Լոլիկային ճգնաժամ. արդեն տոմատի մածուկ ենք ներկրում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ վիճակագրական տվյալներով` Հայաստանում այս տարվա 8 ամիսների ընթացքում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, տոմատի մածուկի արտադրության ծավալները աճել են 7.4 տոկոսով: Պարզվում է, որ տոմատի մածուկի արտադրությամբ զբաղվող տնտեսվարողները ոչ թե տեղական լոլիկն են մթերել եւ տոմատի մածուկ արտադրել, այլ այն ներկրել են ուրիշ երկրներից:
Այն, որ մեր հանրապետությունում գյուղատնտեսության ոլորտը լայն քայլերով ոչնչանում է, վաղուց արդեն գաղտնիք չէ:

ՈՒ հիմա Հայաստանը տոմատ արտադրողից վերածվել է ներմուծողի: Նշենք, որ ընթացիկ տարում համեմատաբար քիչ քանակությամբ լոլիկ է աճեցվել: Պատճառը բարձր ջերմաստիճանն էր, քանի որ դրա հետեւանքով լոլիկի մշակաբույսերը վնասվեցին: Այս տարվա լոլիկը նաեւ ցեցը շատ փչացրեց: Արդյունքում այս տարի լոլիկի գինը շատ բարձր էր: Այս իրավիճակում տարօրինակն այն է, որ անգամ քիչ աճեցված տեղական լոլիկն անարգել արտահանվել է: Ըստ ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության ծառայության` այս տարվա հոկտեմբերի 12-ից մինչեւ 18-ը ընկած ժամանակահատվածում ՀՀ-ից արտահանվել է 1 մլն 976 հազար կգ թարմ եւ չոր բանջարեղեն, այդ թվում եւ լոլիկ:

Պարզվում է` ներքին պահանջարկը բավարարելու փոխարեն Հայաստանը լոլիկ է արտահանում: Բայց այս ամենի արդյունքում լոլիկ մթերող եւ տոմատի մածուկ արտադրող ընկերությունները ստիպված են ոչ միայն լոլիկ ներկրել, այլեւ տոմատի մածուկ:

«Ժողովուրդ» օրաթերթը դիմել էր ՀՀ պետական եկամուտների կոմիտե` խնդրելով տրամադրել անցած եւ այս տարվա հունվարի 1-ից մինչեւ հոկտեմբերի 22-ը ընկած ժամանակահատվածում Հայաստան լոլիկի եւ տոմատի ներմուծման ծավալների մասին վիճակագրական տվյալները: ՀՀ ՊԵԿ-ը տվյալներ չունի, թե անցած տարվա հունվարի 1-ից մինչեւ հոկտեմբերի 22-ը որքան լոլիկ է ներմուծվել Հայաստան:

Փոխարենը կան այս տարվա տվյալները: 2018թ. հունվարի 1-ից մինչեւ հոկտեմբերի 22-ը ընկած ժամանակահատվածում ներմուծել է 311 հազար 712 կգ լոլիկ: Ներմուծող ընկերություններն են «Նատ Ֆուդ», «Սիս նատուրալ», ««Արարատ» սննդի կոմբինատ, «ՏՎՌՎ լոգիստիկ» ընկերությունները եւ «Արսեն Փիլիպոսյան», «Արտակ Շահվերդյան Սեյրանի» ԱՁ-ները: Եւ ամենակարեւորը` լոլիկ ներմուծել է պահածոների արտադրությամբ զբաղվող «Արտաշատի պահածոների գործարանը»` «Արտֆուդ»-ը: Ասել է թե` տոմատ արտադրող ընկերությունը գյուղացիներից լոլիկ մթերելու փոխարեն այն ներկրել է:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ լոլիկ ներմուծվել է Իրանի Իսլամական Հանրապետությունից, Վրաստանից, Ռուսաստանից: Մեզ հայտնի դարձավ նաեւ, որ անցած տարվա հունվարի 1-ից մինչեւ հոկտեմբերի 22-ը ընկած ժամանակահատվածում Հայաստանը ներմուծել է 701 հազար 149 կգ տոմատի մածուկ: Այս տարի տոմատի մածուկ ներկրող ընկերությունները թվով 36-ն են: Այն ներմուծվել է Ռուսաստանից, Չինաստանից, Իտալիայից, Ուկրաինայից, Ռումինիայից: Մինչդեռ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում ՀՀ ներմուծվել է 219 հազար 698 կգ տոմատի մածուկ` Ռուսաստանից, Հունաստանից, Ուկրաինայից, Վրաստանից, Իրանից: Իսկ ներկրողներն են «ԱՄՍԱ ԻՄԵՔՍ», «ՖաստՖուդ», «Վիլ Ֆուդ», «Եվրոքափ», «Պռոշյանի կոնյակի գործարան», «Պարադոքս թրեյդ», «Լիա-Կ», «Վեգեքոմ», «Պոլիան», «Մուլտի բրենդ» ընկերությունները, «Դիակոնիա» բարեգործական հիմնադրամը, «Արարատ սննդի կոմբինատը», «Սաս գրուպ»-ը, «Ալեքս հոլդինգ»-ը:

Չի բացառվում, որ առաջիկայում շուկայում տոմատի մածուկի դեֆիցիտ լինի, որովհետեւ եթե ինչ-ինչ պատճառներից ելնելով` ներկրումը չլինի, միեւնույն է, մեր սպառողների ճաշակը չի փոխվել. հայերը տոմատի մածուկ սիրող ժողովուրդ են: Այսպիսով, ստացվում է, որ պետական կառույցները ծրագրել են տոմատի սպասվելիք դեֆիցիտը ծածկելու համար հայկական շուկան լցնել օտարերկրյա արտադրության տոմատի մածուկով:

Սյունէ Համբարձումյան




Լրահոս