Ոչինչ չի փոխվել. նախարարները շարունակում են փախչել ետնամուտքով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը բազմիցս անդրադարձել է այն խնդրին, որ նախկին կառավարության անդամները խուսափում են լրագրողների հետ շփումներից եւ կառավարության նիստերից հետո շենքից դուրս են եկել, փախել ետնամուտքով: Չնայած նախկին վարչապետները՝ Հովիկ Աբրահամյանն ու Կարեն Կարապետյանը, մշտապես հորդորում էին կառավարության անդամներին ավելի հասանելի լինել լրագրողների համար, սակայն ապարդյուն:

Ենթադրվում էր, որ թավշյա հեղափոխությունից հետո երկրում պետք է նաեւ իրավիճակ փոխվի այդ հարցի հետ կապված եւս, այնինչ հիմա էլ կան նախարարներ, ովքեր ուղղակիորեն խուսափում են լրագրողների հետ շփումներից: Մասնավորապես ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանը 5 ամիսների ընթացքում ոչ մի անգամ կառավարության շենքից դուրս չի եկել առջեւի մուտքով:

Լրագրողների հետ շփումներից խուսափում է նաեւ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը եւ բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը:

Արդարության համար պետք է նշել, որ այսօր ուժային կառույցների ղեկավարները` ոստիկանապետ Վալերի Օսիպյանը, ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը, ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը ավելի բաց են լրատվամիջոցների համար, քան վերոնշյալ նախարարները:




Լրահոս