Լուսանկարն արվել է ՀՀ վճռաբեկ դատարանի դիմաց
Երեկ ՀՀ վճռաբեկ դատարանի դիմաց մի խումբ քաղաքացիներ բողոքի ակցիա էին իրականացնում` ի պաշտպանություն 3 անչափահաս եւ մեկ չափահաս երեխաների մայր Հասմիկ Սարգսյանի: Հիշեցնենք, որ 10 հազար դրամ գողության համար դատապարտվել է 5 տարվա ազատազրկման: Բողոքի ակցիայի մասնակիցները պահանջում էին, որպեսզի վարույթ ընդունվի Հ. Սարգսյանի վճռաբեկ բողոքը, որով հնարավորություն կընձեռվի բեկանել վերաքննիչ եւ առաջին ատյանի դատարանների վճիռները, եւ կկանխվի կնոջ ազատազրկումը 5 տարով: Ակցիայի մասնակիցների պնդմամբ` Հ. Սարգսյանը ոչ թե 10, այլ 4 հազար դրամի գողություն է կատարել: Նրանք դատարան էին բերել պանիր, բրինձ, կարտոֆիլ ու հնդկաձավար:
ՀԱՐՑ. Խնդրում եմ` ասեք` ՀՀ ապրանքներ ներմուծողը ակցիզային դրոշմանիշեր ձեռք բերելու նպատակով ի՞նչ փաստաթղթեր պետք է ներկայացնի:
Իրինա Մարտիրոսյան (30 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. Տեղեկացնում ենք, որ ՀՀ ներմուծվող ապրանքների համար դրոշմանիշեր ձեռք բերելու համար ներմուծողը վերադաս մաքսային մարմին է ներկայացնում.
ա) Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած ձեւի դիմում ակցիզային դրոշմանիշեր ձեռք բերելու համար.
բ) օտարերկրյա պայմանադիր կողմի հետ կնքված պայմանագրի պատճենը, որի հիման վրա կատարվելու է պարտադիր դրոշմավորման ենթակա ապրանքների ձեռքբերումը եւ ներմուծումը,
գ) Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած ձեւի հաշվետվություն դիմումը ներկայացնելու օրվա դրությամբ նախկինում տրամադրված դրոշմանիշերի օգտագործման մասին:
Օտարերկրյա պայմանադիր կողմի հետ կնքված, նախկինում մաքսային մարմին ներկայացված պայմանագրի շրջանակներում ներմուծումներ իրականացվելու դեպքերում պայմանագրի փոխարեն մաքսային մարմին կարող է ներկայացվել Հայաստանի Հանրապետություն ներմուծվելիք ապրանքների տեսականու եւ քանակությունների, տարայի տարողության, իսկ սպիրտային խմիչքների դեպքում նաեւ սպիրտայնության վերաբերյալ տվյալներ պարունակող այլ փաստաթուղթ:
ՀՀ պետական եկամուտների կոմիտե
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Հարկ վճարողների համար ակցիզային դրոշմանիշների ձեռքբերման համար վճարված գումարը համարվում է հաշվարկված ակցիզային հարկի կանխավճար եւ չի կարող հաշվանցվել այլ հարկային պարտավորությունների հաշվին` բացառությամբ դրոշմավորման կարգով նախատեսված դեպքերի:
ՀԱՐՑ. Ես եւ ամուսինս համատեղ ավանդ ենք դրել բանկում: Ամուսինս մահացել է: Ես ուզում եմ իմանալ` ինչպես կարող եմ ստանալ մեր ավանդի գումարը: Նշեմ, որ գրքույկը ամուսնուս անունով է:
Հունանյան Խասենիկ (ք. Երեւան)
ՊԱՏԱՍԽԱՆ. Ձեր մահացած ամուսնու կողմից համատեղ ամուսնական կյանքի ընթացքում ներդրված ավանդի փոխhատուցման համար կարող եք գրանցվել, եթե համապատասխանում եք հետեւյալ չափորոշիչներից որեւէ մեկին`
1) մինչեւ 1932 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ ծնված անձինք, այդ թվում եթե ավանդը ներդրվել է մահացած ամուսնու կողմից համատեղ ամուսնական կյանքի ընթացքում,
2) ՀՀ պաշտպանության մարտական գործողությունների մասնակից անձինք, այդ թվում եթե ավանդը ներդրվել է մահացած ամուսնու կողմից համատեղ ամուսնական կյանքի ընթացքում,
3) Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 18-ի N 1444-Ն որոշման N 1 հավելվածի ցանկում ընդգրկված համայնքներում բնակչության պետական ռեգիստրում 2014 թվականի օգոստոսի 1-ի դրությամբ հաշվառված անձինք, այդ թվում եթե ավանդը ներդրվել է մահացած ամուսնու կողմից համատեղ ամուսնական կյանքի ընթացքում:
4) Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողություններին մասնակցելու կամ մարտական հերթապահություն կամ հատուկ առաջադրանք կատարելու ժամանակ զոհված (մահացած) զինծառայողների կամ կամավորականների կամ անհայտ կորածների անունով ներդրված ավանդը ժառանգած անձինք:
Նշված սոցիալական կարգավիճակներից որեւէ մեկին բավարարելու դեպքում կարող եք դիմել Ձեր փաստացի բնակության վայրի սոցիալական աջակցության տարածքային գործակալություն (բաժին):
ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության կենսաթոշակային ապահովության վարչության պետ Անահիտ Գալստյան
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ եթե ավանդատուն ունի ավանդներ մի քանի բանկերում, ապա նրա ավանդները երաշխավորվում են յուրաքանչյուր բանկում առավելագույն սահմանաչափով: