Դատավորների թեկնածուների եւ Բարձրագույն դատական խորհրդի կռիվը նոր ընթացք է ստացել: «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն` բանը հասել է այնտեղ, որ թեկնածուներն իրենց իրավունքները պաշտպանելու համար դիմել են ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին եւ ներկայացրել են, թե ինչպես է Բարձրագույն դատական խորհուրդը վարվում իրենց հետ` հորդորելով որեւէ թուղթ չստորագրել, եւ այդ ամենի համար ներկայացրել են բոլոր հիմքերը:
Որտեղից է սկսվել պատմությունը: Պարզվում է, որ Սյունիքի մարզի առաջին ատյանի դատարանի` քաղաքացիական մասնագիտացմամբ դատավորի, Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի` քաղաքացիական մասնագիտացմամբ դատավորի եւ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի` քաղաքացիական մասնագիտացմամբ դատավորի թափուր հաստիքներ են առաջացել: Արդյունքում, դատական իշխանության պաշտոնական կայքում հրապարակվել է, որ վերոնշյալ տեղերում դատավորներ նշանակելու համար առկա են երեք դատավորներ` Ռուբինա Աթոյանը, Աշխեն Ղարսլյանը եւ Մարինա Տաշչյանը:
Բարձրագույն դատական խորհուրդը ամեն կերպ փորձել է ներքին կանոնակարգով կամ օրենքը շրջանցելով Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի պաշտոնում նշանակել իրենց ցանկալի դատավորներին` այս կերպ, ըստ էության, խախտելով դատավորներից Մարինե Տաչյանի իրավունքները: Արդյունքում, դատավոր Տաշչյանը ԲԴԽ-ի արած գործողությունների, իր իրավունքները ոտնահարելու հետ կապված դիմել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին` հորդորելով չստորագրել որեւէ թուղթ, որը կներկայացնի ԲԴԽ-ն, քանի որ իր իրավունքները ոտնահարվել են, եւ ցանկանում են այլ մարդու նշանակել իր փոխարեն:
Եվ այսպես, «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկությունը պարզելու համար զրուցեց Մարինե Տաշչյանի հետ, որը մեզ հետ զրույցում հաստատեց, որ դիմել է Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին, քանի որ հանրապետության նախագահը սահմանադրության պաշտպանման երաշխավորն է. «Երկու խնդիր է իրականում առաջացել. իրենք ցանկանում էին մայրության արձակուրդը մեկնաբանել յուրովի, որը, սակայն, իրենց մոտ չստացվեց, եւ ես դրա դեմ պայքարեցի, բայց բարձրագույն դատական խորհուրդը չի ցանկանում հանձնվել եւ ուզում է շարունակել իր ապօրինությունները: Հիմա դրա կապակցությամբ ընդունել են մեկ այլ որոշում, որով նախատեսում են դատավորների նշանակման կամավորության սկզբունքով կարգ, որը հակասում է օրենքին: Դատավորը իր ընտրությամբ չի կարող նշանակվել իր ուզած վայրում, կա օրենք, որը ասում է, թե ինչ հերթականությամբ եւ որ վայրում կարող է դատավորը նշանակվել, սա է խնդիրը: Այս պահին այդ օրենքը ուժի մեջ է, բայց ես պայքարում եմ ապօրինի որոշման վերաբերյալ գործողություններ չկատարելու վերաբերյալ: Ավելացնեմ, երբ ԲԴԽ-ն որոշել էր Ռուբինա Աթոյանին ներկայացներ ՀՀ նախագահին, որպեսզի նրան նշանակեն Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր, ես դիմեցի ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին եւ ներկայացրեցի ողջ իրավիճակը, արդյունքում ԲԴԽ-ն շատ արագ որոշել է իր իսկ կայացրած որոշումը ուժը կորցրած ճանաչել: Բայց այս պահին կա դեռես երեք դատավորի թափուր հաստիք Սյունիքի մարզում, Գեղարքունիքի եւ Երեւան քաղաքում, եւ իրենք դեռեւս ցանկանում են իրենց ցանկալի մարդուն նշանակեն այդ պաշտոնում, ինչի համար ես այսօր պայքարում եմ: Հավելեմ, որ դեռեւս նախագահականից որեւէ պատասխան չունեմ, բայց Նախագահին ներկայացվել է, թե ինչ է կատարվում»:
Ըստ մեր զրուցակցի` դեռեւս ՀՀ նախագահականից որեւէ պատասխան չի ստացել:
Նշենք, որ բացի նորանշանակ դատավորներից ԲԴԽ-ի դեմ այլ դատավորներ եւս կռիվ են տալիս: Մասնավորապես, Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Լիզա Գրիգորյանը դիմել է ՀՀ վարչական դատարան` պահանջելով վերացնել Բարձրագույն դատական խորհրդի որոշումները: ԲԴԽ-ին դատի են տվել նաեւ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ալեքսեյ Սուքոյանը եւ Կարինե Պետրոսյանը, քանի որ վերջիններս դիմել էին սնանկության գործերով դատարանի դատավոր դառնալու համար, սակայն ԲԴԽ-ն նրանց թեկնածությանը հավանություն չէր տվել: Վերոնշյալ գործերով դատական նիստերը դեռեւս շարունակվում են:
Քնար Մանուկյան