«ՀՀ-ՈՒՄ ՉԿԱ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՈՉ ՄԻ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ը հայաստանյան ներքաղաքական կյանքի վերջին զարգացումների մասին զրուցել է կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանի հետ: Նա տեղեկացրել է, որ վերջերս դադարել է քաղաքական դաշտին որպես դիտորդ նայել: Նա ծրագրում է հիմնել կուսակցություն, որը կկոչվի «Հայաստանի եվրոպական կուսակցություն»: Ռեժիսորը որոշել է հանդես գալ որպես արեւմտամետ ընդդիմություն:

-Պարո՛ն Խզմալյան, ինչպե՞ս եք գնահատում հանրապետականների կողմից կուսակցությունն ակտիվ կերպով լքելու միտումը: Սա, ըստ Ձեզ, ինչի՞ արդյունք է:
-Մենք ժամանակին տեսել ենք, թե ինչպես ամենահզորը թվացող Հայաստանի կոմունիստական կուսակցությունը մի գիշերվա մեջ փսկեց, ինչպես փուչիկը: Տեսել ենք, թե ինչպես էին մարդիկ փախչում՝ կուսակցական տոմսերն այրելով: Հետո նույնը տեսանք մի քանի տարի անց Հայոց Համազգային շարժման պարագայում: Ժամերի ընթացքում վերջինս արժանացավ նույն ճակատագրին: Հիմա մենք տեսնում ենք նույն այդ միտումը: Բանն այն է, որ դրանք իրականում կուսակցություններ չեն, այլ այն նույն կառույցի ստորաբաժանումները, որը կոչվում է Խթը: Այս կառույցի անդամներն այնտեղ են, որտեղ կա իշխանություն: Այդ պատճառով չեմ կարծում, թե այսօր տեղի ունեցողը պետք է զարմացնի մեզ, դրան լուրջ վերաբերվել պետք չէ: Իմ նշած ուժերը կուսակցություններ չեն եղել, չեն ունեցել գաղափարախոսություն: Ես չեմ կարող հավատալ, որ ՀՀԿ-ի մականունավոր պատգամավորները նժդեհական էին. դա կլինի վիրավորանք բանականությանը: Սպասեք ու կտեսնեք, որ Խթը-ականները շուտով կդառնան «Քաղաքացիական պայմանագրի» անդամներ: Ընդամենը մի քանի շաբաթ համբերություն է պետք դրա համար: Մենք արդեն տեսնում ենք, թե ինչպես հանրապետականներից շատերը, ինչպես Գեւորգ Կոստանյանը, մոռացել են ժողովրդական շարժմանն ուղղված իրենց հայհոյանքներն ու հեգնանքը: Չկա ԲՀԿ, ՀՀԿ, ՕԵԿ եւ այլն, դրանք բոլորը մականուններ են:
-Ըստ Ձեզ՝ հեղափոխությունն այժմ ի՞նչ փուլ է թեւակոխել: Այն ավարտվե՞լ է, թե՞ գուցե չի էլ եղել:
-Հեղափոխությունը չի ավարտվել, թեեւ ոմանք կասեն, որ այն չի էլ սկսվել: Ի՞նչ է սա` դեռ չեմ հասկանում: Տեղի ունեցավ իշխանափոխություն, դա հստակ է: Ընդ որում, դա թերի իշխանափոխություն է, քանի որ իշխանության երկու կարեւոր թեւերը դեռեւս պատկանում են նախորդ ռեժիմին: Մի բան կարող ենք ֆիքսել՝ մենք ապրում ենք փոփոխությունների շրջան, որ մեկ քառորդ դար է՝ ընթանում է որոշակի դադարներով: Հեղափոխությունն ընթացքի մեջ է: Դրա ամենակարեւոր արդյունքն այն էր, որ մենք պարզեցինք՝ ՀՀ-ում չկա քաղաքական դաշտ, քաղաքական ոչ մի կուսակցություն: Իսկ խորհրդարանական երկրի դեպքում կուսակցությունների բազմազանություն չունենալը, մեղմ ասած, անհեթեթություն է: Սա ամենամեծ խնդիրն է, որը պետք է լուծենք:
-Ուզում եք ասել՝ ընդդիմություն չունե՞նք:
-Իշխանությունը շատ թե քիչ կայանում է, բայց չկա ընդդիմություն: Դա մեծագույն ներքին քաղաքական խնդիր է: Ի դեպ, ասեմ, որ վերջերս դուրս եմ եկել քաղաքական դաշտի դիտորդի կարգավիճակից, ծրագրում եմ հիմնել «Հայաստանի եվրոպական կուսակցություն», նախաձեռնել եմ այդ շարժումը, հիմա անդամներին ենք ցուցակագրում, շուտով նախատեսված է հիմնադիր ժողովը: Փորձում եմ ինքս ստեղծել ընդդիմություն, ընդ որում՝ արեւմտամետ ընդդիմություն: Այնպես որ, անելիքները շատ են:

Զրուցեց ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԸ

 

 

 

ՀՈՎՈՅԻՆ ՏԵՍՆՈ՞ՒՄ ԵՆ ԱԺ-ՈՒՄ

Դերասան Հովհաննես Ազոյանը (Հովոն) դիմում էր գրել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանն անդամակցելու համար: ՔՊ խոսնակը հաստատել էր այս տեղեկությունը՝ նշելով, որ Ազոյանը դիմում է գրել, որը դեռ չի հաստատվել: Վերջերս էլ «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում Ազոյանն ասել է, որ սոցիալական տարբեր շերտերի, փոքրամասնությունների շահերն է ուզում պաշտպանել եւ նպատակ ունի անպայման լինել Ազգային ժողովում՝ որպես պատգամավոր. «Ցանկանում եմ իմ տեսակով ու ներկայությամբ գունավորել Ազգային ժողովը»,-նշել է նա:

«Ժողովուրդ»-ը թեմայի շուրջ մեկնաբանություն խնդրեց Հովհաննես Ազոյանից, սակայն նա հրաժարվեց որեւէ լրացուցիչ տեղեկություն հայտնել:
Նշենք, որ դերասանի հայտարարությունը բուռն կերպով քննարկվում է հայ հանրության կողմից: Դերասանուհի Էվա Խաչատրյանն, օրինակ, «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նշեց, որ դրական է վերաբերվում Հովհաննես Ազոյանի մտադրությանը. «Ես ծանոթ եմ նրա քաղաքական հայացքներին, գիտեմ, որ հասարակական ակտիվ գործունեություն է ծավալում, որի մասին հանրությունը տեղյակ չէ: Հովհաննեսը տեղեկացված, խելացի մարդու տեսակ է, վստահ եմ, որ Ազգային ժողովում նրա ներկայությունից մենք չենք տուժի, այլ միայն կշահենք: Ոչ բոլորն են ռիսկ անում մուտք գործել քաղաքականություն, եւ եթե նա ցանկանում է գնալ այդ քայլին, ուրեմն պատրաստ է»,-ընդգծեց նա:
Իսկ ահա երգահան Մարինա Թագակչյանն այլ կարծիք ունի: Նրա համոզմամբ՝ Հովհաննես Ազոյանը դեռեւս պատրաստ չէ քաղաքականություն մուտք գործելուն. «Պատգամավորը միայն կոճակ սեղմող մարդ չէ, նա պետք է քաղաքականապես զարգացած լինի, պետք է կարողանա նախագիծ տանել ԱԺ: Եթե Հովհաննեսը ԱԺ մուտք գործելու ցանկություն ունի, ողջունելի է, բայց դրան հասնելու համար տարիներ, որոշակի հասունություն է պետք: Ինքս «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ եմ, բայց երբեք չեմ հավակնել մուտք գործել քաղաքականություն: Եթե որեւէ գործ էլ անեմ, դա կվերաբերի մշակույթին»,-շեշտեց երգահանը:
Իսկ ահա դերասան, երգիչ, Հովհաննես Ազոյանի խաղընկեր Արսեն Գրիգորյանը (Կամիլ), պատասխանելով մեր այն հարցին, թե չի՞ ափսոսում, որ Հովհաննեսը, քաղաքականություն մուտք գործելով, կարող է լքել շոու-բիզնեսը, տվեց լակոնիկ պատասխան. «Կարծում եմ՝ այդ երկու ասպարեզն էլ ե՛ւ կարիք ունեն, ե՛ւ, միեւնույն ժամանակ, պակաս չունեն դերասանների»:

Ա. ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

 

 

ՆՎԻՐՎԱԾ ԱՅՎԱԶՈՎՍԿՈՒՆ
Հովհաննես Այվազովսկու «Իններորդ ալիք» նկարը ցուցադրվում է Տոկիոյի ցուցահանդեսում: Ճապոնիայում Հայաստանի դեսպանատան փոխանցմամբ` օրերս Ճապոնիայի մայրաքաղաքում բացվել է Ռուսական թանգարանի ստեղծագործությունների ցուցահանդեսը: Ցուցադրանմուշների թվում են նաեւ մեծ ծովանկարչի «Իններորդ ալիք»-ն ու այլ ստեղծագործություններ: Ցուցահանդեսը կտեւի մինչեւ դեկտեմբերի 24-ը:

 

 

ԳՈՎԵԼ Է ՄԲԱՊԵԻՆ
Մադրիդի «Աթլետիկո»-ի ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանը գովել է փարիզյան ՊՍԺ-ի ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեին` նրան համեմատելով Թուրինի «Յուվենտուս»-ի եւ Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի հետ: «Մբապեն հիմա հրաշալի է խաղում: Նա ինձ հիշեցնում է Կրիշտիանու Ռոնալդուին «Մանչեսթեր Յունայթեդ»-ում հանդես գալու տարիներին: Կիլիանը նույնպես հանդես է գալիս եզրում, շատ է խաղարկում գնդակը եւ շատ է գոլ խփում: Եթե նա սկսի մտածել միայն գոլերի մասին, ապա կհասնի նաեւ Ռոնալդուի մակարդակին քանակի իմաստով»,-ասել է Գրիզմանը:
Ֆրանսիայի ընթացիկ առաջնությունում 19-ամյա Մբապեն խփել է 8 գոլ: Նա «Ոսկե գնդակ»-ի հավակնորդների թվում է:

 

 

ԱՆՀԱՆԳՍՏԱՑՆՈՒՄ Է
Ղազախստանի «Ակտոբե»-ի գլխավոր մարզիչ Վլադիմիր Մուխանովը խոսել է Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Մարկոս Պիզելիի վնասվածքի մասին: «Պիզելին մկանային սպազմ ունի, որը մինչեւ հիմա անհանգստացնում է նրան: Մենք ռիսկի չդիմեցինք: Մարկոսն ասաց, որ դիսկոմֆորտ ունի: Ինչո՞ւ խորացնենք խնդիրը: Նա հիմա կմիանա հավաքականին: Կտեսնենք, թե ինչ վիճակում կլինի»,-ասել է գլխավոր մարզիչը: Հիշեցնենք, որ Պիզելին Հայաստանի հավաքականի հետ կպատրաստվի Ազգերի լիգայի առաջիկա երկու հանդիպումներին: Հոկտեմբերի 13-ին Հայաստանի թիմը կընդունի Ջիբրալթարի, հոկտեմբերի 16-ին` Մակեդոնիայի հավաքականին:

 

 

ԼՈՒՐՋ ՍԽԱԼ
«Բարսելոնա»-ի պաշտպան Ժերար Պիկեն Լա լիգայի հերթական տուրում «Վալենսիա»-ի հետ անցկացրած ոչ-ոքիից հետո մեկնաբանել է 2-րդ րոպեին բաց թողած գոլը. «Այո, ես շատ լուրջ սխալ եմ թույլ տվել, բայց ես լավ եմ: Շատերը, ընդ որում` ոչ միայն Մադրիդում, այլեւ Բարսելոնայում, ինձ ատում են եւ սպասում են իմ սայթաքմանը: Ամեն անգամ, երբ մենք գոլ ենք բաց թողնում, մոդայիկ է դառնում ինձ մեղադրելը: Բայց ես նրանց հասկանում եմ, սա խաղի մի մասն է: Թող օգտվեն հնարավորությունից եւ մի փոքր ուրախանան»,-ասել է Պիկեն:




Լրահոս