ՀՀ կառավարությունը մտադիր է խրախուսել էլեկտրական շարժիչով ավտոմեքենայի կիրառումը Հայաստանում:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՀՀ բնապահպանության նախարարությունը նախագիծ է մշակել, ըստ որի` նպաստավոր պայմաններ կստեղծվեն էլեկտրամոբիլների ձեռքբերման, կիրառման, մթնոլորտային օդի աղտոտվածության նվազեցման համար: Ինչպես հայտնի է, Հայաստանում հիբրիդային եւ էլեկտրականությամբ սնուցվող շարժիչներով աշխատող ավտոմեքենաների համար բնապահպանական հարկի գծով սահմանված է արտոնություն: Բացի այս, Երեւանի ավագանու անցած տարվա փետրվարի 14-ի որոշմամբ` որպես վառելիք բացառապես էլեկտրաէներգիա օգտագործող եւ էլեկտրական շարժիչով աշխատող ավտոմեքենաների սեփականատերերը ազատվել են ավտոկայանատեղիի համար սահմանված տեղական վճարից: Մինչդեռ նշված արտոնությունները գործնականում չեն խրախուսում էլեկտրական շարժիչով ավտոմքենաների կիրառումը մեր հանրապետությունում:
Այժմ բնապահպանության նախարարությունը իր մշակած նախագծով առաջարկում է կիրառել ավելացված արժեքի հարկի գծով արտոնություն: Ըստ ԲՆ-ի` մի քանի երկրներում դա խթանման միակ մեթոդն է: «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ ԲՆ-ն պահանջում է էլեկտրամոբիլների ներմուծումը ընդգրկել ավելացված արժեքի հարկից ազատված գործարքների ու գործառնությունների ցանկում, բայց եթե դրանք ներմուծման օրվանը հաջորդող 365 օրվա ընթացքում չեն արտահանվում, այդ թվում` ԵՏՄ անդամ պետություններ: Այս ամենի արդյունքում կկանխարգելվի էլեկտրամոբիլների արտահանումը մասնավորապես ԵՏՄ անդամ մյուս պետություններ: Տեղեկացնենք, որ 2016 թվականին երրորդ երկրներից Հայաստան է ներմուծվել 5 էլեկտրական շարժիչով ավտոմեքենա, իսկ անցած տարվա 9 ամիսներին` 28: Դրանք հիմնականում ներկրվել են Չինաստանից, ԱՄՆ-ից եւ Ճապոնիայից:
Սյունէ Համբարձումյան