ՀՀ փոխվարչապետի ԺՊ Տիգրան Ավինյանը դեռ չի ըմբռնել, թե որտեղ է հայտնվել: Տեւական ժամանակ է, ինչ Ալավերդու պղնձաձուլական գործարանի աշխատողները սպասում են, թե երբ է ի վերջո կառավարությունն իրենց օգնության ձեռք մեկնելու: Նշենք, որ գործարանի փակվելու արդյունքում մոտ 650 աշխատող գործազուրկ է: Իսկ փոխվարչապետի ԺՊ Ավինյանի թիմը բավարարվում է` հայտարարելով, որ բանակցում է ռուսական ՎՏԲ բանկի հետ (գործարանը գրավադրված է այս բանկում):
Արդյունք չկա: Ավինյանն անգամ չի բարեհաճում գնալ Ալավերդի եւ հանդիպել գործարանի աշխատողների հետ: Մինչ այդ`այս հարցերով զբաղվում էր նրա գրասենյակի ղեկավար Վարագ Սիսեռեանը: Նախօրեին Սիսեռեանը պետք է այցելեր Ալավերդի, բայց դա նրան չի հաջողվել: Երեկ նա հայտարարել է, որ այցը Ալավերդի տեղի չի ունեցել որոշ կազմակերպչական խնդիրների պատճառով: Ապա հայտնել է, որ Ալավերդի կայցելի վաղը (նկատի ունի`այսօր) կամ շաբաթ օրը: Առանց մանրամասնելու, թե ինչ խնդիրների պատճառով չեն կարողացել գնալ Ալավերդի: «Վարչապետի պաշտոնակատարի օգնական Արեն Մկրտչյանի հետ ճանապարհվել ենք Վանաձոր և Ալավերդի քաղաքներ: Վանաձորում հանդիպելու ենք Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանին, ում հետ քննարկելու ենք մարզի զարգացման հեռանկարները:
Այնուհետև ուղևորվելու ենք Ալավերդի և հանդիպելու ենք քաղաքապետարանի աշխատակիցներին, Ալավերդու պղնձաձուլարանը շահագործող ACP ընկերության տնօրեն Լուսինե Մեջլումյանին: Պղնձաձուլարանում շրջայցից հետո աշխատակիցներին իրազեկելու ենք կառավարության և պղնձաձուլարանի ղեկավարության միջև ընթացող բանակցությունների և մինչ այժմ ձեռք բերված պայմանավորվածությունների մասին»,- մասնավորապես, հայտնել էր Սիսեռյանը:
Անգամ այս դեպքում Ավինյանի թիմը դեռ չի կողմնորոշվել`բախտի քմհաճույքին թողնելով ալավերդցիներին: Հուսանք եւ Ավինյանը եւ Սիսեռեանը գիտակցում են, որ 650 քաղաքացու գործազուրկ թողնելով` իրենց վրա կընկնի այդ պատասխանատվությունը:
Միաժամանակ ուշքի կգան եւ կդադարեն մատների արանքով նայել խնդրին: