ՀՀԿ-ԱԿԱՆՆԵՐԻ ՎԵՐՋԻՆ ՎՆԱՍԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հանրապետականներն օգտագործելով իրենց վերջին հնարավորությունները` խորհրդարանի լուծարումից առաջ փորձում են Նիկոլ Փաշինյանի կառավարության համար անհարմարություններ ստեղծել: Ու սա այն դեպքում, երբ նախօրեին ԱԺ ՀՀԿ խմբակցությունը հանդես էր եկել հայտարարությամբ` տեղեկացնելով, որ իրենք չեն խոչընդոտի դեկտեմբերին ԱԺ արտահերթ ընտրությունների անցկացման` ՀՀ կառավարության նախաձեռնությանը:
Բանն այն է, որ երկուշաբթի օրվանից Ստրասբուրգում մեկնարկած ԵԽԽՎ վեհաժողովի օրակարգում չնայած Հայաստանին վերաբերող հարց չկա, սակայն պատվիրակության անդամներն այս օրերն ու եվրոպացի գործընկերներին հանդիպելու հնարավորությունն ավելի շատ օգտագործում են քաղաքական նպատակներով: Հաշվարկը պարզ է` անել ամեն ինչ, որպեսզի ՀՀԿ-ի ջանքերով ՀՀ-ի նկատմամբ իրականացվող մոնիտորինգի արդյունքում ԵԽԽՎ-ում նախ զեկույց պատրաստվի, այնուհետեւ ՀՀ իշխանությունների դեմ բանաձեւեր ընդունվեն: Հիշեցնենք, որ ԵԽԽՎ համազեկուցողներից ուկրաինացի Յուլյա Լյովոչկինան վերջերս հայտարարություն էր տարածել` ըստ էության, կրկնելով ՀՀԿ-ականների փաստարկները: Ու եթե նրա գնահատականները տեղ գտնեն զեկույցում, ապա հնարավոր է այդ ամենին ավելի լուրջ «տեսք տալ»: Կա տեսակետ, որ այս գործում ներգրավված են ոչ միայն ՀՀԿ-ականները, այլեւ խորհրդարանական այլ խմբակցությունների ներկայացուցիչներ եւս: Պատահական չէ, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ հայտարարել է. «ԵԽԽՎ-ում մեր պատվիրակությունը, ըստ էության, ոչ մեկին չի ներկայացնում, ներկայացնում է նախկին կոռուպցիոն համակարգը»: Հենց դրա համար էլ Փաշինյանը ԵԽԽՎ նստաշրջանին գործուղել է նաեւ ԱԺ «Ելք» խմբակցության քարտուղար, ՔՊ փոխնախագահ Լենա Նազարյանին, որպեսզի նա ճշգրիտ տեղեկատվություն փոխանցի օտարերկրացիներին:

 

 

«Ժողովուրդ» օրաթերթին ուշագրավ մանրամասներ են հայտնի դարձել ԱԺ նախկին պատգամավորներ Կարո Կարապետյանի եւ Հարություն Ղարագյոզյանի ողբերգական միջադեպից: Պարզվում է` Ղարագյոզյանն իր նախկին գործընկերոջ հետ հանդիպմանը զենքով գնացել է ոչ պատահական: Նրանց հաշտեցնելու նպատակով հանդիպումը կազմակերպել էր մեկ այլ նախկին պատգամավոր` Աբրահամ Մանուկյանը: Ու մեզ հասած հավաստի տեղեկությունների համաձայն` Աբրահամ Մանուկյանն իր ծանոթ մարդկանց պատմել է, թե մինչ ռեստորանում հանդիպելը նույն օրը` ժամը 18:00-ի սահմաններում, Հարություն Ղարագյոզյանի վրա են հարձակվել Կարո Կարապետյանի թիմակիցները եւ ծեծի են ենթարկել: Դրանից հետո էլ կողմերը որոշել են հանդիպել ու առաջացած տարաձայնությունը կարգավորել, դե Ղարագյոզյանն էլ իր հետ էր վերցրել նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանից նվեր ստացած զենքը եւ կրակել Կարապետյանին, իսկ ավելի ուշ` ինքնասպան եղել:

 

 

Պարզվում է` ՀՀ ՄԻՊ աշխատակիցները բավական ակտիվ են արտասահմանյան գործուղումների մեկնելու հարցում, միաժամանակ, նրանք բավական ակտիվ ներգրավված են վճարովի հիմունքներով ծրագրերում: Թավշյա հեղափոխությունից հետո 2018 թվականի ապրիլի 1-ից մինչեւ հոկտեմբերի 5-ն ընկած ժամանակահատվածում արտասահմանյան գործուղման է մեկնել ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի 25 աշխատող: Նրանք մեկնել են Ֆրանսիա, Ֆինլանդիա, Նորվեգիա, Չեխիա, Ուկրաինա, Վրաստան, Սլովենիա, Լատվիա: Միայն թե, ՄԻՊ-ից «Ժողովուրդ» օրաթերթի հարցմանն ի պատասխան` պնդել են, որ գործուղումների աշխատակիցները մեկնել են հիմնականում հրավիրող կողմի հաշվին, իսկ ՀՀ պետական բյուջեից այդ գործուղումների համար հատկացվել է 2 մլն 362 հազար դրամ Պաշտպանի աշխատակազմի պահպանման ծախսերից:

 

 

 

Թավշյա հեղափոխությունից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը ձեռնամուխ եղավ Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարին` միաժամանակ քայլեր ձեռնարկելով ստվերը կրճատելու ուղղությամբ: Միայն թե չնայած այդ հանգամանքին` ընթացիկ տարում հարկային եկամուտներն ավելանալու փոխարեն պակասում են: Պաշտոնական փաստաթղթերից «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ` ապրիլին հարկային եկամուտները կազմել են ավելի քան 151 մլրդ 797 մլն դրամ, իսկ ահա օգոստոսին` 137 մլրդ 361 մլն դրամ: Հարց է առաջանում` եթե կառավարությունը պայքարում է կոռուպցիայի եւ ստվերի դեմ, ապա որն է այս պատկերի պատճառը: Տեսակետ է շրջանառվում, որ «կաշառքը» դարձել է հաշվապահական վճար եւ օրինականացվել: Իսկ հաշվապահական ընկերություններն էլ պատկանում են ՊԵԿ նախկին ու ներկա պաշտոնյաներին` ՊԵԿ նախագահի նախկին տեղակալ Վախթանգ Միրումյան, Արմեն Սաֆարյան եւ այլք:

 

 

ՈՒՇԱՑԱԾ
Եթե նախօրեին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հանդիպումները վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի հետ միանգամայն հասկանալի էին, ապա երեկ արդեն նրա ակտիվությունը մի տեսակ տարակուսանք էր հարուցում: Երեկ Արմեն Սարգսյանը հանդիպումներ է ունեցել ԱԺ ՀՀԿ, «Ծառուկյան», ՀՅԴ խմբակցությունների ներկայացուցիչների հետ: Քննարկումների թեման պարզ է` ներքաղաքական դաշտում ստեղծված իրավիճակը, որտեղ կարեւորվել է խնդիրները երկխոսությամբ կարգավորելու անհրաժեշտությունը: Նախօրեին Նիկոլ Փաշինյանի ու Արա Բաբլոյանի հետ նախագահ Սարգսյանի հանդիպումները տրամաբանական էին. ԱԺ արձակման եւ դեկտեմբերին արտահերթ ընտրությունների անցկացման հարցի շուրջ ԱԺ ոչ բոլոր խմբակցությունների դիրքորոշումն էր հայտնի: Բայց արդեն նախօրեին օրվա կեսից պարզ դարձավ` եթե անգամ խորհրդարանական ամենամեծ խմբակցության` ՀՀԿ մի մասը համառի ու փորձի դիմադրել, միեւնույն է, պատգամավորների գերակշիռ մեծամասնությունը սատարում էր Փաշինյանի դիրքորոշումը` հերթով տարածելով այդ մասին հաղորդագրություն: Օրվա վերջում ՀՀԿ խմբակցությունն արդեն ստիպված էր հանդես գալ հայտարարությամբ` հավաստիացնելով, որ ԱԺ արձակման գործընթացին ու արտահերթ ընտրությունների անցկացմանը չեն խոչընդոտի: Ավելի վաղ վարչապետ Փաշինյանի հետ հանդիպումից հետո ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն էր ստորագրել հուշագիր` պարտավորվելով սատարել ԱԺ արտահերթ ընտրությունների անցկացմանը: ԱԺ խմբակցություններից միայն ՀՅԴ-ն այս հարցում հստակ դիրքորոշում չի հայտնել, բայց 7 հոգանոց խմբակցությունը չի կարող որոշիչ քայլեր ձեռնարկել ու պրոցեսին խանգարել: Այնպես որ, նախօրեի երեկոյան պարզ էր` ԱԺ արտահերթ ընտրությունների հարցում քաղաքական պայմանավորվածություններն, ըստ էության, կայացած են:
Եւ այս իրավիճակում նախագահ Արմեն Սարգսյանի քայլերը, մեղմ ասած, անհասկանալի են: Կարելի է եզրակացություններ անել: Միգուցե լավ իմանալով ՀՀԿ-ին, ԲՀԿ-ին, ՀՅԴ-ին` Սարգսյանն, այնուամենայնիվ, վստահ չէ, որ նրանք կամ նրանցից ոմանք խոսքի տերը կլինեն, եւ մտավախություններ ունի, որ կփորձեն արհեստական խոչընդոտներ ստեղծել: Միգուցե Արմեն Սարգսյանն այսպես փորձում է ցույց տալ, որ ինքը տիրապետում է քաղաքական իրավիճակին ու ԱԺ արտահերթ ընտրությունների անցկացման հարցում մեծ է հենց իր դերակատարությունը. չէ՞ որ հաղթանակը հազար հայր ունի, իսկ պարտությունը որբ է: Կա նաեւ շատ ավելի վատ տարբերակ. միգուցե Փաշինյանի թիկունքում, այնուամենայնիվ, դավադրություն է նախապատրաստվում: Բայց սա շատ քիչ հավանական է, եւ հետեւանքները կարող են սպասվածից վատ լինել:




Լրահոս