«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանն անդամագրվողների մեծ մասը հայտնի մարդիկ են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գաղտնիք չէ, որ թավշյա հեղափոխությունից հետո Հանրապետական կուսակցության մի շարք անդամներ սրընթաց կերպով լքում են կուսակցության շարքերը: Նույն տեմպով մարդիկ միանում են իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը: Անդամագրվողները հայտնի մարդիկ են, այդ թվում նաեւ նախկին կուսակցականներ: Օրինակ` Պետական վերահսկողության ծառայության պետ Դավիթ Սանասարյանը հայտարարեց, որ ինքը պատրաստվում է անդամագրվել ՔՊ-ին: Նշենք, որ վերջինս «Ժառանգություն» կուսակցության անդամ էր: Օրերս էլ «Լուսավոր Հայաստան» կուսակցության հիմնադիր Անդամ Հայկ Կոնջորյանը հայտարարեց, որ լքում է կուսակցությունը եւ միանում հեղափոխության թիմին: «Ժողովուրդ» օրաթերթը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մամուլի խոսնակ Վահան Կոստանյանից փորձեց ճշտել` թավշյա հեղափոխությունից հետո քանիսն են միացել ՔՊ-ին: Պարզվում է` անդամագրվել է շուրջ 150 մարդ:

«Սակայն պետք է նշեմ, որ դիմումները, որոնք դեռ չենք քննարկել, մոտ 7000 են»,-ասաց նա: Հարցին` հիմնականում ի՞նչ մասնագիտության տեր մարդիկ են միանում կուսակցությանը, Վահան Կոստանյանը նշեց, որ նրանց մեջ կան բժիշկներ, տնտեսագետներ, իրավաբաններ: «Հիմնականում միանում են «Իմ քայլը» դաշինքի Երեւանի ավագանու անդամները»,- հավելեց նա: Հետաքրքրվեցինք` ուրիշ կուսակցություններից շա՞տ են մարդիկ, ովքեր ցանկություն են հայտնում միանալ իրենց: «Այդպիսի վիճակագրություն դեռ չունենք»,- պատասխանեց ՔՊ մամուլի խոսնակը:




Լրահոս