Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր մասնակցել է Բելառուսի Հանրապետության մայրաքաղաք Մինսկում անցկացվող Մյունխենի անվտանգության համաժողովի (Munich Security Conference) Հիմնական խմբի (MSC Core Group) հանդիպման՝ Արևելք-Արևմուտք հարաբերությունների քննարկմանը նվիրված կլոր սեղանին։ Այն բացել է Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, իսկ քննարկումները վարել է Մյունխենի անվտանգության միջազգային համաժողովի նախագահ Վոլֆգանգ Իշինգերը:
Մյունխենի անվտանգության համաժողովի Հիմնական խումբը միջազգային անվտանգության քաղաքականության հարցերի քննարկման ազդեցիկ և ներկայացուցչական հարթակ է, որը հնարավորություն է ընձեռում բարձրաստիճան մասնակիցներին քննարկել միջազգային անվտանգության քաղաքականության կարևորագույն հարցեր:
Նախագահ Արմեն Սարգսյանը նոյեմբերի 1-ին ելույթով հանդես կգա տարածաշրջանային հակամարտություններին վերաբերող քննարկմանը, իսկ երեկ Հայաստանի Հանրապետության նախագահը մասնակցել է ի պատիվ Մյունխենի անվտանգության համաժողովի Հիմնական խմբի հանդիպման մասնակից պատվիրակությունների ղեկավարների կազմակերպված ընդունելությանը։