Ինչպես արդեն հայտնի է, «ԵԼՔ» դաշինք այլեւս չի լինելու: Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, ըստ էության, ընտրություններին մասնակցելու է` դաշինք կազմելով «Առաքելություն» կուսակցության հետ: Եվ քանի որ «Լուսավոր Հայաստան» եւ «Հանրապետություն» կուսակցությունները Երեւանի ավագանու ընտրություններին միասին են մասնակցել, պարզ է, որ հավանականությունը, որ այս ընտրություններին նրանք նույնպես միասին կլինեն, շատ մեծ է: Սակայն, պարզվում է` դրա հետ կապված որեւէ հստակ որոշում դեռ չկա: «Ժողովուրդ» օրաթերթը այս եւ այլ հարեցի մասին խոսել է «ԵԼՔ» խմբակցության պատգամավոր, «Լուսավոր Հայաստան» կուսակցության վարչության անդամ Գեւորգ Գորգիսյանի հետ:
-Պարո՛ն Գորգիսյան, շրջանառվող լուրեր կան այն մասին, որ «Լուսավոր Հայաստան» եւ «Հանրապետություն» կուսակցության միջեւ փոքրիկ տարաձայնություն կա: Էդմոն Մարուքյանը Արամ Սարգսյանին առաջարկում է արտահերթ խորհրդարանական ընտրությունների գնալ իր կուսակցությունով, իսկ Արամ Սարգսյանը կողմ է դաշինքի տարբերակին: Կա՞ նման բան:
-Ես նմանատիպ բամբասանքներ չեմ մեկնաբանելու: Եթե նման բան լինի, դրա մասին պաշտոնապես կհայտարարվի
-Ընտրություններին «Լույս» դաշինքո՞վ եք մասնակցելու:
-Չեմ կարող պատասխանել այդ հարցին: Դա դեռ քննարկման փուլում է: Այս պահին կոռեկտ չի լինի: Ամեն դեպքում, մենք տրամադրված ենք մասնակցել «Հանրապետություն» կուսակցության հետ:
-Ի՞նչ կանխատեսումներ ունեք` կապված ընտրությունների արդյունքների հետ: Ո՞ր ուժը կլինեք ԱԺ-ում:
-Մենք գնում ենք լինելու հստակ երկրորդ ուժը: Ամեն ինչ անելու ենք այդ նպատակին հասնելու համար: Հիմա էլ տեսնում ենք, որ ակնհայտորեն ունենք բոլոր շանսերը դրա համար: Կարծում ենք` կկարողանանք լավագույնս լինել այն ուժը, որը, կրելով հեղափոխության արժեքները, կհետեւի, որ իշխանությունը այդ արժեքներից չշեղվի:
-Վերլուծելով ներկայիս իրավիճակը` ի՞նչ եք կարծում, հիմա խորհրդարանում ներկայացված ուժերից որո՞նք կլինեն արդեն ապագա խորհրդարանում:
-Նրանք կլինեն, որոնց կընտրի ժողովուրդը: 40 օր է մնացել: Շուտով ամեն ինչ կիմանանք: Չեմ սիրում կանխատեսումներ անել եւ չեմ էլ պատրաստվում: Մենք հիմա շատ զբաղված ենք մեր աշխատանքներով, իրոք կենտրոնացած ենք մեր աշխատանքի վրա, իսկ թե ինչ կլինի հետագայում, թող որոշի ժողովուրդը:
-Հայտնի է, որ Հանրապետական կուսակցությունը մասնակցելու է ընտրություններին: Այդ կուսակցության մասնակցությունը կփոխի՞ որոշ խաղաքարտեր:
-Չեմ կարծում, որ կփոխի: Նրանք նույնպես որպես քաղաքական ուժ իրավունք ունեն մասնակցելու եւ եթե ունեն այդպիսի ընտրազանգված, որ կքվեարկի, ապա իրենք էլ ներկայացված կլինեն ԱԺ-ում: Բայց չմոռանանք, որ նրանք ունեն շատ մեծ ֆինանսական ռեսուրսներ եւ դեռեւս իրենց կողքին մնացած օլիգարխներ: Օլիգարխների մուտքը խորհրդարան բոլոր դեպքերում պետք է բացառել` անկախ նրանից, թե նրանք որ կուսակցության կողմից կառաջադրվեն: Կարծում եմ` կառավարությունը եւ իշխանությունները այդ մասով անելիքներ ունեն:
-«Լուսավոր Հայաստան»-ի անդամ Հայկ Կոնջորյանը հայտարարեց, որ դուրս է գալիս կուսակցությունից: Ինչի՞ հետ էր սա կապված:
-Պարոն Կոնջորյանը կարծես ամեն բան գրել է: Ավելացնելու որեւէ բան չունեմ: Նրան մաղթում եմ բարի ճանապարհ եւ հաջողություններ իր հետագա գործունեության մեջ:
-Պարոն Կոնջորյանը նշել է, որ իր որոշումը պայմանավորված է կուսակցության ապագա գործունեության շուրջ իր ունեցած մոտեցումների տարբերությամբ: Դա եղել է մի՞նչ հեղափոխությունը, թե՞ հեղափոխությունից հետո են երեւացել այդ տարբերությունները:
-Պարոն Կոնջորյանը մեզ իր մտադրության մասին հայտնել է իր գրառումը անելուց ընդամենը մեկ օր առաջ: Մինչեւ այդ ինչ մտորումներ եւ հոգեկան ապրումներ է ունեցել, այդ մասին ինքը արդեն ասել է: Կարիք չկա ես անդրադառնամ այդ հարցին:
–Մինչեւ դա չէի՞ք նկատել, որ կուսակցության եւ իր գաղափարախոսությունների միջեւ որոշակի անհամապատասխանություններ կան:
-Նա կուսակցության հիմնադիրներից մեկն է: Մենք բոլոր որոշումները կայացրել ենք միասին: Միասին անքուն գիշերներ ենք անցկացրել շատ հարցերի մասին քննարկումներ ունենալու արդյունքում: Մենք միասին ենք կրում մեր անցած ուղու ամբողջ բեռն ու պատասխանատվությունը: Եթե այս փուլում նա նպատակահարմար է գտել իր քաղաքական ուղին շարունակել այլ ճանապարհով, դա իր որոշումն է. նա հասուն մարդ է եւ հասուն քաղաքական գործիչ: Այս պահին բացի բարի ճանապարհից նրան ոչինչ ասել չեմ կարող:
-Մտավախություն չկա՞, որ էլի անդամներ կլինեն, որոնք կլքեն կուսակցությունը, եւ ինչպես պարոն Կոնջորյանն է գրել, իրենց պայքարը կշարունակեն հեղափոխության թիմի հետ:
-Բնավ մենք նման մտավախություն չունենք: Հակառակը, հենց հիմա կա շատ լուրջ հոսք դեպի կուսակցություն: Շատ-շատ են մեզ միացող մարդիկ: Վերջին մի ամսվա մեջ 1000-ից ավելի մարդ է մեզ միացել: Այդ պրոցեսը շարունակվում է, եւ մեր կուսակցությունը շարունակում է հզորանալ: Ինչպես պարոն Մարուքյանն ասաց, մարդկանց վրա դռներ չենք փակելու, որ նրանք չգնան: Մենք ազատական կուսակցություն ենք: Մարդիկ ազատ են կատարել իրենց որոշումը:
Լուսինե Մինասյան