Հաջորդ տարի 50 մլրդ դրամով ավելանալու են հարկային եկամուտները: Երեկ այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում նշեց Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը: Նա հայտարարեց, թե դա լինելու է տնտեսության զարգացման եւ հարկային վարչարարության հաշվին:
Հիշեցնենք, որ նախօրեին` խորհրդարանում վարչապետի թեկնածուի իր ելույթի ժամանակ, Նիկոլ Փաշինյանն անդրադարձել էր հարկերի հավաքագրմանը եւ նշել, թե ռեկորդային ցուցանիշ է գրանցվել: «Հավաքագրվել է 120 մլրդ 751 մլն դրամ: Այսպիսի հավաքագրման ցուցանիշ նախկինում երբեք չի արձանագրվել: Ես սա շատ կարեւոր փաստ եմ համարում, որովհետեւ պետք է ընդունենք, որ վերջին հինգ ամիսների ընթացքում Պետեկամուտների կոմիտեի եւ գործարար միջավայրի հարաբերությունները բավական անկայուն եւ լարված էին: Եվ ես այս հավաքագրումներն ուզում եմ համարել մի ցուցանիշ, որ ՊԵԿ-ը, Կառավարությունը, գործարար միջավայրը հասել են փոխըմբռնման նոր մակարդակի, բոլոր հիմքերը կան ասելու՝ երկխոսության նոր փուլ է սկսվում»,- ասել էր Նիկոլ Փաշինյանը:
Եվ այս հայտարարության ֆոնին եւս երեկ Դավիթ Անանյանից լրագրողները հետաքրքրվեցին, թե, ի վերջո, ինչի հաշվին է իրականացվելու այդքան շատ հավաքագրումները, եթե նախկինում նման ցուցանիշներ չեն եղել: Սակայն Անանյանը նկատեց, թե հարկային մարմինները ոչ ոքի չեն «նեղելու», եւ հարկային վարչարարությունն իրականացվելու է միայն կասկածելի վարքագիծ ունեցողների նկատմամբ: Նա նկատեց, թե մի կողմից` կա իրավագիտակցության բարձրացում, մյուս կողմից էլ` հարկային վարչարարության բավարար ջանքերի գործադրում:
Հետաքրքիր է, որ, ամեն դեպքում, ի սկզբանե գործարարների եւ ՊԵԿ-ի փոխհարաբերություններն այնքան էլ հարթ չեն ստացվել, որի մասին ԱԺ ամբիոնից նշել էր նաեւ վարչապետի թեկնածուն: Փաստացի նա հայտարարեց նոր էջ բացելու մասին` ասելով, թե պետք է երկխոսության այլ մակարդակի վրա բարձրացնել գործարարների հետ հարաբերությունները: Խնդիրն այն է, որ նախկինում խոշոր գործարարները բացի հարկերից որոշակի գումար էին վճարում «սեւ արկղ» կոչվածին, եւ շատ հաճախ դրանք հարկերից ավելին են եղել: Սակայն հիմա, թերեւս, գործարարներն ավելի ուրախ են, որ կարողացել են ազատվել այդ գումարների վճարումից: Եվ ինչպես երեկ նկատեց Դավիթ Անանյանը, պետք է այնպես անել, որ հարկ վճարելը ոչ թե հայրենասիրական ակտ ընկալվի, այլ նորմալ երեւույթ, որը մեր առօրյա պարտավորություններից մեկն է։
Նաիրա Հովհաննիսյան