ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԿԴԱՌՆԱ ԶԵԿՈՒՅՑ ԵՎ ԲԱՆԱՁԵՎ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երկուշաբթի օրվանից Ստրասբուրգում մեկնարկել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) աշխատանքը: Եվ չնայած օրակարգում Հայաստանին վերաբերող հարց չկա, սակայն պատվիրակության անդամներն այս օրերն ու եվրոպացի գործընկերներին հանդիպելու հնարավորությունն ավելի շատ օգտագործում են քաղաքական նպատակներով: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` պատվիրակության կազմի հատկապես ՀՀԿ ներկայացուցիչները, չնայած ԱԺ ՀՀԿ խմբակցության վերջին հայտարարության, թե դեմ չեն դեկտեմբերին ԱԺ արտահերթ ընտրություններ անցկացնելուն, այս օրերին տարբեր ակտիվ հանդիպումների մեջ են եղել` փորձելով ցույց տալ ու համոզել, որ դեկտեմբերին ընտրություններ անցկացնելը նպատակահարմար չէ եւ հնարավորություն չի տալիս, որ քաղաքական ուժերը պատրաստվեն դրան:

Ինչպես հայտնի է, պատվիրակության ղեկավար Արփինե Հովհաննիսյանը դեռ մեկ ամիս առաջ արդեն իսկ նշել էր, որ պետք է Հայաստանի ներքաղաքական իրավիճակը դառնա ԵԽԽՎ մոնիթորինգի առարկա: Եվ բավական ակտիվ նա աշխատել էր այդ ուղղությամբ: Դրանից հետո ԵԽԽՎ համազեկուցողներից ուկրաինացի Յուլյա Լյովոչկինան հայտարարություն տարածեց, ու տպավորություն էր, թե այդ հայտարարությունները գրվել են ՀՀԿ-ականներից մեկի աշխատասենյակում: Ուկրաինացի Յուլյա Լյովոչկինան Հայաստանի բոլոր քաղաքական ուժերին կոչ էր արել հարգել ժողովրդավարական սկզբունքներն ու օրենքի գերակայությունը: Ընդ որում, հետաքրքիր է, որ շատ հաճախ այդպիսի հայտարարությունները լինում են ի պաշտպանություն ՀՀԿ-ի: ԵՎ պատահական չէ, որ հայտարարության մեջ նշվում էր, թե Հայաստանի իշխանությունները եւ մյուս խաղացողները ժողովրդավարական չափորոշիչներին եւ նորմերին ընտրությունների լիարժեք համապատասխանելիություն պետք է ապահովեն, եւ որ բոլոր քաղաքական ուժերը պետք է բավարար ժամանակ ունենան դրանց պատրաստվելու համար։ Սրանք ընտրությունները դեկտեմբերին չանելու ՀՀԿ-ի արդարացումներն են: Եվ փաստացի ԵԽԽՎ համազեկուցողին եւս համոզել են, որ ԱԺ արտահերթ ընտրությունները դեկտեմբերին անցկացնելն այնքան էլ չի տեղավորվում այդ չափորոշիչների շրջանակում։
Եվ շատ կարեւոր է, թե ինչպիսի արձագանք կլինի ԵԽԽՎ-ի կողմից եւ որքանով կոշտ կլինի այն: Իհարկե, ՀՀԿ-ն կանխատեսում է լուրջ եւ կոշտ արձագանք: Սակայն դա հենց կախված է մոնիթորինգի արդյունքներից: Մասնագետները պնդում են, որ ստեղծված իրավիճակում արդեն եվրոպացի համազեկուցողները պետք է կարողանան որոշել, թե Հայաստանի ներքաղաքական դաշտում ով է ընդդիմություն, ով իշխանություն, եւ ով ում իրավունքները կարող է ոտնահարել, եթե, իհարկե, կա նման բան: Ընդ որում, մենք տեղեկացանք, որ համազեկուցողի հայտարարության արդյունքում նախապատրաստվելու է զեկույց, այնուհետեւ փորձ է արվելու դրան տալու բանաձեւի տեսք։ Իսկ թե Հայաստանի համար որքանով է դա վտանգավոր, կապված է նրանից, թե ինչպես կզարգանան իրադարձությունները երկրում: Ընդ որում, այս իրավիճակը եւ մոնիթորինգը ՀՀ վարչապետին այնքան էլ չի հուզում: Ամեն դեպքում, նա, օրեր առաջ լրագրողների հետ զրույցում անդրադառնալով այդ թեմային, նշել էր. «Համազեկուցողները երբ որ ժամանեն Հայաստան, կարծում եմ` ասելու շատ բան չենք ունենա։ Իրենք թող գան ամեն ինչ մոնիթորինգ անեն ՀՀ-ում, եւ ամեն ինչ պարզ կլինի»: Նա դժգոհություն էր արտահայտել նաեւ ԵԽԽՎ հայկական պատվիրակության անդամներից: «Ասեմ, որ հանրապետական պատգամավորներին եւ ԵԽԽՎ-ի մեր պատվիրակությանը ամենեւին պատիվ չի բերում, որ նրանք Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունները փորձում են այլ լույսի ներքո ներկայացնել, եւ սա եւս մեկ փաստարկ է, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններ տեղի ունենան։ ԵԽԽՎ-ում մեր պատվիրակությունը, ըստ էության, ոչ մեկին չի ներկայացնում, ներկայացնում է նախկին կոռուպցիոն համակարգը»,- բավական դիպուկ ներկայացրել էր Փաշինյանը:
Ըստ էության, վարչապետը ԵԽԽՎ հայկական պատվիրակության անդամներին անուղղակի մեղադրեց կրկին իր մեջքի հետեւում խաղեր տալու եւ եվրոպացիներին Հայաստանում տիրող իրավիճակն այլ տեսանկյունից ներկայացնելու մեջ: Ու թեեւ Փաշինյանը չէր մասնավորեցրել, հասկանալի է` այս դեպքում խոսքը հիմնականում ՀՀԿ-ականների մասին է:
Նկատենք` ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանն էլ ԵԽԽՎ ամբիոնը հենց հակառակ տեսանկյունից է օգտագործել եւ իր ելույթում նշել է, թե արտահերթ ընտրություններին այլընտրանք չկա: Բայց եթե հիշում եք, թավշյա հեղափոխության սկզբում նույն Մարուքյանը Փաշինյանի կողքին չէր: Միայն վերջերս է նրանց մեջ սառույցը կարծես հալչել, երբ հոկտեմբերի 2-ին «Ելք» խմբակցությունը ողջ կազմով պաշտպանեց վարչապետի տեսակետը: Սակայն, ամեն դեպքում, վարչապետն անհանգստացած է եղել եւ փաստորեն գործուղել է Լենա Նազարյանին, ով պետք է համոզեր մոնիթորինգ չիրականացնել:
Հիմա մտավախություն կա, որ նախապատրաստվելու է զեկույց, այնուհետեւ բանաձեւ, եւ չի բացառվում, որ Հայաստանի հասցեին ոչ դրական ձեւակերպումներ լինեն: Ի վերջո պատվիրակության ներկայացուցիչները եւ հատկապես հանրապետականները վստահ գիտեն, թե ում մոտ խոսելով եւ ում հետ հանդիպելով կարող են արդյունքի հասնել: Եվ պատահական չէ, որ այս օրերին Ստրասբուրգում ակտիվ հանդիպումներ են ընթանում, ընդ որում` ոչ միայն ՀՀԿ-ականների մակարդակով: Եվ հետաքրքիր է, որ այդ հանդիպումների ընթացքում յուրաքանչյուրը փորձում է առաջ տանել իրենց թիմի անձնական շահը:

ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

 

ՀԻՇՈՂՈՒԹՅԱՆ ԹԱՐՄԱՑՈՒՄ
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանը շրջանառության մեջ է դրել մի նախագիծ, որն իրականում ճիշտ կլիներ նախաձեռնել հենց իրենց իշխանության եւ Սերժ Սարգսյանի պարագայում: «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման եւ սոցիալական երաշխիքների մասին» ՀՀ օրենքում նա առաջարկում է ամրագրել դրույթներ, որ ՀՀ վարչապետին տրամադրված ինքնաթիռից եւ ուղղաթիռից այլ բարձրաստիճան պաշտոնատար անձանց օգտվելու կարգը սահմանի ՀՀ կառավարությունը եւ այն, որ այդ փոխադրամիջոցներից այլ բարձրաստիճան պաշտոնատար անձանց կողմից օգտվելու մասին տեղեկությունները հրապարակվեն օգտվելու փաստից ոչ ուշ, քան 5 աշխատանքային օրվա ընթացքում ՀՀ վարչապետի պաշտոնական ինտերնետային կայքում: Իհարկե, թափանցիկությունը շատ կարեւոր է, սակայն դրա անհրաժեշտությունն ավելի կար հենց նախորդ իշխանությունների ժամանակ: Մինչդեռ ՀՀԿ-ականներն, ընդհակառակը, օրենսդրական փոփոխություններով Սերժ Սարգսյանի ու նրա իշխանության բարձրաստիճան ներկայացուցիչների հետ կապված նման տեղեկատվությունը, պետական բյուջեից նրանց ծախսերը դասեցին գաղտնիքների շարքին` մեկնաբանելով, թե անում են` պաշտոնյայի անվտանգության նկատառումներից ելնելով:

 

 

ՄՇՏԱՊԵՍ ԽԱՌԸ
Երեկ սպորտի եւ երիտասարդության հարցերով նախարար է նշանակվել Գաբրիել Ղազարյանը: Նշենք, որ Գաբրիել Ղազարյանը դեռեւս 2014 թվականին նշանակվել է սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար եւ աշխատել է մինչեւ 2016 թվականը: Ապա 2016 թվականին նշանակվել է նախարարի տեղակալ: Եթե Գաբրիել Ղազարյանը այս տեմպերով շարունակի, ապա վերանշանակումների մասով կմոտենա ԿԳ նախկին նախարար Լեւոն Մկրտչյանի սահմանած ռեկորդին: Մինչ այդ «Ժողովուրդ» օրաթերթը ուսումնասիրեց Ղազարյանի հայտարարագիրը: Նախարարի ունեցվածքը համեստ է. ունի ավելի քան 25 մլն դրամի չափով փոխառություն: Իսկ դրամական միջոցները կազմում են 8.1 մլն դրամ եւ 23 հազար 900 դոլար: Որպես եկամուտ հայտարարագրած սեփական աշխատավարձը ամսական կազմել է մոտ 470 հազար դրամ:

 

 

ԹԱՆԿԱՆՈՒՄ Է
Կարագի գները միջազգային շուկայում այս տարվա մայիսից սկսած նվազում են: Օրինակ` եթե մայիսին կարագի մեկ կգ կազմել է 5.7 դոլար, ապա այս օրերին այն միջազգային շուկայում վաճառվում է 4 դոլարով: Բայց չնայած սրան` Հայաստանի ներքին շուկայում կարագի գինը, անկախ միջազգային շուկայի վայրիվերումներից, շարունակում է բարձր մնալ. երեկվա դրությամբ նոր զելանդական կարագի մեկ կիլոգրամը վաճառվել է 4300-4400 դրամով, իսկ «Անքոր» տեսակի կարագը` 4550-4600 դրամով: Այսինքն` ներքին շուկայում կարագի մեկ կիլոգրամը գերազանցում է 9.4 դոլարը` միջազգային շուկայում սահմանված գնից ավելի քան 5 դոլարով ավելի: Միաժամանակ, նկատենք, բարձր գնի պատճառով Հայաստանում շարունակում են նվազել կարագի սպառման ծավալները:

 

 

ԹՈՒՆԻՍԸՉԻ ԱՋԱԿՑԻ
Թունիսը չի պատրաստվում ղարաբաղյան հակամարտության հարցում Հայաստանին կամ Ադրբեջանին պաշտպանել, այս մասին Ստրասբուրգում ԵԽԽՎ աշնանային նստաշրջանի ընթացքում հայտարարել է Թունիսի ԱԳ նախարար Խմայիս ալ-Ջինաուին: Նա պատասխանել է Ադրբեջանից պատվիրակ Հուսեյնովին, որը Թունիսի ԱԳ նախարարին հարց էր հնչեցրել միայն նրա համար, որ հերթական անգամ հիշեցնի «հայկական կողմի ագրեսիայի մասին»: Խմայիս ալ-Ջինաուին ընդգծել է, որ լինելով ՄԱԿ անդամ` Թունիսը հարգում է միջազգային պարտավորությունները եւ բանաձեւերը, սակայն չի ցանկանում միջամտել երկրների ներքին գործերին եւ չի ցանկանում, որպեսզի այլ պետությունները եւս միջամտեն Թունիսի գործերին: «Հայաստանն ու Ադրբեջանը երկու երկրներ են եւ մեր բարեկամներն են, եւ մենք հուսով ենք, որ նրանք խաղաղ եւ արդյունավետ կլուծեն բոլոր խնդիրները: Սակայն մենք չենք պատրաստվում որեւէ կողմին պաշտպանել»,-ընդգծել է նա:

 

 

ԿԱՌՈՒՑՈՂԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Ղարաբաղյան խնդրի շուրջ բանակցությունները լինելու են բացառապես Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը` պնդելով, թե հայկական կողմը փորձել է փոխել բանակցությունների ձեւաչափը, սակայն հաջողության չի հասել: «Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների միջեւ կայացած երկու հանդիպումները, ինչպես նաեւ վերջին շրջանում տեղի ունեցած իրադարձությունները վկայում են, որ բանակցությունների ձեւաչափը մնում է անփոփոխ, եւ որ այս հակամարտությունը պետք է մոտ ապագայում կարգավորվի միջազգային սկզբունքների եւ նորմերի հիման վրա, Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում»,- պնդել է Ալիեւը: «Հուսով եմ, որ Հայաստանի նոր ղեկավարությունը կառուցողականություն կդրսեւորի իր քաղաքականության մեջ, եւ մեր հողերը շուտով կազատագրվեն օկուպանտներից»,-ասել է Ադրբեջանի նախագահը:

 

 

ԺԱՄԿԵՏՆԵՐԸ ՀՍՏԱԿԵՑՎԱԾ ԵՆ
Նիկոլ Փաշինյանն առաջիկա օրերին կներկայացնի իր հրաժարականը` դեկտեմբերին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրությունների համար: «Արտահերթ ընտրությունները պետք է կայանան դեկտեմբերի 9-10-ը: Դա կլինի այն պարագայում, երբ ես հոկտեմբերի 16-ին ներկայացնեմ իմ հրաժարականը»,- «Ֆրանս 24» հեռուստաընկերությանն ասել է Փաշինյանը: Հոկտեմբերի 2-ին Ազգային ժողովի կողմից «ԱԺ Կանոնանակարգ օրենքում» փոփոխություն կատարելու մասին որոշումից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խորհրդարան ուղեւորվելուց առաջ հայտարարեց, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումն անհրաժեշտ է, եւ դրանք պետք է տեղի ունենան դեկտեմբեր ամսվա առաջին կեսին:




Լրահոս