Մարդիկ, որոնք իրենցից ոչինչ չեն ներկայացնում, հիմա ձգտում են որեւէ կերպ տեղավորվել ՔՊ վագոններից մեկում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գաղտնիք չէ, որ այս օրերին դեկտեմբերին կայանալիք ընտրություններին մասնակցել ցանկացող քաղաքական ուժերը հնարավոր ընտրացուցակներ են կազմում, բանակցում գործիչների հետ, որպեսզի հասկանան, թե ովքեր կարող են ընդգրկվել դրանցում: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի եւ նրա թիմի անդամների հետ վերջին շրջանում հանդիպումների «հերթ» է գոյացել: Ասել է թե՝ ՔՊ-ի հետ դաշինքով մասնակցելու ցանկություն ունեցողները շատ են, մերժվողները՝ առավել եւս:

Կհարցնեք ինչպես: Փորձենք բացատրել: Կհիշեք, որ շատ ուժեր համաժողովրդական շարժման ընթացքում մշտապես քննադատում էին Փաշինյանին՜ մարդկանց փողոց հանելու եւ նրանց պարտության տանելու համար: Սակայն արդեն թավշյա հեղափոխության օրերին, գիտակցելով, որ հաղթանակը մոտ է, սկսեցին տրամագծորեն այլ հայտարարություններ անել, քծնել Նիկոլ Փաշինյան, գնալ հրապարակ, ձեւացնել, թե պայքարում են առաջին օրվանից եւ այլն: Հիմա այդ մարդիկ հավակնում են տեղեր զբաղեցնել ՔՊ-ի անցողիկ ցուցակում: Ընդ որում՝ նման ցանկություն ունեցողները եւ անհատներ են, եւ հավաքական կերպարներ:

Ըւ հիմա ով ինչպես կարող է, «ծանոթներ» է փնտրում ՔՊ-ի ներսում, որպեսզի որեւէ կերպ իրեն մատուցի՝ որպես անփոխարինելի թեկնածուի, որը կարող է օգուտ տալ կուսակցությանը: Այս իրավիճակի վրա էականորեն ազդեցություն ունեցավ Ընտրական օրենսգրքի փոփոխությունների տապալման գործընթացը: Բանն այն է, որ այժմ ընտրությունները անցնելու են վարկանիշային ընտրացուցակներով, ինչը նշանակում է, որ ամեն ընտրատարածքում 2-3 ներկայացուցիչ պետք է ունենա կուսակցությունը, որոնք իրենց դեմքով կուսակցության համար պետք է ձայներ հավաքեն: Եւ այս իմաստով իրապես նաեւ ՔՊ-ն ունի հեղինակություն ունեցող մարդկանց կարիք: Հեղինակություն բառի ուղիղ իմաստով, քանի որ մյուս բոլոր մանդատացավով տառապողները ցանկանում են թաքնվել Նիկոլ Փաշինյանի հեղինակության տակ եւ դառնալ պատգամավոր:

Նկատենք, որ Նիկոլ Փաշինյանի հեղինակության տակ թաքնվելու գաղտնի ձգտումներ ունեն նաեւ մի շարք հին ու նոր կուսակցություններ: Մարդիկ, որոնք իրենցից ոչինչ չեն ներկայացնում, ունեն անունով կուսակցություն կամ նոր են բացել այդպիսի մի կառույց, հիմա ձգտում են որեւէ կերպ տեղավորվել ՔՊ վագոններից մեկում, որպեսզի քաղաքական արեւի տակ իրենց տեղը պահեն:

Իսկ ՔՊ-ում տեղի ունեցող պարբերաբար քննարկումների ընթացքում ջանում են այնպիսի իրավիճակ ստեղծել, որ երիտասարդ, բայց հայտնի ու գործունյա մարդիկ ներգրավվեն ընտրացուցակում, ունենան լավ կրթություն եւ այլն: Իհարկե, սա չի նշանակում, որ առաջիկայում այնպիսի ընտրացուցակ է հրապարակվելու, որ կլինի անթերի եւ միայն ոգեւորող անունների շարան: Բայց գոնե այն ձգտումը, որ այսօր նկատելի է ՔՊ-ի ներսում, արդեն գովելի է, սթափեցնող: Երեւում է՝ երիտասարդ կադրերով երկիրը ողողելու եւ մեծերին թոշակի ուղարկելու ի սկզբանե որդեգրված քաղաքականության անպտղությունը զգացել են նաեւ հեղափոխական ճանապարհով իշխանության եկածները: Իսկապես տարանջատումները շատ մեծ են: Նկատվել է ՔՊ-ում, որ երիտասարդները արագ հղփանալու եւ իրենց ունեցած իշխանությունից հարբելու հակումներ ունեն, դրա համար էլ եկել է նրանց կամաց-կամաց «օդերից իջեցնելու» ժամանակը:

Ի դեպ, Նիկոլ Փաշինյանի մերձավոր թիմակիցները մի առիթով առավել ընդգրկուն կազմով քննարկումների ժամանակ բացատրել են բոլորին, թե ինչպես եղավ, որ հոկտեմբերի 2-ին Նիկոլ Փաշինյանի կոչով մոտ 100 հազար մարդ դուրս եկավ փողոց մեկ ժամում, իսկ դրանից հետո Փաշինյանի կողմնակիցները երբ հանդես եկան այդպիսի հայտարարությամբ, փոքրաթիվ քաղաքացիներ հավաքվեցին ԱԺ այգում:

Նաիրա Հովհաննիսյան




Լրահոս