«Ժողովուրդ» օրաթերթի հարցերին պատասխանել է երգիչ Արսեն Գրիգորյանը (ռոմանսի Արսեն): Նա խոսել է իր առավելությունների, անտանելի կողմերի մասին, պատմել է, թե ում հետ է սովորաբար հաշվի նստում, ինչից է վախենում եւ ինչպես է կարողանում միաժամանակ լինել ռեալիստ եւ երազկոտ:
-Արսեն, ո՞րն է Ձեր կյանքի մեծագույն օրենքը:
-Լինել ազնիվ, մարդասեր: Եթե կարող եմ ինձ մի փոքր նեղություն տալ, որպեսզի դիմացինիս համար լավ լինի, կանեմ այդ բանը: Ինձ համար կարեւոր է նաեւ ծնողասեր լինելը: Երբեք ոչ ոք ու ոչինչ չպետք է ազդի քո ու ծնողներիդ հարաբերությունների վրա: Մարդ պետք է այնքան կայուն կյանքով ապրի, որ կյանքում բոլորին ճիշտ հարթությունների վրա պահի:
-Մարդ, որի ասածը Ձեզ համար օրենք է:
-Հայրս է, որից ամբողջ կյանքում սովորել եմ ու շարունակում եմ սովորել: Եթե անգամ որեւէ հարցում համամիտ չեմ նրա հետ, միեւնույն է, իր ասածի շուրջ իմ մեջ տալիս-առնում եմ: Վստահում եմ նաեւ կնոջս, չնայած նրա հետ եւս շատ հարցերում համաձայն չեմ: Ամեն դեպքում, կինս վերջում միշտ ճիշտ է դուրս գալիս:
-Ի՞նչ եք կարծում, սիրո մեջ կա՞ն հաղթողներ եւ պարտվողներ:
-Ես ունեցել եմ սերեր, որոնց հետ կյանքս կապել չի ստացվել, ասենք` սիրել եմ մի աղջկա, որն ինձ չի սիրել, հո զոռով չի: Այդ հողի վրա անփոխադարձ սիրուց շատ գեղեցիկ երգեր եմ գրել, լավ չէ՞: Բայց ոչ մի դեպքում չեմ եղել հաղթողներ եւ պարտվողներ:
-Երբ սայթաքում եք, միշտ հիշում եք, որ…
-Ոտք էի դրել այնտեղ, որտեղ պետք չէ, հակառակ դեպքում չէի սայթաքի:
-Ձեզ քննադատողներին ի՞նչ խմբերի կբաժանեք:
-Մարդիկ, որոնք պարզապես չեն սիրում իմ արվեստը, պետք է էտապներ անցնեն, որ հասկանան, եւ մարդիկ, որոնց կարծիքը ծանրակշիռ է, եւ ես պարտավոր եմ հաշվի նստել նրանց հետ:
-Հաճա՞խ եք արդարանում:
-Չէ, շատ հարազատ մարդկանց կարող եմ բացատրություններ տալ, բայց դրանք արդարացումներ չեն:
-Վրեժի զգացումը որքանո՞վ է մոտ Ձեր էությանը:
-Հեռու է ինձնից: Չեմ ուզում բարի մարդ ձեւանալ, բայց չեմ կարող չասել, որ ներողամիտ եմ, անգամ այն մարդկանց, որոնք հիասթափեցրել են ինձ, հոգուս խորքում լավ եմ վերաբերվում, գոնե նեյտրալ:
-Դպրոցում Դուք եղել եք արքայազն, որին բոլոր աղջիկները սիրահարվո՞ւմ էին, թե՞ նրանց լավ ընկերը:
-Նրանց լավ ընկերը:
-Ո՞րն է ամենակենարար միրգը:
-Խնձորը երեւի:
-Ավելի շատ վախենում եք ծերությունի՞ց, թե՞ մահից:
-Ծերությունից եմ վախենում, թեեւ միշտ փորձում եմ մնալ երիտասարդ, եւ, կարծես թե, դա ինձ մոտ ստացվում է: Իմ տարիքի մարդիկ կան, որոնք տասը տարի մեծ են երեւում, հոգով էլ իրենց մեծ են զգում, իսկ ես չեմ գիտակցում, որ քառասուն տարեկան եմ: Ես դա դեռ չեմ մարսել:
-Մի բան, որ մարդիկ միշտ մտածում են Ձեր մասին, բայց դա սխալ է:
-Կան մարդիկ, որոնք ասում են. «Բայց դու շատ աֆերիստն ես», ես էլ պատասխանում եմ, որ իրենցից այդ առումով շատ բան ունեմ սովորելու (ծիծաղում է):
-Ձեր ամենամեծ առավելությունը:
-Կարողանում եմ ամեն տիպի մարդու հետ շփման եզր գտնել
-Ձեր բնավորության անտանելի կողմը:
-Կենցաղում ժամանակ առ ժամանակ ծանր եմ լինում: Չեմ սիրում կենցաղ, շատ փափուկ եմ մեծացել, մինչեւ 30 տարեկան հորս, մորս հետ եմ ապրել, նրանք ամեն ինչ արել են ինձ համար: Հետո ամուսնացել եմ ու մտել կենցաղ, արդյունքում երբեմն ջղերս տեղի են տալիս այնպես, որ ինքս ինձ հետ չեմ հաշտվում:
-Սնահավա՞տ եք:
-Չէ, ինձ համար ծիծաղելի է սնահավատության հետ կապված ամեն բան:
-Երբ փոքր էիք, հավատում էիք, որ…
-Որ կա Ձմեռ պապիկ, ինչպես բոլոր մանուկները, ես էլ էի հավատում:
-Ձեզ հնարավոր չէ մխիթարել, երբ…
-Առհասարակ, ռեալիստ եմ, եւ եթե մխիթարողը ոչ իրատեսական բաներ է ասում, անհնար է, որ արդյունքի հասնի:
-Երազկո՞տ եք:
-Այո, զարմանալի է, բայց միեւնույն ժամանակ երազկոտ եմ, միշտ եմ այդպիսին եղել: Եթե չլինեն երազանքները, կյանքը կկորցնի իր իմաստը:
Աննա Բաբաջանյան