Ներկուսակցական պայքարների մեկնարկն արդեն տրվել է. ոմանք այնքան էլ նախանձելի իրավիճակում չեն գտնվում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այս շաբաթ խորհրդարանում կրկին տապալվեց Ընտրական օրենսգրքի ընդունումը, սակայն այս անգամ ընդամենը մեկ ձայն էր պակասում այն ընդունելու համար: Եվ արդեն իսկ ակնհայտ է, որ դեկտեմբերին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրությունները լինելու են գործող Ընտրական օրենսգրքով, ինչը ենթադրում է նաեւ վարկանիշային համակարգ:
Այս ընթացքում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամները` վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, մշտապես հայտարարում էին, թե գործող ընտրական համակարգից շահելու են հենց իրենք` ընդգծելով, թե ՀՀԿ-ին չի հաջողվելու հին մեթոդներով, վարկանիշային թեկնածուների հաշվին ձայներ ստանալ: Սակայն, ամեն դեպքում, ՀՀԿ-ն գնաց հենց այդ ճանապարհով եւ որոշեց նպաստել, որ գործող օրենսգիրքը մնա, որի պարագայում նվազագույնը երեք ուժ պետք է լինի խորհրդարանում, այլ ոչ թե չորս, որն ամրագրված էր արդեն չանցած օրենսգրքում:

Եվ չնայած ՔՊ-ն հայտարարում է, թե իրենց համար միեւնույն է` որ Ընտրական օրենսգրքով են գնալու ընտրության, սակայն հենց կուսակցության ներսում սա արդեն ներքին պայքարի է հանգեցնելու: Գաղտնիք չէ, որ ցանկացած ընտրակարգի պարագայում էլ ընտրողները ձայն էին տալու Նիկոլ Փաշինյանին, եւ համամասնական ընտրակարգի պարագայում դրանից կարող էին օգտվել, օրինակ, համամասնական ցուցակում ընդգրկված անձինք, ինչպես դա եղավ Երեւանի ավագանու արտահերթ ընտրությունների ժամանակ, երբ «Իմ Քայլը» դաշինքի աննախադեպ հաղթանակի շնորհիվ 57 հոգի դարձան ավագանիներ: Համամասնական ընտրակարգի պարագայում նույնն էր լինելու նաեւ արդեն Նիկոլ Փաշինյանի շնորհիվ, եւ ի դեմս նրան տրված ձայների` մեծ թվով անձինք էին հայտնվելու խորհրդարանում:

Իսկ հիմա «Իմ քայլը» դաշինքի ընտրացուցակում հայտնվող հնարավոր անձինք այնքան էլ նախանձելի իրավիճակում չեն գտնվում, քանի որ վարկանիշային ընտրակարգի պարագայում արդեն նրանց դերակատարումը եւս մեծանալու է: Մասնավորապես, դաշինքի վարկանիշային թեկնածուները պետք է պայքարեն միմյանց դեմ` ավելի շատ ձայներ բերելու համար, քանի որ հենց դրանից է կախված լինելու նրանց պատգամավոր դառնալ-չդառնալու հարցը: Իսկ համամասնական ընտրակարգի պարագայում նրանք այդպիսի խնդիր չէին ունենա: Եվ գաղտնիք չէ, որ այդ դաշինքին բոլորը ճանաչում են շնորհիվ վարչապետի պաշտոնակատարի, եւ հնարավոր է, որ նույնիսկ առանցքային դեմքերը մեծ թվով ձայներ չհավաքեն: Այս դեպքում լուրջ խնդիր է առկա նաեւ Նիկոլ Փաշինյանին ինչ-որ բան ապացուցելու հարցում: Ի վերջո, նա պետք է հասկանա, թե ինչի են ընդունակ իր թիմակիցները: Եվ այս պարագայում չի բացառվում, որ շատ քվեաթերթիկներ կլինեն, որտեղ պարզապես ոչ մի թեկնածու ընտրված չի լինի, այլ պարզապես ցանկություն կլինի ձայն տալ հենց Նիկոլ Փաշինյանին, ով էլ գլխավորելու է դաշինքի ընտրական ցուցակը: Եվ եթե որեւէ թեկնածու կարող էր համամասնական ցուցակում լինելու շնորհիվ դառնալ պատգամավոր, հիմա կարող է զրկվել դրանից, եթե որոշվի այդ մարդուն առաջադրել վարկանիշային ընտրակարգով:

Չնայած ՀՀԿ-ն տապալեց Ընտրական օրենսգրքի ընդունումը, եւ պետք է ընտրությունների գնան վարկանիշային ընտրակարգով, սակայն նրանք եւս կարող են լուրջ խնդրի առջեւ կանգնել: Նախկինում ՀՀԿ-ի թիմակիցները մեծ ձայներ էին բերում` ահռելի գումարներ ծախսելով, վարչական ռեսուրսներն ու քրեական տարրերին, թաղային հեղինակություններին օգտագործելով, հասկանալով, որ դրա փոխարեն դառնալու են պատգամավոր, սակայն այժմ գիտակցում են, որ խորհրդարանում ընդամենը մի քանի հոգի են լինելու, եթե, իհարկե, լինեն: Այդ առումով որքան էլ մի քանիսը խոստացել էին մինչեւ վերջ նրանց կողքին մնալ եւ թեկնածություն դնելով` ինչ-որ բաներ ապացուցել, ապա այժմ երկմտում են: Թե ով շահեց Ընտրական օրենսգրքի տապալումից, դժվար է ասել, սակայն փաստ է մեկ բան` կուսակցությունների ներսում արդեն պայքար է սկսվել:

Նաիրա Հովհաննիսյան




Լրահոս