Լուսանկարն արվել է մայրաքաղաքում
Այս մեքենայի վարորդը ՀՀ արտակարգ իրավիճակների նորանշանակ նախարար Ֆելիքս Ցոլակյանի մեծ երկրպագուն է: Նա իր մեքենայի ետնապակուն Ցոլակյանին նվիրված խոսքեր է փակցրել` «խիղճ եւ խաղաղություն»:
ՀԱՐՑ. Խնդրում եմ` ասեք` կարո՞ղ է արդյոք կազմակերպությունն իր օտարերկրացի աշխատողի համար հաշվարկել եւ վճարել ժամանակավոր անաշխատունակության նպաստ:
Գայանե Հարությունյան (37 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. Գ. Հարությունյանի հարցին ի պատասխան` հայտնում ենք, որ «Ժամանակավոր անաշխատունակության եւ մայրության նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի համաձայն` oտարերկրյա քաղաքացին կամ քաղաքացիություն չունեցող անձը ժամանակավոր անաշխատունակության նպաստի իրավունք ունի Հայաստանի Հանրապետության քաղաքացուն հավասար օրենքով սահմանված կարգով եկամտային հարկ վճարած լինելու դեպքում:
Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտե
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ավելացնենք, որ համատեղությամբ աշխատելու դեպքում ժամանակավոր անաշխատունակության նպաստը հաշվարկվում, նշանակվում եւ վճարվում է յուրաքանչյուր գործատուի եւ Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական մարմնի կողմից` անկախ մյուսների կողմից նպաստը նշանակվելու եւ վճարվելու հանգամանքից: Համատեղությամբ աշխատելու դեպքում մայրության նպաստը հաշվարկվում եւ վճարվում է հիմնական գործատուի կողմից:
ՀԱՐՑ. Բանկում ավանդ ունեմ: Գնացել եմ, որպեսզի որպես ավանդատու հերթագրվեմ, սոցապ բաժնում չեն հերթագրում, ուղարկում են Փարոս: Փարոսում էլ տեղեկացնում են, որ դա իրենց գործը չէ: Ի՞նչ կարող եմ անել: Ե՞րբ կարող եմ հերթագրվել եւ ստանալ իմ գումարը:
Արշավիր Գալստյան
ՊԱՏԱՍԽԱՆ. Տեղեկացնում ենք, որ նախկին ԽՍՀՄ Խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչեւ 1993 թվականի հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների փոխհատուցում ստանալու իրավունք ունեն հետեւյալ անձինք`
1) մինչեւ 1932 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ ծնված անձինք, այդ թվում եթե ավանդը ներդրվել է մահացած ամուսնու կողմից համատեղ ամուսնական կյանքի ընթացքում,
2) ՀՀ պաշտպանության մարտական գործողությունների մասնակից անձինք, այդ թվում եթե ավանդը ներդրվել է մահացած ամուսնու կողմից համատեղ ամուսնական կյանքի ընթացքում,
3) Հայաստանի Հանրապետության կառավարության 2014թ. դեկտեմբերի 18-ի N 1444-Ն որոշման N 1 հավելվածի ցանկում ընդգրկված համայնքներում բնակչության պետական ռեգիստրում 2014թ. օգոստոսի 1-ի դրությամբ հաշվառված անձինք, այդ թվում եթե ավանդը ներդրվել է մահացած ամուսնու կողմից համատեղ ամուսնական կյանքի ընթացքում:
4) ՀՀ պաշտպանության մարտական գործողություններին մասնակցելու կամ մարտական հերթապահություն կամ հատուկ առաջադրանք կատարելու ժամանակ զոհված զինծառայողների կամ կամավորականների կամ անհայտ կորածների անունով ներդրված ավանդը ժառանգած անձինք:
Նշված սոցիալական կարգավիճակներից որեւէ մեկին բավարարող անձինք կարող են դիմել իրենց փաստացի բնակության վայրի սոցիալական աջակցության տարածքային գործակալություն: Գրանցման հետ կապված խնդիրների դեպքում կարող եք տեղում զանգահարել 114 թեժ գիծ:
ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության կենսաթոշակային ապահովության վարչության պետ Անահիտ Գալստյան
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Հուսանք` գոնե այսքանից հետո փաստացի բնակության վայրի սոցիալական աջակցության տարածքային գործակալությունում քաղաքացուն կընդունեն սահմանված կարգի համաձայն եւ կուղղորդեն, թե ինչ անի որպես ավանդատու հերթագրվելու համար: