Երեկ Ազգային ժողովի արտահերթ նիստում առաջին ընթերցմամբ քվեարկության դրվեց «Էրեբունի-Երեւանի հիմնադրման 2800-ամյակի եւ Հայաստանի առաջին հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» նախագիծը: Կողմ քվեարկեց 72 պատգամավոր, դեմ եւ ձեռնպահ չկար:
ՀՀ արդարադատության նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը հայտնեց, որ համաներումը ՔԿՀ-ները բեռնաթափելու նպատակ չունի, այն բացառապես մարդասիրական ակտ է եւ կիրառվելու է 660 դատապարտյալի նկատմամբ, որոնցից 270-ն ուղղակիորեն կազատվի պատժի կրումից:
Ազգային ժողովում Արդարադատության նախարարը, անդրադառնալով նախագծին, ասաց, որ Համաներման ակտով բացառվում է համաներման կիրառումը առանձնապես ծանր ռեցիդիվի նկատմամբ. «Փաստորեն, իրավիճակն այնպիսին է, որ այդ անձինք երկու անգամ առանձնապես ծանր հանցագործություն կատարելուց հետո կրկին հանցագործություն են կատարել եւ այդ կատեգորիայի մեջ են հայտնվել: Մի քանի անգամ նրանք հնարավորություն են ունեցել չհայտնվելու բանտում, բայց հայտնվել են, եւ նրանց նկատմամբ հիմա համաներում չի կիրառվում: Մենք փորձել ենք հավասարակշռել այս ամենը, անշուշտ, ստացվել է, թե չի ստացվել, կկարողանանք գնահատել ամիսներ, տարիներ հետո: Բոլոր դեպքերում, մեր ցանկությունը դրական է, իսկ թե դա կյանքում ինչպես պիտի դրսեւորվի, դրա ուղղությամբ պիտի աշխատենք բոլորս, որպեսզի մենք սխալված չլինենք»:
Անդրադառնալով հարցին` արդյոք համաներման շահառուների քանակը, որն անցնում է 6500-ի սահմանը, հետագայում խնդիրներ չեն առաջացնելու իրավապահ համակարգի համար, քանի որ կլինեն անձինք, ովքեր կրկնահանցագործություն կկատարեն` Արտակ Զեյնալյանն ասաց, որ նախկին համաներումների վերաբերյալ վիճակագրական տվյալները խոսում են այն մասին, որ համաներման ակտից հետո կրկնահանցագործություն կատարելու ցուցանիշները շատ մեծ չեն:
Ինչեւէ, մինչ Ազգային ժողովը պատրաստվում է համաներման նախագծի երկրորդ ընթերցմանը, նախաքննական մարմիները եւ փաստաբանները ահազանգում են, որպեսզի համաներման նախագծում շատ կարեւոր մեկ կետ ավելացնեն, որը իրենց համար այս օրերին դարձել է պատուհաս: Այսպիսով, գրեթե բոլոր նախաքննական մարմինների քննիչները նշում են, որ հեղափոխությունից հետո հաճախ է ամենաբարձր մակարդակով պաշտոնապես հայտարարվել, որ պետական միջոցներից յուրացումներ կատարելու համար մեղադրվող անձանց նկատմամբ հարուցված քրեական գործերը կարճվելու են, եթե այդ յուրացված գումարը կամովին փոխհատուցվի պետական բյուջե:
Սակայն հարկ է նշել, որ ՀՀ քրեական եւ քրեական դատավարության օրենսգրքերը որեւէ հնարավորություն չեն ընձեռում կարճել առանձնապես խոշոր չափերով յուրացման վերաբերյալ գործերը, ուստի պրակտիկայում բազմաթիվ են դեպքերը, որ յուրացված գումարը կամովին վերականգնելուց հետո քրեական հետապնդման մարմինները ցանկանում եմ կարճել քրեական գործը, սակայն որեւէ իրավական հնարավորություն չունեն:
Ուստի նախաքննական մարմնի ներկայացուցիչները ահազանգում են` նշելով, որ քաղաքական իշխանությունը չպետք է բաց թողնի այս բացառիկ հնարավորությունը, եւ համաներման ակտում պետք է հատուկ կետով առանձին կարգավորում տրվի ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի վերաբերյալ եւ նախատեսվի, որ այս հոդվածով հանցագործության կատարման մեջ մեղադրվող անձանց նկատմամբ չի կարող քրեական հետապնդում իրականացվել, եւ քրեական գործը ենթակա է կարճման, կամ էլ անձը ենթակա է ազատման պատժի կրումից, եթե փոխհատուցել է պատճառված նյութական վնասը:
«Ժողովուրդ» օրաթերթը նախաքննական մարմնի ղեկավարների, ինչպես նաեւ փաստաբանների այս բարձրաձայնման մասով դիմեց ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանին, թե նա չի պատրաստվում արդյոք համաներման նախագծում այս մասով եւս կոնկրետ կետ ավելացնել, որպեսզի այս գործով անցնող անձանց վրա համաներումը տարածվի: Ի պատասխան` նախարարն ասաց. «Քննարկելու ենք, փորձելու ենք գտնել լուծումներ»:
Քնար Մանուկյան