ԲՈԼՈՐԻ ՎՐԱ ԷԼ ՀԻՄԱ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՃՆՇՈՒՄԸ ԿԱ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դեկտեմբերին ԱԺ արտահերթ ընտրություններ անցկացնելուն համաձայնել են խորհրդարանական խմբակցությունները, այդ թվում` ՀՀԿ-ն: «Ժողովուրդ» օրաթերթը այս եւ ներքաղաքական այլ հարցերի մասին զրուցել է նախկին ՀՀԿ-ական պատգամավոր, «Նուշիկյան ասոցիացիա» ընկերության ղեկավար Գարեգին Նուշիկյանի հետ:

-Պարո՛ն Նուշիկյան, հոկտեմբերի 2-ին` հայտնի օրինագծի ընդունումից հետո, ժողովրդի արձագանքը դրան շատ բուռն եղավ: Սպասո՞ւմ էիք նման բանի:
-Դա ինչպե՞ս կարող էր սպասելի չլիներ, եթե մենք ամիսներ շարունակ այդ ամենի մեջ ենք: Ապրիլին եղածից շատ բան չի փոխվել այսօր:
-Զարգացման ի՞նչ ընթացք եք տեսնում:
-Այն, որ պետք է արտահերթ ընտրություններ լինեն, դա միանշանակ: Այստեղ ամբողջ խնդիրը այն է, թե երբ պետք է լինի: Ամեն մի քաղաքական ուժ, որը գտնվում է խաղի մեջ, ունի իր մոտեցումները: Ճիշտ կլինի` ընդհանրացնեն ամբողջը եւ կոնսենսուսով հասնեն լուծման: Կարծում եմ` մի երկու ամիս էս կողմ, մի երկու ամիս այն կողմը` որեւէ հարց չի լուծի: Ըստ իս` դեկտեմբերը լավագույն ամիսը չէ ընտրություններ անցկացնելու համար: Հաշվի առնելով եղանակային ժամանակահատվածը` այնքան էլ հարմար չէ դեկտեմբերին քարոզարշավ անցկացնել: Սա այսօր միակ համապետական ընտրությունն է: Լավ կլիներ, որ գարնանը անցկացվեր: Թե հիմա ոնց կորոշեն, ոնց կպայմանավորվեն, չեմ կարող ասել: Ինչը բարին է, թող դա էլ լինի:
-Շատերը պնդում են, որ քաղաքական իրավիճակը այս պահի դրությամբ ճգնաժամային է: Համաձա՞յն եք այս բնորոշման հետ:
-Մի քիչ համաձայն եմ, մի քիչ համաձայն չեմ: Համաձայն եմ այն առումով, որ այսօր Ազգային ժողովը իր գործառույթները լիարժեք ձեւով չի իրականացնում: Ի՞նչ է այսօր տեղի ունենում. մեկ-երկու օր քառօրյան ընթանում է, հարցեր չեն լինում եւ սահմանափակվում են դրանով: Կառավարությունը օրենսդրական նախաձեռնություններ գրեթե չի ներկայացնում: Ժամանակին այդ նախաձեռնությունների համարյա 90 տոկոսը հենց կառավարությունն էր ներկայացնում, եւ ԱԺ-ն ձանրաբեռնված աշխատում էր: Դրա համար էլ կանոնակարգ օրենքը փոխեցին եւ քառօրյան մի շաբաթ առաջ գցեցին, որ արտահերթ նիստերի համար ավելի քիչ ժամանակ տրամադրվի: Եթե սա մենք համարում ենք ճգնաժամ, ուրեմն ճգնաժամ կա: Համենայն դեպս` անառողջ մթնոլորտ ու վիճակ է ձեւավորվել բոլոր առումներով: Ընդ որում` այս վիճակը ե՛ւ հասարակության մոտ է առկա, ե՛ւ քաղաքական դաշտում` օրենսդիրում, գործադիրում, ինչու չէ նաեւ դատական համակարգում: Վատ ու անհասկանալի վիճակ է: Հուսանք, որ արտահերթ ընտրությունները լուծում կդառնան այս վիճակից դուրս գալու համար, եւ բոլորս վերջապես կպրծնենք սրանից, կընկնենք նորմալ հունի մեջ, կաշխատենք եւ կմտածենք մեր երկրի տնտեսությունը զարգացնելու, արտաքին քաղաքականության եւ հազար ու մի հարցի մասին: Այսօր մենք չգիտեմ էլ թե ինչով ենք զբաղված: Այս վիճակը պետք է արագ վերացնել:
-«Ծառուկյան» խմբակցության պատգամավորները կողմ քվեարկեցին հայտնի նախագծին, այնինչ դրանից ընդամենը մի քանի օր հետո պարոն Ծառուկյանը Նիկոլ Փաշինյանի հետ հուշագիր ստորագրեց: Ըստ Ձեզ` ինչի՞ հետ էր կապված այս հակասությունը:
-Բոլոր պատգամավորներն էլ ասացին, որ այս օրենքի ընդունումը կապ չունի արտահերթ խորհրդարանական ընտրություն անցկացնելու իրենց դիրքորոշման հետ: Ընդհանուր առմամբ` մենք բոլորս էլ հասկանում ենք այդ օրինագծի ենթատեքստը, բայց, մեծ հաշվով, հակասություն էլ չկա: Մեկը մյուսի հետ բացարձակ կապ չունի: Հայտարարեցին, որ թեկնածու չեն առաջադրելու, աջակցելու են Փաշինյանին: Այդ օրենքն էլ նրա մասին էր, որ ԱԺ աշխատանքները չխաթարվեն: Բոլորն էլ մեր երկրի կուսակցություններն են: Չեմ կարծում` որեւէ ուժ կա, որ մեր երկրի վատն է ուզում: Պարզապես պետք է հարմարվել իրար եւ այս թշնամական մթնոլորտը վերացնել: Այսպես ուղղակի չի կարելի:
-Ի՞նչ եք կարծում, խորհրդարանում ներկայացված մյուս երկու ուժերը` ՀՀԿ-ն եւ ՀՅԴ-ն, հուշագիր ստորագրելու հարցով կհետեւե՞ն ԲՀԿ-ի օրինակին:
-Ոչ մի բան էլ չեմ բացառում: Շատ հավանական է, որ մյուս ուժերն էլ հանդիպեն իրար հետ, համաձայնության գան եւ ի վերջո ստորագրեն այդ հուշագիրը: Երեկ ՀՀԿ-ն հայտարարություն տարածեց, որում հայտարարեց, որ թեկնածու չի առաջադրելու: Մնաց ժամկետների հարցը: Դե թող այս հարցով էլ ընդհանուր լեզու գտնեն իրար հետ: Դա միակ ճիշտ տարբերակն է:
-ՀՀԿ-ական մի շարք պատգամավորներ ստորագրեցին Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությանը սատարող հայտարարության տակ: Արմեն Աշոտյանն ու Էդուարդ Շարմազանովը հայտարարեցին, որ դա տեղի է ունեցել պատգամավորների վրա ճնշում գործադրելու միջոցով: Ըստ Ձեզ իրոք ճնշումներ եղե՞լ են:
-Նայած թե ճնշում ասելով ինչ ենք հասկանում: Ճնշումները հազար ձեւով կարող են լինել` լրատվամիջոցների, սոցիալական կայքերի եւ շատ այլ բաների միջոցով: Ոչ միայն հանրապետականի, այլ բոլորի վրա էլ հիմա հասարակության ճնշումը կա: Այդ ճնշումը նույնիսկ ներկայիս կառավարության վրա կա, որովհետեւ կառավարությունը պատասխանատվություն է վերցրել եւ դրա պատճառով էլ ամեն պահ այդ ճնշումը զգում է: Եթե դրա մասին է խոսքը, ապա, այո, բայց չեմ կարծում , որ որեւէ այլ կերպ ճնշում է գործադրվել: Մարդ կա` խոսքից է ճնշվում, մարդ կա` ապտակից: Այսինքն` ամեն ինչ միանշանակ չէ: Բայց այն, որ այս մթնոլորտը բոլորիս ճնշման տակ է պահում, դա հաստատ:

Զրուցեց ԼՈՒՍԻՆԵ ՄԻՆԱՍՅԱՆԸ

 

 

 

Ի՞ՆՉ Է, ՄԵՆՔ ՀԱՅ ՈՒ ԹՈ՞ՒՐՔ ԵՆՔ

Ինչպես արդեն հայտնի է, ԱԺ «Ծառուկյան» խմբակցությունն ԱԺ կանոնակարգ սահմանադրական օրենքի հայտնի փոփոխություններից հետո սկսեց շատ կոպիտ արտահայտվել Նիկոլ Փաշինյանի հասցեին` դիմադրելով դեկտեմբերին արտահերթ խորհրդարանական ընտրությունները անցկացնելուն:

Սակայն Գագիկ Ծառուկյանի եւ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ստորագրած հուշագրից հետո, որով ԲՀԿ-ն, ըստ էության, հաստատեց, որ կողմ է ընտրությունները դեկտեմբերին անցկացնելու վարչապետի դիրքորոշմանը, կրքերը կարծես փոքր-ինչ հանդարտվեցին։ «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց ճշտել, թե «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վարդան Ղուկասյանի կարծիքով որն է ընտրությունների անցկացման ամենաճիշտ ժամանակը։ «Չգիտե՞ք` որն է։ Ամեն ինչ լավ գիտեք։ «Ծառուկյան» դաշինքը իր կարծիքը ասել է։ Բան չունեմ ավելացնելու»,-մեզ հետ զրույցում ասաց նա։ Հիշեցնենք նաեւ, որ ՀՀԿ-ական Մարտուն Գրիգորյանը պատգամավորական մանդատ ստացավ, երբ պատգամավոր Ֆելիքս Ցոլակյանը ստանձնեց ԱԻ նախարարի պաշտոնը։ Գրիգորյանը կողմ ստորագրեց այն հայտարարությանը, որտեղ ասված է, թե պատգամավորները կողմ են, որ ընտրությունները տեղի ունենան դեկտեմբերին։ Քանի որ Վարդան Ղուկասյանն ու Մարտուն Գրիգորյանը երկար տարիների քաղաքական հակառակորդներ են, փորձեցինք պարզել, թե Վարդան Ղուկասյանը ինչպե՞ս ընդունեց այդ լուրը։ «Օրենքի սահմաններում է եղել։ Էդ հարցը ինձ ինչո՞ւ եք տալիս. իրեն պետք է տաք։ Զարմանալի բան եք հարցնում։ Ի՞նչ է, մենք հայ ու թո՞ւրք ենք»,-հավելեց նա։

Լ. ՄԻՆԱՍՅԱՆ

 

 

 

ՌԵՅՏԻՆԳԱՅԻՆՆԵՐՈՎ
ԱԺ ՀՀԿ խմբակցության արդեն 18 պատգամավոր է միացել արտահերթ խորհրդարանական ընտրությունները դեկտեմբերին անցկացնելու մասին հայտարարությանը: Ընդ որում, այս ստորագրահավաքից զատ եւս կան մեծ թվով պատգամավորներ, ովքեր իրենց համաձայնությունը հայտնում են արդեն տարբեր հարցազրույցներում: Եւ զարմանալի զուգադիպությամբ ստորագրահավաքին միացած պատգամավորների մեծ մասը խորհրդարան են եկել ռեյտինգային համակարգով: Եվ ստացվում է՝ այն մարդիկ, ում շնորհիվ էլ այս կուսակցությունն այդքան ձայն է ստացել, նրանից երես են թեքում: «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ առաջիկայում ՀՀԿ անդամ ռեյտինգային պատգամավորները նաեւ հեռանալու են կուսակցությունից: Մինչ այդ, հիշեցնենք, արտահերթ ընտրությունների պահանջին միացած ռեյտինգային պատգամավորներն են՝ Հակոբ Բեգլարյան, Արայիկ Գրիգորյան, Մարտուն Գրիգորյան, Ռաֆիկ Գրիգորյան, Հարություն Կարապողոսյան, Կարեն Կաչապետյան, Հակոբ Հակոբյան, Ալիկ Սարգսյան, Ռոբերտ Սարգսյան, Արթուր Գեւորգյան, Արման Սահակյան, Արտակ Սարգսյան, Աշոտ Արսենյան, Նահապետ Գեւորգյան: Եվ շատ փոքր թվով ռեյտինգային պատգամավորներ են մնացել, ովքեր այդ ստորագրահավաքին չեն միացել` Հակոբ Հակոբյան, Անդրանիկ Հարությունյան, Արամ Հարությունյան, Մուրադ Մուրադյան, Նաիրի Սահակյան, Կորյուն Նահապետյան: Բայց նրանցից, օրինակ, Սամվել Ֆարմանյանն էլ հայտարարել է, որ ինքը ոչ մի կողմում էլ չի գտնվում:

 

 

ՊԱՏՎԻՐԱՏՈՒՆ ՀԱՅՏՆԻ Է
Վճռաբեկ դատարանի նախկին նախագահ Արման Մկրտումյանի տան վրա ավազակային հարձակում գործած եւ Վրաստանում ձերբակալված Գագիկ Ղեւոնդյանին տեղափոխել են Հայաստան: Հիշեցնենք, որ օգոստոսի 28-ին 3 անձինք զինված հարձակվել էին Մկրտումյանի` Կոտայքի մարզի Ձորաղբյուրում գտնվող առանձնատան վրա: Մկրտումյանին ու որդուն հաջողվել էր վնասազերծել նրանցից մեկին` Հովհաննես Ռիժենկոյին: Ավելի ուշ ձերբակալվել էր նաեւ այդ խմբի անդամներից Մայիս Մկրտչյանը, որն էլ ծառայել էր ոստիկանությունում: Որպես մեղադրյալ ներգրավված երկրորդ անձը 49-ամյա Գագիկ Ղեւոնդյանն է, որի նկատմամբ հետախուզում էր հայտարարվել, եւ նրան հայտնաբերել էին Վրաստանում: «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն` Ղեւոնդյանին ՀՀ տեղափոխելուց անմիջապես հետո հարցաքննել են: Նա ՀՔԾ քննիչներին ցուցմունք է տվել, հայտնել, որ Արման Մկրտումյանի տան վրա հարձակման կազմակերպիչը ինքը չի եղել, այլ միանգամայն այլ անձ է եղել, եւ իրավապահներին տվել է այն անձի անունը, որը կազմակերպել է հարձակումը Արման Մկրտումյանի տան վրա: Իսկ թե ում անունն է տվել Գագիկ Ղեւոնդյանը, մեզ առայժմ պարզել չհաջողվեց, միայն հայտնի դարձավ, որ իրավապահ մարմիններն արդեն գիտեն Արման Մկրտումյանի տան վրա ավազակային հարձակում իրականացնելու պատվիրատուի անունը եւ այս օրերին փնտրում են նրան:




Լրահոս