«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներսում էլ կան պատեհապաշտներ, որոնց նպատակը պաշտոն ստանալն է. Հաղթանակ Շահումյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նոյեմբերի 1-ին ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ չընտրվեց վարչապետի պաշտոնում: Խորհրդարանն իրավունքի ուժով արձակվեց: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում գեղանկարիչ Հաղթանակ Շահումյանը ուրախություն հայտնեց, որ ամեն բան հանգուցալուծվեց խաղաղ կերպով, առանց բախումների. «Չէր կարող Կառավարությունում լինել այլ արժեքներ կրող իշխանություն, Ազգային ժողովում՝ այլ: Պետք է բալանսի բերվեր ամեն ինչ:

Երեւի ստացվեց համաձայնության եզրեր գտնել»,-նկատեց նկարիչը:

Մենք հարցրինք՝ արդյոք արդարացի կլինի՞, եթե այսուհետ հանրապետականներին պետական բարձր պաշտոններ չվստահվեն, թե՞ դա կլինի քաղաքական ռասիզմի դրսեւորում. «Չեմ կարծում, թե մենք որակյալ կադրերի առումով այնքան հարուստ ենք, որ կարող ենք մեզ այդպիսի բան թույլ տալ: Հաստատ հենց հանրապետականների շարքերում էլ կլինեն բանիմաց մասնագետներ, որոնց հմտությունները հարկավոր է օգտագործել տարբեր ասպարեզներում: Ես գիտեմ, որ նրանց շարքերում էլ եղել են պրոֆեսինալ մարդիկ, որոնք հոսանքի հետ գնում էին, եւ մարդիկ, որոնք, ամեն դեպքում, փորձել են չթաթախվել կոռուպցիոն գործարքների մեջ: Չպետք է արհամարհենք նրանց: Ներկայիս կառավարության երիտասարդ կադրերն, իհարկե, ոգեշնչված են, ավյունով լի, բայց փորձի պակաս ունեն, պետք է կիրառելի դարձնեն նախորդների փորձը»,-մեկնաբանեց պարոն Շահումյանը:

Նա կարեւորեց գալիք խորհրդարանական ընտրությունների նշանակությունը՝ շեշտելով, որ այս պարագայում եւս չպետք է առաջնորդվել միայն կուսակցական քվոտաներով. «Առաջնությունը պետք է տալ լավ մասնագետներին, կարող ուժերին. չէ՞ որ խորհրդարանը մեր երկրի ուղեղն է: Պետք է հաշվի առնել, որ, ասենք, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներսում էլ կան պատեհապաշտներ, որոնց նպատակը պաշտոն ստանալն է»,- եզրափակեց մեր զրուցակիցը:

Աննա Բաբաջանյան




Լրահոս