Ինչպես հայտնի է, հոկտեմբերի 9-ին Հատուկ քննչական ծառայության միջնորդության հիման վրա դատարանը կալանավորեց գործարար Սամվել Մայրապետյանին: Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 38-311 (Կաշառք ստանալուն օժանդակելը) հատկանիշներով: Ու մինչ իրավապահները քննում են այս գործը, Սամվել Մայրապետյանը կոնկրետ հարց է բարձրացրել:
Նախ հիշեցնենք, որ Մայրապետյանին մեղադրանք առաջադրելուց հետո ուշագրավ հայտարարությամբ հանդես եկավ գործարար Սիլվա Համբարձումյանը: «Սամվելի պատճառով ես էլ եմ հարցաքննվել: Հարցաքննությունը եղել է Մարտի 1-ի գործի շրջանակում: Սկզբում իրեն են ստուգել, հետո ինձ են կանչել, հարցաքննում: Մարտի 1-ի օրերին ես փոխանցում եմ արել Սամվել Մայրապետյանին, այդքան բան, ես ապացույցներ եմ ներկայացրել, որ որեւէ կապ չունեմ Մարտի 1-ի գործի հետ: Թե ինչի համար եմ փոխանցել, չեմ հիշում, 10 տարի է անցել արդեն»,- հայտարարեց գործարարը:
Ավելին, Համբարձումյանը նշել էր, թե այժմ գումարի փոխանցման վերաբերյալ փաստաթղթերն է հավաքում նախաքննական մարմնին ներկայացնելու համար եւ այս գործի շրջանակներում ունի վկայի կարգավիճակ: Չնայած նրան, որ Սիլվա Համբարձումյանն ասել էր` իրեն եւ Մայրապետյանին հարցաքնել են մարտի 1-ի գործի շրջանակներում, սակայն նրա պաշտպան Կարեն Բատիկյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում պնդեց, որ այս քրեական գործը մարտի 1-ի հետ կապ չունի: «Մնացածը չեմ կարող բացահայտել»,- ասաց նա:
Բայց լուրեր են շրջանառվում այն մասին, որ իրավապահ մարմիններն, այնուամենայնիվ, նշյալ կաշառքի գործով ՝ քննություն են իրականացնում: Այսինքն՝ գործարար Սիլվա Համբարձումյանը գումար պետք է փոխանցեր կամ փոխանցել է Սամվել Մայրապետյանին, իսկ Մայրապետյանն այդ գումարը պետք է փոխանցեր կամ փոխանցել է Ռոբերտ Քոչարյանի օգնական Արմեն Գեւորգյանին, որն էլ, ենթադրվում էր, թե գումարը պետք է տրամադրեր Ռոբերտ Քոչարյանին:
Եվ ահա «Ժողովուրդ» օրաթերթին այս գործի շրջանակներում որոշ մանրամասներ են հայտնի դարձել: Մասնավորապես, մեզ հասած տեղեկությունների համաձայն` երբ դատարանը քննել է Մայրապետյանի խափանման միջոց կալանքը ընտրելու հարցը, Սամվել Մայրապետյանին հնարավորություն է տրվել իր կարծիքը հայտնել իր դեմ առաջադրված մեղադրանքից:
Սամվել Մայրապետյանն ասել է` ենթադրենք ես կաշառք ստանալուն օժանդակել եմ, բայց այստեղ հարց է առաջանում, ըստ էության կոնկրետ մարդիկ են եղել կաշառք տվողը կամ կաշառք վերցնողը: Եւ նրանք այսօր ինձ պես պետք է լինեին դատարանում, քանի որ իրենք առավել մեծ ու կարեւոր գործ են կատարել, սակայն ինձ համար անհասկանալի է մնում ու տարօրինակ, որ այսօր իրավապահները միայն կաշառք ստանալուն օժանդակողին են կալանավորում, իսկ այն տվողը, իսկ այն վերցնողը ազատության մեջ են: Արդյոք դա տրամաբանակա՞ն է»:
Բացի այս, «Ժողովուրդ» օրաթերթին Սամվել Մայրապետյանի կալանավորման գործով այլ ուշագրավ մանրամասներ էլ են հայտնի դարձել: Մասնավորապես, գործարար Սիլվա Համբարձումյանն ասել էր, որ մարտի 1-ի օրերին ինքը փոխանցում է արել Սամվել Մայրապետյանին: Մեզ հասած տեղեկությունների համաձայն` նա այդ փոխանցումը արել է բանկային հաշվի միջոցով եւ իրավապահներին է ներկայացրել փոխանցման կտրոնի բնօրինակը, ինչի արդյունքում էլ Մայրապետյանին կալանավորել են:
Իսկ ահա, օրինակ, ԱԺ պատգամավոր Արամ Հարությունյանի՝ Բուլկի Արամի դեպքում նա իրավապահներին է ներկայացրել փոխանցված գումարի փաստաթղթի պատճենը, ինչն էլ նախաքննական մարմնի համար հիմք չէ, որպեսզի Արամ Հարությունյանին կալանավորեն, ուստի սպասում են բնօրինակին արտերկրից, որպեսզի կոնկրետ քայլերի գնան:
Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԺ-ում ասել է, թե կաշառք վերցնելու գործով առաջիկայում ԱԺ պատգամավոր է կալանավորվելու. «ԱԺ պատգամավորի վրա կա գործ, 100 տոկոսով ապացուցված գործ է: Արդեն երկու ամիս մենք մեր ձեռքի տակ ունեցած մի թղթի պաշտոնական պատասխանին ենք սպասում, որ օրը ստացանք, նախաձեռնություն է լինելու այդ պատգամավորին կալանավորելու վերաբերյալ: Դա կաշառքի գործ է, բայց մոտ երեք ամիս է, մի քիչ էլ կապված է օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցչության հետ, երեք ամիս է` այդ թուղթը չի գալիս»,- ասել է նա` հավելելով,- «սա երրորդ հանրապետության պատմության ամենախոշոր կաշառքի դեպքն է, որն իր թելերով տանելու է էլի ուրիշ բարձրաստիճան պաշտոնյաների հետեւից»:
Փաշինյանը չէր մանրամասնել, թե ով է այդ պատգամավորը: Սակայն «Ժողովուրդ» օրաթերթին լուրեր հասան, որ կան կասկածներ` խոսքը նախկինում ՀՀ քաղաքաշինության, հետո բնապահպանության նախարար, ՀՀԿ-ական Արամ Հարությունյանի մասին է: Ավելին, խոսվում է, որ այդ գործը բացվել է գործարար Սիլվա Համբարձումյանի ցուցմունքների հիման վրա. նա մի հանք է գնել, որը այդպես էլ չի կարողացել աշխատեցնել: «Ժողովուրդ» օրաթերթի հարցին ի պատասխան` գործարար Սիլվա Համբարձումյանն ասել էր. «Ես չգիտեմ` վարչապետը ում նկատի ուներ, բայց ես Արամ Հարությունյանի վրա, այո, հայտարարություն տվել եմ կաշառք վերցնելու վերաբերյալ:
Գործը կասեցվել էր, սակայն 2018 թվականին` թավշյա հեղափոխությունից հետո, ես դիմել եմ ՀՀ գլխավոր դատախազություն, հայտնել եմ, որ Դուբայից ունեմ փաստաթղթեր, որ ես Արաքս Դիլանյանի հաշվին փող եմ փոխանցել, ու դուք էլ գործը կասեցրել եք, ինչի համար եւ գործով կրկին վերսկսել են քննությունը»: Այսինքն` կասեցման որոշումը հանել են, եւ այդ գործը գտնվում է Հատուկ քննչական ծառայությունում: Ասել է թե` Դուբայից գործարարին ուղարկել են փոխանցված գումարի փաստաթղթային ապացույցի պատճենը, ուստի իրավապահները ներկայումս սպասում են բնօրինակին:
Հիմա հարց կառաջանա՝ բա որ այս ընթացքում Արամ Հարությունյանը փախչի երկրից: Պարզվում է՝ չի կարողանալու: Նրա մասով տեղաշարժը ամենօրյա հսկողության տակ է:
Քնար Մանուկյան