ՀՀ Մաքսային կոմիտեի նախկին ղեկավար Արմեն Ավետիսյանի անունը մի քանի օր է` չի իջնում ԱԱԾ հաղորդագրություններից: Ու ճակատագրի հեգնանքով Ավետիսյանը մի քանի օրում տուժողից հայտնվեց մեղադրյալի կարգավիճակում, իհարկե, տարբեր քրեական գործերով: Օրեր առաջ ԱԱԾ-ն հայտնեց, որ բացահայտվել է 2009թ. Արմեն Ավետիսյանի նկատմամբ մահափորձի պատվիրատուն, ըստ այդմ` մեղադրանք է առաջադրվել ու հետախուզում հայտարարվել ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Լեւոն Սարգսյանի` Ալրաղացի Լյովիկի նկատմամբ: Իսկ երեկ պարզ դարձավ, որ ԱԱԾ-ում քրեական գործ է հարուցվել ՀՀ մաքսային պետական կոմիտեի նախկին նախագահ Արմեն Ավետիսյանի կողմից ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու եւ հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով գումարներն օրինականացնելու (փողերի լվացում) դեպքի առթիվ։ Գործն առնչվում է «Գոլդեն Փելես» հյուրանոցային համալիրի կառուցմանը: Լինելով բարձրաստիճան պաշտոնյա` Ավետիսյանն անձամբ ֆինանսավորել է հյուրանոցի շինարարությունը, սակայն ներկայացվել է, թե կառուցողը Կիպրոսի օֆշորային գոտում գրանցված «Ռիվերհիլ Հոլդինգս» ընկերությունն է, որ ներդրումներ է անում ՀՀ-ում: Ակնհայտ է, որ այս քրեական գործով սլաքներն ուղղվում են նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի ուղղությամբ. ԱԱԾ տեսանյութում հյուրանոցի բացման արարողության արխիվային կադրերն են, որտեղ Քոչարյանը խոսում էր օտարերկրյա ներդրումների մասին: Հատկանշական է նաեւ այն փաստը, որ Ավետիսյանը տեւական ժամանակ աշխատել է Սերժ Սարգսյանի ենթակայության ներքո: Երբ Սերժ Սարգսյանը ՀՀ ՆԳ եւ ԱԱ նախարարն էր, Արմեն Ավետիսյանը 1997-99թթ. աշխատել է որպես ՆԳՆ ԿՀԴՊ ԳՎ-ի` 6-րդ վարչության բաժնի պետ։ Արդեն 1999-2001թթ. աշխատել է ՀՀ ԱԱՄ վարչության պետ, այն ժամանակ Սարգսյանն ԱԱ նախարարն էր, հետո ՊՆախարարը: Սակայն 2001թ. էլ Ավետիսյանը ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ ԿԱ մաքսային պետական կոմիտեի նախագահ, եւ այդ պաշտոնից նրան հեռացրեց Սերժ Սարգսյանը նախագահ դառնալուց հետո։ Միայն թե Սարգսյանի նախագահության ժամանակ Ավետիսյանը շատ ակտիվորեն զբաղվել է բիզնեսով: Ընդ որում, ինչպես պնդում են «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները, հենց Սերժ Սարգսյանի հորդորով է նա արդեն Ծաղկաձորում կառուցել եւս մեկ «Գոլդեն Փելես» հյուրանոց ներդրումներ ցույց տալու համար:
Երեկ լրացավ ԱԱԾ եւ ՀՔԾ պետերի ապօրինի գաղտնալսման փաստի առթիվ հարուցված քրեական գործի մեկ ամիսը: Սակայն ինչպես տեղեկացավ «Ժողովուրդ» օրաթերթը, դեռեւս որեւէ մեկին մեղադրանք առաջադրված չէ: Ինչպես հայտնի է, այս գործով նախաքննական մարմինը խուզարկություն էր իրականացրել 6 տարբեր հասցեներում: Վերոնշյալ հասցեներից միայն հայտնի դարձավ Yerevan.today լրատվական կայքի գրասենյակը: Իսկ ահա մյուս 5 հասցեները տարբեր բնակարաններ են եղել, որոնցից մեկը, ըստ իրավապահ համակարգում տարածված լուրերի, եղել է ԱԱԾ-ականի բնակարան: ԱԱԾ-ականը ներկայի՞ս աշխատող է, թե՞ նախկին աշխատակից, մեզ առայժմ պարզել չհաջողվեց: Մեկ փաստ էլ. հարցաքննվել են ե՛ւ ԱԱԾ պետ Վանեցյանը, ե՛ւ ՀՀ երկրորդ նախագահ Քոչարյանին կալանավորելու միջնորդությունը բավարարած դատավոր Վաչե Մարգարյանը, նրանք երկուսն էլ հերքել են իրար հետ հեռախոսազրույց ունենալու փաստը, նաեւ ստուգվել է նրանց հեռախոսների ելքային ու մուտքային զանգերն ու կրկին որեւէ համընկնում չի հայտնաբերվել:
Ինչպես հայտնի է, հոկտեմբերի 9-ին ՀՔԾ միջնորդության հիման վրա դատարանը կալանավորեց գործարար Սամվել Մայրապետյանին. նրան մեղադրանք է առաջադրվել կաշառք ստանալուն օժանդակելու հատկանիշներով: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` այս քրեական գործով շրջանառվում է նաեւ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նախկին օգնական Արմեն Գեւորգյանի անունը: Իրավապահ մարմինները քննում են մի վարկած, ըստ որի` գործարար Սիլվա Համբարձումյանը գումար պետք է փոխանցեր Սամվել Մայրապետյանին, իսկ Մայրապետյանը այդ գումարը պետք է փոխանցեր նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի օգնական Արմեն Գեւորգյանին, որն էլ, ենթադրվում էր, թե այն պետք է տար Ռոբերտ Քոչարյանին: Մայրապետյանի պաշտպան Կարեն Բատիկյանը, սակայն, «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում որեւէ մանրամասն չհայտնեց. «Չեմ կարող բացահայտել նախաքննության որեւէ տեղեկություն, այդ թվում նաեւ անունների հետ կապված, քանի որ դա օրենքի պահանջն է»,- նշեց նա:
Շուտով խորհրդարանում կմեկնարկեն 2019թ. պետական բյուջեի նախագծի քննարկումները: Ինչպես հայտնի է, հաջորդ տարի նախատեսվում է բյուջեի եկամուտների աճ: 2019թ. պետական բյուջեի եկամուտները նախատեսված են 1 տրլն 454 մլրդ դրամի չափով, սա ավելի քան 150 մլրդ դրամով ավելի է այս տարվա բյուջեից: 2018 թվականին պետական բյուջեի եկամուտները կազմում են 1 տրլն 308 մլրդ դրամ: «Ժողովուրդ» օրաթերթը, ուսումնասիրելով երկրի գլխավոր ֆինանսական փաստաթղթի նախագիծը, պարզեց, որ բյուջեի մուտքերն ավելացնելուն զուգահեռ կառավարությունը որոշել է նվազեցնել բյուջեի եկամուտներ-ՀՆԱ հարաբերությունը: 2019թ. այն կազմելու է 21.6 տոկոս` ե՛ւ այս տարվա, ե՛ւ 2017 թվականի 22.4 տոկոսի դիմաց: Ասել է թե` Փաշինյանի կառավարությունը գնում է հարկային բեռը թեկուզ փոքր, բայց թեթեւացնելու ճանապարհով: Փոխարենը, բյուջեում 4.7 մլրդ դրամ նախատեսված է համալրել կառավարության վարչարարական միջոցառումների շնորհիվ հավանաբար ստվերը կրճատելու եւ օրինական դաշտ բերելու միջոցով:
ՆԱԵՎ ՊՈՒՏԻՆԸ
France 24-ին տված հարցազրույցում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, թե Ռուսաստանի իշխանություններն ամբողջությամբ աջակցում են Հայաստանում կոռուպցիայի դեմ մեր պայքարին: «Ես ուրախ եմ, որ մեր բոլոր գործընկերները, այդ թվում՝ Ռուսաստանը, ամբողջությամբ հարգում են Հայաստանի անկախությունը: Ես բացարձակ ճշգրտությամբ կարող եմ ասել, որ ռուսական իշխանությունները, այդ թվում՝ ՌԴ նախագահը, ամբողջությամբ աջակցում են կոռուպցիայի դեմ մեր պայքարին»,- ընդգծել է Փաշինյանը:
Սա շատ կարեւոր արձանագրում է, եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ թավշյա հեղափոխությանը հաջորդած կոռուպցիոն առաջին իսկ բացահայտումներից հետո նախկին իշխանության ներկայացուցիչները (որոնք մեղադրվում են կոռուպցիայի մեջ) շտապեցին աջակցություն փնտրել Ռուսաստանում: Ավելին` տեւական ժամանակ նախկին իշխանության ներկայացուցիչները փորձում էին ռուսական քաղաքական էլիտայի մոտ տպավորություն ստեղծել, թե ՀՀ-ում կոռուպցիայի դեմ Նիկոլ Փաշինյանի պայքարը հիմնականում ուղղված է ռուսական բիզնեսի դեմ, եւ որ թավշյա հեղափոխությունն արեւմուտքի թելադրանքով է արված: Միաժամանակ երկրի ներսում էլ նրանք փորձում էին տարածել տեսակետ, թե հակակոռուպցիոն այս արշավից ազդված` հատկապես ռուսական բիզնեսը (որ մեծ ներկայություն ունի ՀՀ տնտեսության մեջ) շատ արագ կլքի մեր երկիրը` վանելով այլ երկրներից հնարավոր ներդրողներին:
Կարճ ասած` նախկին իշխանությունները գործի էին դրել ստի ու կեղծիքի մի հսկա մեքենա` փորձելով հետեւողականորեն վարկաբեկել ու անվանարկել նոր իշխանություններին: Բայց ապարդյուն: Ու այդ մասին են վկայում վարչապետ Փաշինյանի հայտարարությունները, թե ՌԴ-ն նախագահ Պուտինի մակարդակով աջակցում է ՀՀ-ում կոռուպցիայի դեմ պայքարին:
Ընդ որում, հատկանշական է, որ այս հայտարարությունները Փաշինյանն արել է ֆրանսիական հեռուստաընկերությանը տված հարցազրույցում: Սխալված չենք լինի, եթե ասենք, որ սա Փաշինյանի կողմից Վլադիմիր Պուտինին ուղղված գեղեցիկ ժեստ էր: Գաղտնիք չէ, որ արդեն տեւական ժամանակ է` ՌԴ իշխանությունների հարաբերություններն Արեւմուտքի հետ այնքան էլ հիանալի չեն: Ավելին` հաճախ Արեւմուտքը Ռուսաստանը ներկայացնում է որպես վատ բարքերի կրող ու երաշխավոր, որ հետխորհրդային երկրներում նաեւ կոռուպցիոն խնդիրները հենց ՌԴ-ի ազդեցության հետեւանք են: Մինչդեռ Փաշինյանն իր այս հայտարարություններով միջազգային հանրության մոտ փորձել է ցրել ՌԴ իշխանությունների նկատմամբ բացասական տրամադրությունները` ներկայացնելով միանգամայն այլ կերպ: