Երկարակեցության գաղտնիքը նաև խնձորի մեջ է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Տասնամյա գիտական ուսումնասիրություններից հետո գիտնականները հանգել են այն եզրակացության, որ երկարակեցության ուղին խնձորի ամենօրյա օգտագործումն է։

Պարզվում է, որ խնձորն օրգանիզմի համար օգտակար պոլիֆենոլներ է պարունակում։ Այդ նյութերն արյան մեջ իջեցնում են խոլեսթերինի մակարդակը եւ որոշակի դեր կատարում շաքարախտի առաջացման ռիսկը նվազեցնելու գործում։ Դրա հետ միասին, պոլիֆենոլները հիանալի պայքարում են ասթմայի եւ ալերգիայի դեմ։

Այդ միրգը պարունակում է նաեւ այնպիսի նյութեր, որոնք օրգանիզմին օգնում են ավելի լավ յուրացնել ուրիշ մթերքների մեջ եղած երկաթը, ամրացնում են մազերը եւ եղունգները, բարելավում տեսողությունը եւ մաշկը։

Խնձորի մեջ կան C,B1, B2, P, E վիտամիններ, կարոտին, մանգան, կալցիում, պեկտիններ, շաքարներ, օրգանական թթուներ։

Նրա բաղադրության մեջ կան նաեւ մեծ քանակությամբ միներալներ՝ կալիում, ֆոսֆոր, մագնեզիում, նատրիում, ծծումբ, ալյումին, բոր, վանադիում, երկաթ, յոդ, պղինձ, մոլիբդեն, նիկել, ֆտոր, քրոմ եւ ցինկ։

Խնձորի օգտակարությունը հաստատում են նաեւ Մեծ Բրիտանիայի Նովիչ քաղաքի սննդի ուսումնասիրությունների ինստիտուտի գիտնականների կատարած հետազոտությունները։ Կամավորների հետ անցկացված գիտափորձերը ցույց են տվել, որ զգալի քանակությամբ խնձորի հյութ օգտագործող մարդկանց սիրտ–անոթային համակարգն ու օրգանիզմը երիտասարդացել են առնվազն 17 տարով։
Դրա վկայությունն է նաեւ ավստրալուհի Էդնա Սփարվեյը, ով վերջերս նշել է իր հարյուրամյակը։ Հենց նրա տատիկը՝ Մարիա Էնն Ռեմսի Սմիթն է ստացել կանաչ խնձորի եզակի «Գրենի Սմիթ» տեսակը։

«Իմ երկարակեցության գաղտնիքը ես տեսնում եմ միայն լավ գեներում եւ մեծ քանակությամբ խնձորի մեջ։ Չէ՞ որ իմ ողջ գիտակցական կյանքում ես ապրում եմ «Օրական գոնե մեկ խնձոր» սկզբունքով»,–ասում է Էդնա Սփարվեյը։

Դե, իհարկե, երկարակեցության ճանապարհին չարժե մոռանալ նաեւ ակտիվ կենսակերպի, լավ քնի եւ վատ սովորություններից հրաժարվելու մասին։

Բժիշկները խորհուրդ են տալիս. եթե լեղապարկի հետ կապված խնդիրներ ունեք, ապա ուտելուց առաջ կես կամ մեկ բաժակ խնձորի թարմ քամված հյութ խմեք։ Բարձր թթվայնության եւ փորկապության դեպքում՝ ամեն օր մեկ կամ երկու բաժակ թթվաշ խնձորի թարմ քամված հյութ խմեք։ Տասներկումատնյա աղիքի խոցի եւ բարձր թթվայնությամբ գաստրիտի դեպքում ավելի օգտակար է քաղցր խնձորը՝ ուտելուց մոտ 20—30 րոպե առաջ։

Անգլիացիներն ասում են, որ օրական մեկ խնձորն անգամ անգործ է թողնում բժիշկներին։ Իսկ նրանք խոսքը քամուն չեն տալիս։

Խնձորի հումքից են պատրաստվում պեկտին դեղամիջոցը, որն օգտագործվում է արյան մեջ խոլեսթերինի եւ տրիգլիցերիդների մակարդակն իջեցնելու, շաքարը կանոնավորելու, մարսողությունը բարելավելու եւ ճառագայթման բարձր դոզաներ ստացած մարդկանց բուժելու համար։ Պեկտին կա նաեւ այլ մրգերի, մասնավորապես՝ մորու եւ ցիտրուսների մեջ, բայց մեր սննդում եւ դրա արտադրական եղանակով ստացման հիմնական աղբյուրը մնում է խնձորը։

Սոխի եւ կանաչ թեյի հետ միասին խնձորը նաեւ կվարցետինի հիմնական աղբյուրն է։ Այդ հիանալի նյութը, ճանաչված բժիշկ Ատկինսի կարծիքով, լավագույն միջոցն է ալերգիայի բազմացման ձեւերի դեմ պայքարելու համար։ Այն նաեւ կանխարգելում է ինֆարկտների եւ ինսուլտների առաջացումը՝ նվազեցնելով տրոմբների ձեւավորման հավանականությունը։




Լրահոս