Ինչպես հայտնի է, հոկտեմբերի 9-ին Հատուկ քննչական ծառայության միջնորդության հիման վրա դատարանը կալանավորեց գործարար Սամվել Մայրապետյանին: Այս դեպքից հետո ՀՀ վարչապետը հայտարարեց, որ առաջիկայւմ ԱԺ պատգամավոր է կալանավորվելու, սակայն իրավապահները դեռեւս սպասում են կոնկրետ փաստաթղթի, որից հետո միայն ԱԺ պատգամավորին կկալանավորեն:
Սակայն այսքանով ամեն ինչ չի ավարտվում: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` Հատուկ քննչական ծառայությունում կաշառքի գործով ԱԺ նախկին պատգամավոր Վարդան Օսկանյանի անունը եւս հնչել է:
Կինո առաջին
Գործարար Սամվել Մայրապետյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 38-311 (Կաշառք ստանալուն օժանդակելը) հատկանիշներով: Մեղադրանք առաջադրելուց հետո պարզ դարձավ, որ Մայրապետյանի դեմ ցուցմունք էր տվել գործարար Սիլվա Համբարձումյանը. «Սամվելի պատճառով ես էլ եմ հարցաքննվել: Հարցաքննությունը եղել է Մարտի 1-ի գործի շրջանակում: Սկզբում իրեն են ստուգել, հետո ինձ են կանչել, հարցաքննում: Մարտի 1-ի օրերին ես փոխանցում եմ արել Սամվել Մայրապետյանին, այդքան բան, ես ապացույցներ եմ ներկայացրել, որ որեւէ կապ չունեմ Մարտի 1-ի գործի հետ: Թե ինչի համար եմ փոխանցել, չեմ հիշում, 10 տարի է անցել արդեն»,- հայտարարել էր գործարարը: Ավելին, Համբարձումյանը նշել էր, թե այժմ գումարի փոխանցման վերաբերյալ փաստաթղթերն է հավաքում նախաքննական մարմնին ներկայացնելու համար եւ այս գործի շրջանակներում ունի վկայի կարգավիճակ: Բայց լուրեր են շրջանառվում, որ գործարար Սիլվա Համբարձումյանը գումար պետք է փոխանցեր կամ փոխանցել է Սամվել Մայրապետյանին, իսկ Մայրապետյանն այդ գումարը պետք է փոխանցեր կամ փոխանցել է Ռոբերտ Քոչարյանի օգնական Արմեն Գեւորգյանին, որն էլ, ենթադրվում էր, թե գումարը պետք է տրամադրեր Ռոբերտ Քոչարյանին:
Բացի այս, «Ժողովուրդ» օրաթերթին Սամվել Մայրապետյանի կալանավորման գործով այլ ուշագրավ մանրամասներ էլ էին հայտնի դարձել: Մասնավորապես, գործարար Սիլվա Համբարձումյանն ասել էր, որ մարտի 1-ի օրերին ինքը փոխանցում է արել Սամվել Մայրապետյանին: Մեզ հասած տեղեկությունների համաձայն` նա այդ փոխանցումը արել է բանկային հաշվի միջոցով եւ իրավապահներին է ներկայացրել փոխանցման կտրոնի բնօրինակը, ինչի արդյունքում էլ Մայրապետյանին կալանավորել են:
Կինո Երկրորդ
Այս կալանավորումից կարճ ժամանակ անց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե կաշառք վերցնելու գործով առաջիկայում ԱԺ պատգամավոր է կալանավորվելու. «ԱԺ պատգամավորի վրա կա գործ, 100 տոկոսով ապացուցված գործ է: Արդեն երկու ամիս մենք մեր ձեռքի տակ ունեցած մի թղթի պաշտոնական պատասխանին ենք սպասում, որ օրը ստացանք, նախաձեռնություն է լինելու այդ պատգամավորին կալանավորելու վերաբերյալ…»,- ասել է նա` հավելելով,- «սա երրորդ հանրապետության պատմության ամենախոշոր կաշառքի դեպքն է, որն իր թելերով տանելու է էլի ուրիշ բարձրաստիճան պաշտոնյաների հետեւից»:
Փաշինյանը չէր մանրամասնել, թե ով է այդ պատգամավորը, սակայն «Ժողովուրդ» օրաթերթին լուրեր հասան, որ կան կասկածներ` խոսքը նախկինում ՀՀ քաղաքաշինության, հետո բնապահպանության նախարար, ՀՀԿ-ական Արամ Հարությունյանի մասին է: Ավելին, խոսվում է, որ այդ գործը բացվել է գործարար Սիլվա Համբարձումյանի ցուցմունքների հիման վրա. նա մի հանք է գնել, որը այդպես էլ չի կարողացել աշխատեցնել: «Ժողովուրդ» օրաթերթի հարցին ի պատասխան` գործարար Սիլվա Համբարձումյանն ասել էր. «Ես չգիտեմ` վարչապետը ում նկատի ուներ, բայց ես Արամ Հարությունյանի վրա, այո, հայտարարություն տվել եմ կաշառք վերցնելու վերաբերյալ: Գործը կասեցվել էր, սակայն 2018 թվականին` թավշյա հեղափոխությունից հետո, ես դիմել եմ ՀՀ գլխավոր դատախազություն, հայտնել եմ, որ Դուբայից ունեմ փաստաթղթեր, որ ես Արաքս Դիլանյանի հաշվին փող եմ փոխանցել, ու դուք էլ գործը կասեցրել եք, ինչի համար եւ գործով կրկին վերսկսել են քննությունը»: Այսինքն` կասեցման որոշումը հանել են, եւ այդ գործը գտնվում է Հատուկ քննչական ծառայությունում:
Ասել է թե` Դուբայից գործարարին ուղարկել են փոխանցված գումարի փաստաթղթային ապացույցի պատճենը, ուստի իրավապահները ներկայումս սպասում են բնօրինակին:
Կինո Երրորդ
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` գործարար Սիլվա Համբարձումյանը իրավապահներին կաշառքի գործով բացի ԱԺ պատգամավոր Արամ Հարությունյանի, գործարար Սամվել Մայրապետյանի անունները տալուց այլ հայտնի մարդու անուն է տվել: Հատուկ քննչական ծառայության քննիչներին կաշառքի գործի շրջանակներում տվել է ՀՀ նախկին արտգործնախարար, ԱԺ նախկին պատգամավոր Վարդան Օսկանյանի անունը: Ավելին` մեզ հասած տեղեկությունների համաձայն` վերջինս Վարդան Օսկանյանի անունը տալուց հետո այս օրերին փաստաթղթեր է հավաքագրում, որպեսզի ներկայացնի նախաքննական մարմին, թե իբր կաշառք է տվել Վարդան Օսկանյանին: Ըստ էության, նախաքննական մարմինը նրա ցուցմունքի հիման վրա կոնկրետ գործողություններ է սկսել եւ գործարարի ներկայացրած փաստաթղթերի բնօրինակի մասով հարցումներ ուղարկել համապատասխան մարմիններին:
Ինչ կպարզի նախաքննական մարմինը` ժամանակը ցույց կտա, սակայն ուշագրավն այն է, որ պատմությունն այս ամենով չի ավարտվում: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` օրերս Վարդան Օսկանյանը ցանկացել է դուրս գալ երկրից, ըստ էության, գործնական հանդիպումերի, սակայն նրան թույլ չեն տվել հատել սահմանը` ներկայացնելով իրավիճակը եւ բացատրելով, որ կոնկրետ քրգործի շրջանակներում նրա անունը արծարծվում է:
Քնար Մանուկյան