Պետական վերահսկողության ծառայությունը Շիրակի մարզի Անի համայնքում ավարտում է ուսումնասիրությունները: Թերություններ ի հայտ եկել են, թե ոչ, Պետական վերահսկողության ծառայությունից դեռեւս չեն պարզաբանում: Սակայն իրավիճակը համայնքում լարված է: Համայնքապետարանում էլ թերեւս աշխատանքային գործընթացը վերսկսվել է, բայց զուգահեռ ուսումնասիրություններ են ընթանում:
Ընդամենը օրեր առաջ համայնքի ղեկավար Արտակ Գեւորգյանի դեմ քրեական գործ հարուցվեց` պաշտոնեական դիրքն օգտագործելով խարդախություն կատարելու եւ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքի առթիվ: Համայնքի ղեկավարի դեմ բողոքել էր համայնքապետարանի նախկին աշխատակցուհին: Նա հաղորդում էր տվել առ այն, որ 2008-2016թթ. Շիրակի մարզի Անիի համայնքապետարանում աշխատելով որպես օժանդակ աշխատանքներ իրականացնող` չի հաշվառվել որպես աշխատող: Բացի այդ, ըստ հաղորդման, աշխատակցից վերցվել է նրա աշխատավարձի վճարման բանկային քարտը, 2016թ. ապրիլից մինչեւ սեպտեմբեր ընկած ժամանակահատվածում յուրաքանչյուր ամիս նրա աշխատանքի դիմաց վճարված աշխատավարձը կանխիկացվել է, որի մի մասը, պաշտոնեական դիրքն օգտագործելով, խարդախությամբ, հափշտակվել էր:
Կնոջ բողոքի արտահայտումը զուգադիպեց ուսումնասիրությունների մեկնարկի հետ: Արտակ Գեւորգյանը գործընթացը որակեց որպես դավադրություն իր անձի դեմ. «Որեւէ հիմնավորում չկա, զրպարտություն է այդ ամեն ինչը: Այսօր քաղաքական պրոցեսներ են ընթանում, եւ այդ պրոցեսներում փորձել են մարդու վրա ներգործել: Մտահոգվելու խնդիր չեմ տեսնում: Այդ կնոջը ճանաչում եմ, որեւէ խնդիր չունեմ վերջինիս հետ ու չեմ հասկանում` ինչն է բողոքի պատճառը: Ես մշտապես օգնել եմ նրան»,- ասաց Արտակ Գեւորգյանը:
Տեղեկացնենք, որ աշխատանքային խումբն ուսումնասիրությունները գրեթե ավարտում է:
Համայնքապետարանում մանրակրկտորեն ուսումնասիրվում է յուրաքանչյուր փաստաթուղթ: Արդյունքները կհրապարակվեն առաջիկայում: Մեր տեղեկությունների համաձայն` եւս մի քանի խախտում արդեն հայտնաբերված են: Սակայն Արտակ Գեւորգյանը հանգիստ է եւ պատրաստակամ է պարզաբանել յուրաքանչյուր հայտնաբերված թերություն` միաժամանակ վստահեցնելով, որ լուրջ խախտումներ իր կողմից թույլ չեն տրվել. «Ես իմ դիտարկումներն ու առարկությունները եւս կներկայացնեմ: Սա ընդամենը ուսումնասիրություն է, ուսումնասիրություն կատարողը եւս կարող է սխալվել: Խախտումը մեկ օրվա հայտաբերելու չէ, դա տեւական գործընթաց է: Մենք էլ մարդ ենք, մի գուցե մի տեղ սխալվել ենք, բայց ուսումնասիրողներն էլ անսխալական չեն»,-ասաց Արտակ Գեւորգյանը:
Նկատենք, որ ցուցարարներն այս օրերին չեն խոչընդոտում համայնքապետարանի աշխատակիցներին: Պարզապես Դավիթ Սանասարյանին տրված խոստումն են պահում: Ուսումնասիրությունների արդյունքների հրապարակումից հետո, սակայն, կրկին ոտքի կկանգնեն, մինչեւ իրենց ծրագրերն ամբողջական ի կատար չածեն. «Մենք որոշել ենք այս անգամ ստորագրահավաք սկսել Արտակ Գեւորգյանի դեմ: Դեռ քննարկում ենք ու ուսումնասիրություններին սպասում: Ոչ մի կերպ չենք նահանջելու»,-ասաց ակցիայի մասնակից Եղիկ Դավթյանը:
Իսկ Արտակ Գեւորգյանն այն հարցին, թե ինչը կստիպի հրաժարական տալ, պատասխանեց. «Ինձ ընտրել է ժողովուրդը, ես իմ քվեի տերն եմ եւ շարունակելու եմ աշխատել: Չեմ կարող ասել` որ պարագայում հրաժարական կտամ, այդ մասին դեռ չեմ մտածել»:
Հեղինե Մանուկյան
Գյումրի