Տաղանդավոր արտիստներ, որոնք մեծ ներդրում ունեն հայկական երգարվեստում, պարզապես ընդհատակ են անցել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ես եւ ամուսինս սովորել ենք ոչ մի բան չպլանավորել, բայց, հուրախություն մեզ, հիմա Հայաստանում ենք բնակվում, եւ, կարծում եմ, դեռ մեկ տարի հաստատ այստեղ կլինենք: Հետո արդեն ժամանակը ցույց կտա՝ ինչ կանենք: Տա Աստված՝ Հայաստանում այնքան լավ լինի, որ մշտական այստեղ մնանք»,- «Ժողովուրդ» օրաթերթին տեղեկացրեց երգչուհի Հասմիկ Կարապետյանը՝ պատասխանելով մեր այն հարցին, թե Կանադայում տեւական ժամանակ բնակվելուց հետո հայրենիք վերադարձած երգչուհին որտեղ է պատրաստվում մնալ:

Մենք հարցրինք՝ գուցե հետհեղափոխական Հայաստանում աստղային զույգը ցանկություն ունենա մնալու եւ ստեղծագործելու առավել, քան երբեւէ. «Երբեք չեմ ցանկացել լքել Հայաստանը երկար ժամանակով, բայց հիմա չեմ կարող միայն իմ մասին մտածել. պետք է այնպես անեմ, որ ընտանիքիս համար էլ լավ լինի: Շատ էի տանջվում՝ գտնվելով Կանադայում, Հայաստանից հեռու: 41 տարեկանում նոր միայն հասկացա, թե որքան շատ եմ սիրում հայրենիքս, եւ որքան լավ եմ զգում այստեղ՝ չնայած որ Կանադան ուներ իր մի շարք առավելությունները»,-մեկնաբանեց Հասմիկը:

Նրա խոսքով՝ Հայաստանում կա մի բան, որ ոչ մի տեղ չկա՝ ջերմություն. «Գուցե ես հանրային մարդ եմ եւ սովոր եմ ուշադրության կենտրոնում լինել, նաեւ այդ պատճառով էլ հայրենակիցներիս ժպիտներն ու ջերմ խոսքերը թանկ են ինձ համար: Դա աստղային հիվանդություն չէ, պարզապես ջերմ մթնոլորտի պակաս եմ զգում»,- շեշտեց եգչուհին:

Նա այն համոզման է, որ հենց Հայաստանն է իր դստեր համար ամենաապահով եւ ճիշտ դաստիարակվելու համար նպաստավոր երկիրն աշխարհում: Հարցին, թե «Իմ Տաթեւ» երգի տեսահոլովակը թողարկելուց հետո կշարունակի արդյոք ստեղծագործել եւ ակտիվ գործունեություն ծավալել, Հասմիկը պատասխանեց. «Եթե կարողացա երեխայի խնամքին զուգահեռ այդ «ճգնաժամային» իրավիճակում տեսահոլովակ նկարահանել, ուրեմն այո (ծիծաղում է): Ես շարունակելու եմ ստեղծագործել, այն կանանցից եմ, որոնց համար երեխան խոչընդոտ չէ»:

Հասմիկը, խոսելով շոու-բիզնեսում տիրող իրավիճակի մասին, նկատեց, որ այսօր, ցավոք, ինչ համերգ կազմակերպվում է, նույն երգիչ-երգչուհիներն են դրան մասնակցում. «Կցանկանայի, որ դա փոխվեր: Շատ տաղանդավոր արտիստներ, որոնք մեծ ներդրում ունեն հայկական երգարվեստում, պարզապես ընդհատակ են անցել: Պետք է նրանց հնարավորություն տալ»,- եզրափակեց մեր զրուցակիցը:

Աննա Բաբաջանյան




Լրահոս