ԻՆՉԻ՞Ց ԵՎ Ո՞ՒՄ ԶԱՆԳԻՑ ԵՆ ՎԱԽԵՆՈՒՄ ՔՆՆԻՉՆԵՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երբ ՀՀ Քննչական կոմիտեում տեղի ունեցավ հանդիսավոր նիստ` նվիրված Քննչական կոմիտեի ծառայողի օրվան, որին մասնակցեց նաեւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, նա վստահեցրեց. «Բացառված է, որ որեւէ քաղաքացի ՀՀ-ում քրեական պատասխանատվության չենթարկվի, եթե նրան քրեական պատասխանատվության ենթարկելու համար կան բավարար իրավական հիմքեր, բացառված է, որ որեւէ անմեղ քաղաքացի ենթարկվի քրեական հետապնդման քաղաքական միջամտության կամ որեւէ այլ միջամտության պատճառով: Եվ ես համոզված եմ, որ այսօր այդ մթնոլորտն առկա է»:

Միջոցառումից հետո «Ժողովուրդ» օրաթերթը զրուցեց ՀՀ քննչական կոմիտեի քննիչների հետ հասկանալու համար, թե նրանք, քննելով հայտնի պաշտոնատար անձանց մասնակցությամբ տեղի ունեցած աղմկահարույց գործերը, արդյոք երբեւէ վախեցե՞լ են հետագա հետապնդումներից եւ իրենց այդ վախերի մասին երբեւէ հայտնե՞լ են իրենց ղեկավարաներին:
ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության պետի տեղակալ Գագիկ Մայիլյան
-Պարո՛ն Մայիլյան, ո՞ր թվականից եք աշխատում ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում:
-2015 թվականից:
-Թավշյա հեղափոխությունից հետո իրավապահ մարմինները մեկը մյուսի հետեւից բացահայտում են, թե ինչքան մարդ է ապօրինի կերպով ազատվել պարտադիր զինվորական ծառայությունից: Սա Ձեզ համար նորությո՞ւն է, թե՞ գիտեիք, ուղղակի հրահանգել էին չբացահայտել:
-Նման հրահանգ չի եղել երբեւիցէ, իսկ որ սկսվեցին բացահայտվել նման դեպքերը, դա շատ ողջունելի է եւ անհրաժեշտություն է:
-Եթե նման հրահանգ չի եղել, ինչո՞ւ չէիք բացահայտում, թույլ չէի՞ն տալիս:
-Ես նման դեպքերը չեմ իմացել, թե նախկինում նման բան է եղել:
-Նշեցիք, որ 2015 թվականից զբաղեցնում եք ՀՀ զինվորական քննչական վարչության պետի տեղակալի պաշտոնը, դուք չգիտե՞ք, որ, օրինակ, Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդին` Տիգրան Խաչատրյանը, ձեռք է բերել եւ օգտագործել իր առողջական վիճակին ակնհայտորեն չհամապատասխանող փաստաթղթեր, որոնց հիման վրա 2014 թվականին երկու անգամ ստացել է տարկետում` համապատասխանաբար 5 ամիս եւ 3 տարի ժամկետներով: Այնուհետեւ նույն ճանապարհով 2017 թվականի ձմեռային զորակոչին ճանաչվել է զինվորական ծառայության համար ոչ պիտանի եւ հաշվառվել պահեստազորում` այդպիսով խուսափելով ժամկետային զինվորական ծառայության հերթական զորակոչերից:
-Չէ, երբ իմացանք, բացահայտվեց դեպքը եւ համապատասխան գնահատական տրվեց, այսինքն` կարող են նման դեպքեր լինել, որ իրենց ժամանակին բացահայտվում են:
-Իսկ Ձեզ երբեւէ չե՞ն զանգել, ասել` այս քրեական գործով այս քայլն իրականացնեք:
-Չէ, անձամբ նման բան ինձ հետ չի եղել:
-Օրինակ` ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանն ասել էր, որ սպառնալիքներ է ստանում իր եւ իր ընտանիքի հետ կապված: Տեղեկություններ կան, որ ՀՀ քննչական կոմիտեի քննիչները եւս իրենց ղեկավարների հետ կիսվել են վախերի մասին:
-Քննչական կոմիտեի ողջ անձնակազմի անունից կարող եմ ասել, որ ոչ մեկի մոտ նման զգացմունք չկա:

Քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության պետի տեղակալ Ահարոն Ներսիսյան
-Պարո՛ն Ներսիսյան, որքա՞ն ժամանակ է, ինչ զբաղեցնում եք Երեւան քաղաքի քննչական վարչության պետի տեղակալի պաշտոնը:
-Շուրջ 10 տարի, 2008 թվականից այս պաշտոնում եմ:
-10 տարի լինելով այդ պաշտոնին` ինչո՞ւ չէիք բացահայտում այս աղմկահարույց գործերը, վախենո՞ւմ էիք:
-Նախկինում էլ են եղել, որ բավականին վաղեմության գործերը բացահայտվել են, բայց այս շրջանում ավելի շատ եղան:
-Ինչո՞ւ շատ եղան, հրահանգ էլ չկա՞ր` որը բացահայտեիք, որը ոչ:
-Երեւի աշխատակիցների ոգին բարձրացավ:
-Թե՞ վախը անհետացավ:
-Չէ, ես կասեի ոգին բարձրացավ, ոգեւորվեցինք, ոգեշնչվեցինք, երեւի դա է պատճառը:
-Ձեզ երբեւէ չե՞ն զանգել, ասել` այս գործով քննությունը այս կերպ տարեք:
-Չէ, նման բան չի եղել:
-Օրինակ` ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը ասել էր, որ սպառնալիքներ է ստանում իր եւ իր ընտանիքի հետ կապված: Տեղեկություններ կան, որ ՀՀ քննչական կոմիտեի քննիչները եւս իրենց ղեկավարների հետ կիսվել են վախերի մասին:
-Նմանատիպ դեպքեր չկան, քննիչները աշխատում են օրենքի տառին համաձայն, այսպես ասած` դուխով, ամեն ինչ նորմալ է մեր համակարգում:

Զրուցեց ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ

 

 

ՊԱՏԳԱՄԱՎՈՐԸ ԿՐԱԿԵԼՈՒՑ ԱՌԱՋ ԾԵԾՎԵ՞Լ Է
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` հոկտեմբերի 6-ի աղմկահարույց սպանության եւ հաջորդ օրվա ինքնասպանությունից առաջ ծեծի են ենթարկել ԱԺ նախկին պատգամավոր Հարություն Ղարագյոզյանին:
2018 թվականի հոկտեմբերի 6-ի ուշ երեկոյան Նորք-Մարաշի «Այգի» ռեստորանային համալիրում հնչել էին կրակոցներ: Հրազենային վնասվածքներով ԱԺ նախկին պատգամավոր Կարո Կարապետյանը շտապ տեղափոխվել էր «Էրեբունի» բժշկական կենտրոն, բայց արդեն մահացած: Այնուհետեւ հրազենային վնասվածքներով մեկ այլ քաղաքացի եւս` Սարգիս Ավագյանը՝ Մասիսի Ծնգլ անունով, որը Կարո Կարապետյանի մտերիմներից է, հոսպիտալացվել է: Նա դեռ շարունակում է բուժումը: Մինչ իրավապահները քննում էին կրակոցների վարկածները, հայտնի դարձավ, որ սպանության հեղինակ Հարություն Ղարագյոզյանն ինքնասպան է եղել հաջորդ օրը` ժամը 11:30-ի սահմաններում:
Դեպքից անմիջապես հետո պարզվեց` հանդիպումը նախաձեռնել էր Աբրահամ Մանուկյանը, որպեսզի «բարիշեցնի» Ղարագյոզյանին եւ Կարապետյանին, որոնց հարաբերությունները լարված են եղել: Մեր տեղեկություններով` մշտապես աղմկալի պատմություններով հայտնի Կարո Կարապետյանը՝ Յուվեցի Կարոն, տարբեր մարդկանց տոկոսով փող է տվել եւ հետո սկսել նրանցից պահանջել իր փողերը տոկոսների հետ միասին: Այսպիսով, Հարություն Ղարագյոզյանի՝ Կարամելի Հարութի եւ Կարո Կարապետյանի միջեւ եւս 4 միլիոն դոլարի խոսակցություն է եղել, եւ մեզ հասած լուրերի համաձայն` Կարապետյանը 4 միլիոն դոլար գումար է տվել Հարություն Ղարագյոզյանին, որի շուրջ էլ խոսակցությունները թեժացել են, ու բանը հասել է այնտեղ, որ երկու կողմերը հանդիպեն եւ միմյանց հետ կարգավորեն խնդիրը:
Սակայն այս պատմության մեջ մեկ հարց մնում է անպատասխան. եթե Աբրահամ Մանուկյանը ստանձնել էր Կարո Կարապետյանի եւ Հարություն Ղարագյոզյանի միջեւ առաջացած գումարային հարց ու պատասխանը հարթեցնելու գործընթացը, ապա ինչու էր Հարություն Ղարագյոզյանը հանդիպմանը գնացել զենքով: Մեզ հասած հավաստի տեղեկությունների համաձայն` Աբրահամ Մանուկյանն իր ծանոթ մարդկանց պատմել է, թե մինչ «Այգի» ռեստորանում հանդիպելը նույն օրը` ժամը 18:00-ի սահմաններում, Հարություն Ղարագյոզյանի վրա են հարձակվել Կարո Կարապետյանի թիմակիցները եւ ծեծի են ենթարկել: Դրանից հետո էլ կողմերը որոշել են հանդիպել ու առաջացած տարաձայնությունը կարգավորել, որն էլ ճակատագրական ավարտ ունեցավ երկու կողմերի համար:
«Ժողովուրդ» օրաթերթը ստեղծված իրավիճակի շուրջ զրուցեց Ռաֆայել Ամիրխանյանի հետ, որը ներկայացնում է Հարություն Ղարագյոզյանի իրավահաջորդների շահերը: Ի պատասխան` վերջինս ասաց. «Հարություն Ղարագյոզյանի հարազատների պնդմամբ` Հարություն Ղարագյոզյանը որեւէ մեկին պարտք չի եղել, մասնավորապես, նաեւ Կարո Կարապետյանին, այլ բան Ձեզ ասել չեմ կարող»: Անդրադառնալով ծեծին` Ռաֆայել Ամիրխանյանը նշեց. «Այդ ամենից տեղյակ չեմ, ինչ ինձ ասել են, ես դա եմ ասում, մնացածը ընթացքում կերեւա» :

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

ԴՐԱԿԱՆ
ԱՊՀ գործադիր կոմիտեի նախագահ Սերգեյ Լեբեդեւը հայտարարել է, որ Դուշանբեում տեղի ունեցած ԱՊՀ երկրների ղեկավարների գագաթնաժողովի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հանդիպումը նվազեցրել է Արցախի առաջնագծում առկա լարվածությունը: Լեբեդեւը փաստել է, որ ինքն անձամբ է վկա եղել, որ երկու երկրների ղեկավարները գագաթնաժողովի շրջանակում մոտեցել են միմյանց ու հարցեր քննարկել արցախյան հակամարտության կարգավորման հետ կապված: «Արդյունքն ակնհայտ է. այժմ հակամարտության գոտում լարվածությունը որոշակիորեն նվազել է»,-ասել է ռուս պաշտոնյան: «Մենք մեծ հույս ունենք, որ երկու երկրների առաջնորդների այդ առաջին շփումը կշարունակվի եւ դրական արդյունք կտա հակամարտության կարգավորման հարցում»,-նշել է Լեբեդեւը:

 

 

ՊԵՏՔ Է ՀՐԱԺԱՐՎԻ
«Հայաստանը պետք է կարգավորի հարաբերությունները հարեւան երկրների հետ, եթե կայունություն է ուզում տարածաշրջանում»,-հայտարարել է Թուրքիայի խորհրդարանի խոսնակ Բինալի Յըլդըրըմը: «Եթե Հայաստանն ուզում է բարելավել հարաբերությունները Անկարայի հետ, պետք է հրաժարվի 1915 թվականի վերաբերյալ մեղադրանքներից ու այդ հարցի քննությունը թողնի պատմաբաններին»,- հայտնել է նա:

 

 

ՆՈՐԱՆՇԱՆԱԿՆԵՐԸ
Երեկ` կառավարության նիստի ընթացքում, ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը ներկայացրել է երեք մարզպետ նշանակելու որոշման նախագիծը: Այսպիսով, Գնել Սանոսյանը նշանակվել է Գեղարքունիքի մարզպետ, Տրդատ Սարգսյանը` Վայոց ձորի մարզպետ, իսկ Լոռու մարզպետ է նշանակվել Անդրեյ Ղուկասյանը: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մինչ օրակարգին անցնելը ողջունել է նորանշանակ նախարարներին: «Որոշում եմ կայացրել Գաբրիել Ղազարյանին ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար նշանակելու մասին»,-ասել է նա:

 

 

ՄԱՀԱՑԵԼ Է
Երեկ մահացել է ազատամարտիկ, «Սասնա Ծռեր»-ի անդամ Արայիկ Խանդոյանը, որը հայտնի էր «Միայնակ Գայլ» մականունով: Ըստ Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքի ղեկավար Նորային Հակոբյանի` Ծաղկոհովիտը սգում է. «Մենք ունեցանք մեծ կորուստ, Արայիկ Խանդոյանը ազգի հերոս է: Ակտիվորեն քննարկում են Արայիկ Խանդոյանին Եռաբլուրում հուղարկավորելու հարցը: Արայիկի մայրը վերադառնում է ՌԴ-ից, հենց ինքն էլ նման ցանկություն հայտնի, համայնքը պատրաստ է ոտքի կանգնել»,-շեշտել է Նորային Հակոբյանը: Գյուղապետի խոսքով` ընտանիքի հետ խորհրդակցելուց հետո պատրաստ են դիմել ՊՆ-ին: Հիշեցնենք, որ գիշերը Արայիկ Խանդոյանը կալանավորվել էր 2016թ. Ոստիկանության Էրեբունու ՊՊԾ գունդը գրավելու դեպքից հետո, իսկ օգոստոսի 17-ին դատարանի որոշմամբ ազատ էր արձակվել կալանքից:

 

 

ԱԶԱՏՎԵՑ
«Սասնա ծռեր» խմբի անդամ Պավել Մանուկյանը շուրջ երկու տարի անազատության մեջ գտնվելուց հետո երեկ դատարանի որոշմամբ ազատվել է կալանքից: Պավել Մանուկյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվեց 1 միլիոն գրավը: Շուրջ մեկ շաբաթ է, ինչ Մանուկյանը գտնվում էր հացադուլի մեջ, նրա պահանջն էր խափանման միջոցի վերանայումը:




Լրահոս