«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Նոյեմբերի 11-ին Փարիզում տեղի ունենալիք Առաջին աշխարհամարտի 100-ամյակի միջոցառմանը Հայաստանից մասնակցելու է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը։ Այդ միջոցառման շրջանակներում տեղի է ունենալու նաեւ Պուտին-Թրամփ հանդիպումը, որին շունչը պահած հետեւում է ողջ աշխարհը՝ սպառազինության նոր մրցավազքի մտահոգությամբ։
Մենք կառավարությունից հետաքրքրվեցինք՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի՞ ստացել այդ միջոցառմանը մասնակցելու հրավեր։ Ասացին․ «Այո, ստացել է, մասնակցության հարցը կորոշվի այսօր-վաղը»։ Իսկ նոյեմբերի 8-ին Աստանայում տեղի է ունենալու ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարների գագաթնաժողովը։ Օրվա առաջին կեսին ԱԳ նախարարների հավաքն է, երկրորդ կեսին՝ ղեկավարների։ Օրակարգը հայտնի չէ, սակայն, դատելով ՀԱՊԿ պաշտպանության նախարարների օրերս քննարկած հարցերի շրջանակից, այդ թվում եւ համատեղ ՀՕՊ համակարգին առնչվող, այդ խնդիրը կքննարկվի նաեւ անդամ երկրների ղեկավարների հանդիպման ժամանակ։
«Սակայն գագաթնաժողովի ինտրիգը, չի բացառվում՝ Խաչատուրովի եւ Հայաստանի՝ ՀԱՊԿ-ն ղեկավարել-չղեկավարելու հարցը լինի»,- ասաց փորձագետներից մեկը։ Հարցին՝ Փաշինյանը մասնակցելո՞ւ է Խաչատուրովի ղեկավարած ՀԱՊԿ սամիթին, վարչապետի մամլո խոսնակ Արման Եղոյանը պատասխանեց․ «Վարչապետի այցերի մասին մենք տեղեկացնում ենք այցից մի քանի օր առաջ՝ հավուր պատշաճի»։ Կառավարությունում գտնում են, որ բացի անվտանգության խնդիրներից, հնարավոր է վերջին վայրկյանին ինչ-որ բան փոխվի նրա աշխատանքային գրաֆիկում, ասենք՝ մեկ այլ պաշտոնյա մեկնի, այդ պատճառով կանխավ չեն տեղեկացնում։
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: