազգային ժողովի աշխատակազմը ձեռք է բերել 600քմ ուղեգորգ: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այն առաջին անգամ օգտագործվել է ՀՀ նորընտիր նախագահի` Արմեն Սարգսյանի` ապրիլի 9-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայացած երդմնակալության արարողության ժամանակ: Բայց արարողությունից հետո 306քմ ուղեգորգը տեղափոխվել է Ազգային ժողով, իսկ 294քմ-ն մնացել է մարզահամերգային համալիրի տարածքում: Արդյունքում մյուս 294քմ ուղեգորգը, որը հնարավոր չի եղել անվնաս ապամոնտաժել եւ տեղափոխել, կառավարությունը կորոշի անհատույց սեփականության իրավունքով հանձնել Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրին:

 

 

ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԴՊՐՈՑ
ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Փարիզի պաշտպանության խորհրդի նախագահ Պատրիկ Դեւեջյանի գլխավորած պատվիրակությանը: Վերջինս շնորհակալություն է հայտնել ընդունելության համար եւ նշել, որ Ֆրանսիայի Օ-Դը-Սեն նահանգի գլխավոր խորհրդի կողմից Ֆրանսիայի հայկական հիմնադրամի միջոցով ՀՀ Տավուշի մարզի գյուղական համայնքներում արդեն տասը տարի իրականացվող ներդրումային ծրագրերի տեսանելի եւ շոշափելի ձեռքբերումները ստիպում են մտածել փոխգործակցության զարգացմանն ու ընդլայնմանն ուղղված նոր գաղափարների եւ տեսլականների ուղղությամբ: Պատրիկ Դեւեջյանը մտահոգություն է հայտնել գյուղացիների շրջանում գյուղատնտեսությանն ու ագրոարդյունաբերությանը վերաբերող գործնական գիտելիքների ցածր մակարդակի կապակցությամբ եւ առաջարկել մասնագիտական կարողությունների զարգացման նպատակով քննարկել Տավուշի մարզում գյուղատնտեսական նշանակության դպրոց ստեղծելու հնարավորությունները: Նախարարը հյուրերին վստահեցրել է, որ ՀՀ կառավարությունը հետաքրքրված է լավագույնս օգտագործել տարբեր ոլորտներում համագործակցության զարգացման հնարավորությունները եւ պատրաստ իր անվերապահ աջակցությունը ցուցաբերել եվրոպական գյուղատնտեսական հարուստ փորձը Հայաստանում ներդնելու ծրագրերին:




Լրահոս