Կիսափակ, նորաբաց մարզադպրոց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վրաստանին սահմանակից Բագրատաշեն գյուղում նախկինում Լալվարի խորհրդային տնտեսությանը պատկանած մշակույթի տունը բնակավայրից բարձր պատով տարանջատված է, պատի գլխին փշալար է անցկացված: Հողի սեփականաշնորհման ժամանակ` 1991թ., գյուղի մի քանի բնակիչ այդ տարածքում սեփականության իրավունքով ձեռք են բերել շենք-շինություններ: Այդ նույն տարածքում, ուր 1999թ. կառուցապատվել է սահմանամերձ առեւտրի շուկան, առեւտրի օբյեկտներ են կառուցվել: Կառավարության 2001թ. հոկտեմբերի 22-ի որոշմամբ կանոնակարգվել է շուկայի գործունեությունը: Շուկայի տարածքը, որտեղ գտնվել են այդ շինություններն ու մշակույթի տունը, պարսպապատվել է, դարձել մաքսային հսկողության գոտի: 2006 թ.` սահմանամերձ առեւտրի Բագրատաշենի շուկայի փակվելուց հետո, այդ շինությունները, մշակույթի տունը հայտնվել են սահմանամերձ փակ գոտում: Շինությունների տերերը հնարավորություն չունեն այդտեղ զբաղվելու տնտեսական որեւէ գործունեությամբ: Չնայած դրան` 3 անձանց պատկանող առեւտրական օբյեկտների համար հաշվարկվում է գույքահարկ, որոնց ընդհանուր պարտքը համայնքապետարանին կազմում է ավելի քան 1 միլիոն դրամ:

Բագրատաշեն համայնքի նախկին ղեկավար, այժմ գյուղի վարչական ղեկավար Արկադի Մակյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասաց, որ Բագրատաշենի նախկին շուկայի տարածքը, այդ թվում Լալվարի մշակույթի տան հարակից հատվածը, լցված է հին, չմաքսազերծված ավտոմեքենաներով: Լալվարի մշակույթի տունը Բագրատաշեն համայնքին վերադարձնելու խնդրանքով Ա. Մակյանը նախկինում դիմել է Տավուշի մարզպետին, ՀՀ վարչապետին, հանրապետության նախագահին, սակայն խնդիրը չի լուծվել: Մակյանն ասաց, որ 2 ամիս առաջ գյուղում մարզադպրոց է բացվել, որը գործում է Լալվարի նախկին մշակույթի տանը: Դրա համար շենքի հետնամասում մուտք է բացվել, շենքի մուտքը նախկինի նման փակ է: Նա ասաց, որ ՀՀ մաքսային ծառայությունում քննարկվում է շենքը համայնքին վերադարձնելու հարցը: Բագրատաշենի 3 բնակիչներին պատկանող խանութները, հացի փուռը շարունակում են մնալ փակ գոտում, անհասանելի լինել դրանց սեփականատերերի համար:

Ոսկան Սարգսյան
Տավուշ




Լրահոս