Դաշինքները լավ ավարտ չեն ունենում. Հովիկ Աղազարյանը` ընտրությունների մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը ներքաղքական վիճակի եւ սպասվող ընտրությունների մասին խոսել է «Ելք» խմբակցության պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Հովիկ Աղազարյանի հետ:

-Պարո՛ն Աղազարյան, հայտնի է, որ ՔՊ-ն ԱԺ ընտրություններին մասնակցելու է դաշինքով: Բացի «Առաքելություն» կուսակցությունից հնարավո՞ր է, որ այլ կուսակցություններ էլ լինեն դաշինքում:

-Հնարավոր է, որ կլինեն ուրիշ կուսակցություններից անհատներ: Բայց կուսակցությունների հետ դաշինք չի լինի: Ամեն դեպքում, նման տրամադրություններ դեռեւս չկան:

-Ո՞ր արժանիքի համար եք հենց «Առաքելության» հետ դաշինք կազմում:

-Ավագանու ընտրություններին միասին ենք մասնակցել: Այդ կուսակցության մեջ կան ակտիվիստներ, որոնք կիսում են մեր մոտեցումները, կանգնած են եղել մեր կողքին: Միգուցե նաեւ դեր կատարեց այն հանգամանքը, որ «Առաքելությունը» շատ հայտնի կուսակցություն չէ: Որովհետեւ եթե շատ հայտնի կուսակցություններն են դաշինք կազմում, մեր քաղաքական 20 ամյակի վերջին փորձը ցույց է տալիս, որ դաշինքները, որպես կանոն, լավ ավարտ չեն ունենում: «Առաքելություն» կուսակցության անդամները առանց իրենց կուսակցական պատկանելիության էլ մերվել են մեզ:

-Ի՞նչ չափանիշների պետք է համապատասխանի կուսակցությունը, որ ձեզ դաշնակից դառնա:

-ԱԺ ընտրություններից հետո կերեւա` այս կամ այն կուսակցությունը ժողովրդի կողմից ինչ քվեի է արժանացել: Էդտեղից պարզ կդառնա, թե կուսակցություններից որ մեկի հետ է մեր արժեքների բազան համապատասխանում:

-Ձեր ռեյտինգային ընտրացուցակներում ի՞նչ կերպար ունեցող մարդիկ են առաջադրվելու:

-Առաջադրվելու են առավելապես այնպիսի անհատներ, որոնք բառիս բուն իմաստով արժանի կլինեն Աժ պատգամավոր լինելու այդ կոչմանը իրենց գիտելիքներով, իրենց փորձով, իրենց աշխարհայացքով ու աշխարհընկալմամբ: Որպեսզի ԱԺ-ն կարողանա աշխատել իսկապես որպես օրենսդիր օրգան: Հաշվի է առնվելու մարդկանց պրոֆեսիոնալիզմը, պատրաստակամությունն ու հասարակության մեջ ունեցած իրենց դիրքն ու հեղինակությունը:

-Ռեյտինգային ընտրակարգը այս ԱԺ ընտրություններում ներքին կռիվների առիթ դարձավ: Ի՞նչ եք անելու նման բաներից խուսափելու համար:

-Եթե ընտրության է գնում թիմ, համախոհների մի բանակ, ապա էդտեղ պետք է լինի առավելագույն հավասար եւ արդար հնարավորություններ ռեյտինգային պայքարում դրսեւորվելու համար: Չպիտի համախոհը հաղթի համախոհին ոչ մի այլ լծակով, ոչ մի այլ մեթոդով, քան իր գիտելիքների, պրոֆեսիոնալ պատրաստակամության` առավելություն ունենալով իր կուսակցական ընկերոջ նկատմամբ: Ամեն ինչ անելու ենք, որ այդպես լինի, եւ որ պարտվողն էլ ինքն իրեն ոչ մի ձեւով վատ չզգա: Ոչ մեկն էլ պարտություն չի սիրում, բայց հույս ունեմ` դրանք ցավալի պարտություններ չեն լինի: Բացառված է, որ լուրջ խնդիրներ եւ բարդ խնդրահարույց իրավիճակներ կլինեն:

-Նիկոլ Փաշինյանը հենց բեմահարթակի վրա ԲՀԿ նախարարներին ազատեց աշխատանքից: Հիմա տեսնում ենք, որ «Ծառուկյան» դաշինքը կանգնել է Փաշինյանի կողքին, նրանք կողմ քվեարկեցին ԸՕ նախագիծին: Ըստ Ձեզ` կառավարությունը կվերանայի՞ իր որոշումները, եւ արտահերթից հետո հնարավո՞ր է, որ ԲՀԿ-ից նախարարներ կլինեն կառավարությունում:

-«Ծառուկյան» դաշինքը իրեն համարում է հեղափոխության արժեքների կրողը եւ իրենց արժեհամակարգի շրջանակներում իրենց մասնակցությունն են ունենում այս գործընթացներին: Մեր եւ իրենց մեջ կան տարաձայնություններ շատ ոլորտներում: Հետեւաբար հիմա անհնար է, որ նման բան լինի: Իսկ ընտրություններից հետո չեմ կարծում, որ նման իրավիճակ կառաջանա: «Իմ քայլը» դաշինքը կունենա բավարար թվով մանդատներ:

-Ասում եք` տարաձայնություններ կան շատ ոլորտներում: Սրանից առաջ ԲՀԿ նախարարներ են եղել կառավարությունում: Այսինքն` այդ տարաձայնությունները չկայի՞ն մինչեւ հոկտեմբերի 2-ի հայտնի միջադեպը:

-Մենք հո չէինք կարող գիծ գծել: Մեկ անգամ մեր տեսակետը կհամընկնի նրանց տեսակետի հետ: Մինչեւ դա նրանց նախարարների նշանակված լինելու հանգամանքը պայմանավորվում էր վարչապետի կողմից այն մոտեցմամբ, որ հասարակության, քաղաքական ուժերի հնարավորին լայն շրջանակներ այդ անցումային շրջանում կանգնեն հեղափոխության արժեքների պահպանման կողքին: Ե՛վ ԲՀԿ-ն, ե՛ւ ՀՅԴ-ն իրենց ներդրումը ունեցան շատ գործընթացներում: Դժվար է ասել` ինչ չափով, բայց ունեցան:

Լուսինե Մինասյան




Լրահոս