«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հանցավոր միավորում չէ, որ նրան անդամագրվելը պախարակվի։
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանը։
«Հնարավոր է, որ տարբեր հանրապետականներ ու այլ կուսակցականներ հիմա փորձեն տեղ գտնել ծանրության կենտրոնի տարածքում, բայց դա չի նշանակում, որ նրանց ցանկություններով պետք է չափել տվյալ ուժին, և մեզնից մեծ ուժ է պահանջվելու, որ ժողովրդի մեծամասնության վստահությունը վայելող ուժը շարունակի մնալ հաշվետու ժողովրդին։
ՔՊ-ում են հիմնականում մեր էն ընկերները, ովքեր ՀՀԿ-ի դեմ կռիվ են տվել ու հիմա կռիվ են տալիս, որ ՀՀԿ-ի քանդած Հայաստանը ոտքի հանեն։
Ես քննադատությունից չեմ վախենում, բայց զայրացնում են նրանք, ովքեր տարիներ շարունակ ՀՀԿ-ի թուրը պաչել են փակ տարածքներում ու էսօր ինձ մեղադրում են ճամբարափոխության մեջ։ Նոր՝ քաղաքացու իշխանության ճամբարը ստեղծելու հիմքերում մեղմ ասած կանգնած եմ եղել, հիմա շարունակում եմ ծառայել քաղաքացու ճամբարին, անում եմ ու անելու եմ դա մեծ նվիրումով ու ես իմ տեղում եմ»,– գրել է նա։
Հիշեցնենք, որ օրեր առաջ Դավիթ Սանասարյանը հայտարարել էր, որ լքում է «Ժառանգություն» կուսակցությունը և անդամագրվում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը։