ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին կարծես այլեւս չի բավարարում հակառակորդների անթիվ անհամարությունը: Նա այժմ էլ սկսել է պայքարել ԱՄՆ մայր օրենքի` Սահմանադրության դեմ` հայտարարելով, որ դրա որոշ հոդվածներ ուղղակի մերժելի են: Թերեւս նմանօրինակ արհամարհական վերաբերմունք այդ պատմական փաստաթղթի ու ԱՄՆ պետականության հիմնասյան հանդեպ երբեւէ չի եղել: Սա էլ նոր քաղաքական ցունամի է հարուցել ԱՄՆ-ում` սաստկացնելով նախագահի դեմ քննադատությունները:
Այս շաբաթը ճակատագրական է դառնում Դոնալդ Թրամփի նախագահության համար, քանի որ ԱՄՆ-ում սպասվում են Կոնգրեսի մասնակի ընտրություններ, եւ մեծ է հավանականությունը, որ հանրապետականները կարող են կորցնել մեծամասնությունը Ներկայացուցիչների պալատում: Եվ ահա Թրամփը ամեն ջանք գործադրում է կրկին մոբիլիզացնելու համար իր հավատավոր ընտրողներին, որպեսզի հնարավոր լինի փրկել գոնե սենատական մեծամասնությունը: ԱՄՆ նախագահը նոր բանավեճ հրահրեց` հայտարարելով, որ կարող է նախագահական հրամանագրով առժամանակ կասեցնել ԱՄՆ Սահմանադրության 14-րդ ուղղումը, ըստ որի` ԱՄՆ-ում ծնված երեխան ինքնըստինքյան ԱՄՆ քաղաքացի է: Թրամփի այդ նախաձեռնությունը ներգաղթյալների դեմ պայքարի հարցում նրա համալիր քաղաքական ծրագրի մասն է կազմում: Միսուրիում ընթացող նախընտրական պայքարի շրջանակներում ելույթ ունենալով հանրապետական ընտրողների առաջ` Թրամփը բավականին կոշտ խոսքեր է հնչեցրել գործող կարգի վերաբերյալ: Ավելին` նա իր աջակցությունն է հայտնել վերջին շրջանում ներգաղթյալների դեմ հոլովակների տարածմանը, որոնք լի են ատելությամբ ԱՄՆ տարածք ապօրինի ներթափանցած անձանց նկատմամբ: Համարելով, որ ապօրինի ներգաղթը ազգային անվտանգության խնդիր է` Թրամփը նույնիսկ հայտարարել է Մեքսիկայի հետ սահմանին ամերիկյան զինված ուժեր տեղակայելու մտադրության մասին:
Թրամփի այսօրինակ քաղաքական վարքագիծն, ըստ էության, ուղղակիորեն կապված է նոյեմբերի 6-ին սպասվող ընտրությունների հետ: Պատահական չէ, որ նախագահն իր խոսքում ուղղակիորեն հիշատակել է դեմոկրատներին` նշելով, որ վերջիններս ցանկանում են բաց սահմաններ ունենալ եւ ԱՄՆ են հրավիրում մարդկանց քարավաններ: Հավաքված հանրապետականները մեծ ոգեւորությամբ են արձագանքել նախագահի հայտարարություններին` ԱՄՆ-Մեքսիկա սահմանի երկայնքով պատ կառուցելու քաղաքականությանը սատար կանգնելով: Հատկանշական է, որ Թրամփն աստիճանաբար խստացրել է իր հռետորաբանությունը անօրինական ներգաղթյալների հարցում, ինչն էլ արժանացել է գոնե ընտրողների որոշակի խմբի հստակ աջակցությանը: Կարծես թե Թրամփը գտել է դեմոկրատների ամենաթույլ տեղը եւ հարվածում է հենց դրան` միաժամանակ գրավելով նորանոր ընտրողների: Ժամանակակից արեւմտյան աշխարհում ներգաթղյալների եւ առավելապես ապօրինաբար երկիր թափանցածների հանդեպ բացասական զգացումները սրվել են, ինչը հրաշալի խաղաքարտ է դարձել պոպուլիստ ու պահպանողական քաղաքական ուժերի համար ազատ առեւտրի ու բաց սահմանների կողմնակիցների դեմ: Այս համատեքստում էլ Թրամփը չի վարանում օգտագործել ամերիկացի ընտրողների տրամադրությունները եւ կարողանում է համապատասխան հռետորաբանության միջոցով ազդել նրանց բնական վախերի վրա ու հակել հանրապետականների կողմը: Ըստ սոցիալական հարցումների` առաջիկա ընտրությունները կարող են դրական ելք ունենալ ինչպես դեմոկրատների, այնպես էլ հենց հանրապետականների համար: Թեպետ Թրամփի հաղթանակից հետո ԱՄՆ-ում սոցիալական հարցումների հավաստիությունը կարծես կասկածի տակ է դրվել, սակայն դատելով իրավիճակից` կարելի է պնդել, որ դեմոկրատները կկարողանան մեծամասնություն ստանալ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում: Ի հեճուկս սրա` հանրապետականներն էլ կարող են մեծացնել իրենց առավելությունը Սենատում:
Հաշվի առնելով կոնկրետ նահանգները, որտեղ անցկացվելու են քվեարկությունները` նման պատկեր ստանալը իրական է թվում:
Սակայն առավել կարեւոր է, որ նախագահը ընտրական շրջափուլում, պայմանավորված կարճաժամկետ հաջողության հավանականությամբ, սկսել է հարվածել նաեւ Սահմանադրությանը: ԱՄՆ-ում Սահմանադրությունը ոչ միայն քաղաքական ամենակարեւոր փաստաթուղթն է, այլեւ պետության հիմքը: Դրա հանդեպ պատկառանքը ձեւավորվել է հարյուրամյակների ավանդույթներով, եւ հազվադեպ կարելի է հանդիպել դեպքերի, երբ պետական կամ քաղաքական գործիչները քննադատեն սահմանադրական կարգավորումները: Թրամփն իր արտառոց քաղաքական վարքագծով հասցրեց անվանարկել նաեւ Սահմանադրությունը: Անդրադառնալով 14-րդ ուղղմանը` նա պնդել է, որ դա խելագար ու անհեթեթ քաղաքականություն է ենթադրում: Անշուշտ, Թրամփը դեռ ավելի վաղ էր կողմ արտահայտվել սահմանադրական փոփոխություններով նախագահի պաշտոնավարման ժամանակային սահմանափակումը վերացնելուն եւ անգամ գովաբանում էր չինական ու ռուսական նախադեպերը: Այս մի փորձն արդեն փաստում է, որ Թրամփի մոտ Սահմանադրության հանդեպ բացասական վերաբերմունքը շարունակական է դառնում, ինչը հղի է լրջագույն վտանգներով:
Օրինակ` Հայաստանում, երբ 1998թ. նախագահ ընտրվեց Սահմանադրության կոպիտ խախտմամբ, սահմանադրաիրավական կարգը բռնեց քայքայման ուղին` հիմք դնելով սահմանադրությունը չարիք հռչակելու քաղաքականությանը: Դրա արդյունքում էր նաեւ, որ պետության մեջ բոլոր արատների մեղավոր ճանաչելով մայր օրենքը` 2015թ. այն փոխվեց մեկ անձի իշխանավարությունը շարունակելու համար: Ինչեւէ, ԱՄՆ-ում, սակայն, պետական կառավարման ավանդույթներն այնքան խորն են, իսկ քաղաքական համակարգն այնքան ճկուն ու հավասարակշիռ, որ դժվար թե Թրամփին թույլ տրվի որեւէ ոտնձգություն կատարել դրա նկատմամբ:
Ն. Հովսեփյան