Հայաստանում հեղափոխություն չի եղել, այլ իշխանափոխություն. Գուժ Մանուկյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը դեռեւս հեղափոխությունից առաջ` այս տարվա փետրվարին, զրուցել էր Հ. Ղափլանյանի անվան պետական դրամատիկական թատրոնի դերասան, Հայաստանի ժողովրդական արտիստ, «Նահապետ», «Հույսի աստղ», «Հին օրերի երգը», «Հին աստվածներ» ֆիլմերում իր դերակատարմամբ հայտնի Գուժ Մանուկյանի հետ, որը նշել էր, որ ինքը մատնվել է պարապուրդի: Նրա խոսքով` ինքն ու իր նման շատ դերասաններ սպասում են, որ մի օր իրենց դեր կտան: Ամիսներ անց` արդեն հետհեղափոխական շրջանում, մենք կրկին զրուցեցինք պարոն Մանուկյանի հետ: Նրա համոզմամբ` Հայաստանում հեղափոխություն չի եղել, պարզապես այդ գաղափարը էստաֆետի նման փոխանցվել է մեկից մյուսին: Ինչ վերաբերում է թատրոնին, ապա մեր զրուցակիցը պնդում է` դերասանների վիճակը շարունակում է վատ մնալ թե՛ ցածր վարձատրության, թե՛ քիչ զբաղվածության առումով: Պարոն Մանուկյանն, այնուամենայնիվ, չի վհատվում եւ խոստովանում է, որ նոր իշխանության հետ հույսեր է կապում, ակնկալում է դրական տեղաշարժեր տեսնել:

-Պարո՛ն Մանուկյան, մշակույթի նախարարի գործունեությանը հետեւո՞ւմ եք: Որքանով տեղյակ եմ, նա խորհուրդներ ընդունելու հարցում բավական բաց է, պարբերաբար իր մոտ ընդունում է արվեստի գործիչների, մտավորականների, այս կամ այն հարցի շուրջ լսում է նրանց տեսակետները: Դուք ասելիք ունե՞ք նրան:

-Ես ոլորտն առողջացնելուն ուղղված ոչ մի դեղատոմս չեմ կարող առաջարկել: Այդ իրենք պետք է մտածեն եւ տեսնեն` ինչ լծակներ կարող են կիրառել, որպեսզի, օրինակ, թատրոնների վիճակը լավանա: Միանշանակ կարող եմ ասել, որ թատրոնների աշխատողների վիճակը լավ չի թե՛ վարձատրության, թե՛ զբաղվածության առումով:

Ըստ Ձեզ` Հայաստանում մշակութային հեղափոխություն եղե՞լ է, թեկուզ մարդկանց մտածելակերպի փոփոխություն, ապրելակերպի, արժեքների…

-Չէ, չեմ կարծում, ես ոչ մի նորություն չեմ նկատում:

-Ուզում եք ասել` հեղափոխություն չի եղել, այլ պարզապես իշխանափոխությո՞ւն:

-Վերջացավ: Ես չեմ տեսել, մաշկիս վրա չեմ զգացել այդ հեղափոխությունը, չգիտեմ… Ի՞նչ հեղափոխության մասին է խոսքը. դա պարզապես էստաֆետի նման բան է, որ փոխանցվում է մեկից մյուսին: Ես չեմ տեսնում հեղափոխություն:

Համարենք, որ իշխանափոխություն է եղել: Դուք հույսեր կապո՞ւմ եք նոր իշխանության հետ: Ի՞նչ եք կարծում, դրական տեղաշարժեր առաջիկա տարիներին կգրանցվե՞ն:

-Իհարկե, կառավարությունից ես լավի սպասումներ ունեմ, ի դեպ, այդ մասին էլի եմ ասել: Տեսնենք` ինչ կլինի:

Ինչպե՞ս եք վերաբերվում այն հանգամանքին, որ կառավարության կազմում մեծ տեղ է տրվում երիտասարդներին, խոստովանենք` հաճախ անփորձ: Ի՞նչ եք կարծում, կարիք չկա՞, որ նրանց կողքին տեղ ունենան նաեւ ավագ սերնդի փորձառու կադրերը, թեկուզ խորհրդականի տեսքով:

-Իհարկե, երիտասարդներին տեղ տալը լավ միտում է, բայց արդյունավետ կլինի, եթե շեշտը դրվի լավ, փորձառու մասնագետներ ունենալու պահանջի վրա: Ամեն մարդ պետք է անի այն, ինչին ունակ է, ոչ թե ձգտի իշխանության կամ անունի: Ես այսքան տարի թատերական ոլորտում եմ, եւ եթե ինձ առաջարկեն թատրոնի ղեկավարի կամ Թատերական գործիչների միության նախագահի պաշտոն, կատեգորիկ կերպով կհրաժարվեմ, որովհետեւ դա իմը չէ: Ես այդքանը գիտակցում եմ: Մարդը պետք է ձգտի նրան, ինչն իրենն է. ո՛չ տնօրեն լինելը, ո՛չ ուրիշ բան իմը չէ: Ես դերասան եմ եւ իմ գործն եմ անում: Կուզենայի` ամեն մարդ զբաղվեր այն բանով, ինչի ինքը կոչված է, հազար տեղ չգցեր ձեռքը. սա է իմ կարծիքը:

Աննա Բաբաջանյան




Լրահոս