ԱԱԾ ԵՎ ՀՔԾ ՊԵՏԵՐԻ ԳԱՂՏՆԱԼՍՈՒՄԻՑ 1 ԱՄԻՍ ԱՆՑ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ լրացավ ԱԱԾ եւ ՀՔԾ պետերի ապօրինի գաղտնալսման փաստի առթիվ հարուցված քրեական գործի մեկ ամիսը, սակայն դեռեւս գործով որեւէ մեկին մեղադրանք առաջադրված չէ, իսկ հոկտեմբերի 8-ին ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը ասել էր, որ հետքի վրա են: Ինչեւէ, «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի է դարձել, թե ինչ ցուցմունք են տվել իրավապահներին ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը եւ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վաչե Մարգարյանը:

Ինչպես հայտնի է, 2018 թվականի սեպտեմբերի 11-ին հրապարակվել էր ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանի եւ ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանի հեռախոսային խոսակցությունը, որտեղ կոնկրետ թիրախում էին եղել Մարտի 1-ի գործով անցնող ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը եւ ՀԱՊԿ քարտուղար Յուրի Խաչատուրովը:
Արդյունքում դեպքի առթիվ նույն օրը հարուցվեց քրեական գործ ՀՀ Քրեական օրենսգրքի 146-րդ հոդվածի 1-ին մասի (Անձի նամակագրության, հեռախոսային խոսակցությունների, փոստային, հեռագրական կամ այլ հաղորդումների գաղտնիությունը խախտելը պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից հարյուրապատիկի չափով), հատկանիշներով եւ 254-րդ հոդվածի 3-րդ մասի 4-րդ կետի (համակարգչային համակարգում, ցանցում կամ մեքենայական կրիչների վրա պահվող տեղեկատվությունն առանց թույլտվության պատճենահանելը կամ այլ կերպ դրան ապօրինի տիրանալը կամ համակարգչային կապի միջոցների օգտագործմամբ հաղորդվող տեղեկատվությունը որսալը պատժվում է ազատազրկմամբ` չորսից տասը տարի ժամկետով) հատկանիշներով:
Հիշեցնենք, որ դատավոր Մարգարյանի անունը եւս շոշափվում էր ԱԱԾ եւ ՀՔԾ պետերի հեռախոսազրույցում, քանի որ նա է բավարարել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդությունը: Մասնավորապես հեռախոսային խոսակցության մեջ Արթուր Վանեցյանը Սասուն Խաչատրյանին ասում է. «Ինձ դատավորը զանգեց, դե մի քիչ վախեցած ա, ասեցի՝ մի հատ նայի սաղ գործը, Հրաչ, հա՞, Հրաչ ա անո՞ւնը… Մի խոսքով՝ դատավորը, ով որ պտի կալանքը տա, ասել եմ՝ դուխով: Ասեց` մի հատ գործը նայեմ, պարոն Վանեցյան, զանգեմ, զեկուցեմ, էս անեմ, էն անեմ… Ասի` նայի, ասի` նայի հիմքերը, կզանգես, կնայեմ, բայց կալանքը ուզես-չուզես պտի տաս»:
Այսպիսով, ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի եւ Վաչե Մարգարյանի հարցաքննությունից որոշ մանրամասներ են հայտնի դարձել:
Նախաքննական մարմինը դատավոր Վաչե Մարգարյանին հարց է ուղղել, թե արդյոք նա երբեւէ խոսել է Արթուր Վանեցյանի հետ եւ, առհասարակ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդության հարցի շուրջ նրա հետ զրույց ունեցե՞լ են, թե՞ ոչ: Ի պատասխան քննիչի հարցադրմանը` դատավոր Վաչե Մարգարյանը ասել է, որ ինքը երբեւէ հեռախոսազրույց չի ունեցել ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի հետ:
Նույն հարցը ՀՀ քննչական կոմիտեի քննիչը հարցաքննության ժամանակ ուղղել է նաեւ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանին եւ վերջինս կրկին ցուցմունք է տվել այն մասին, որ իրեն որեւէ դատավոր չի զանգահարել եւ հատկապես` Վաչե Մարգարյանը:
Չնայած նրան, որ գործով անցնող անձինք պնդել են, որ երբեւէ չեն խոսել միմյանց հետ եւ որեւէ զանգ չեն կատարել, նախաքննական մարմինը անցել է մեկ այլ գործողության:
Այսպիսով, մեզ հասած տեղեկությունների համաձայն` նախաքննություն իրականացնող մարմինը դիմել է դատարան եւ դատարանին է ներկայացրել ԱԱԾ տնօրենի եւ դատավոր Մարգարյանի հեռախոսահամարները, որպեսզի դատարանը որոշում կայացնի, որպեսզի նախաքննական մարմնին համապատասխան օպերատորը տրամադրի վերոնշյալ անձանց կողմից հուլիսից մինչեւ օգոստոսը ընկած ժամանակահատվածում մուտքային ու ելքային հեռախոսային խոսակցությունների ցանկը: Արդյունքում, նախաքննական մարմնին է ներկայացվել դատավոր Մարգարյանի եւ ԱԱԾ տնօրենի մուտքային ու ելքային հեռախոսային խոսակցությունների ցանկը, որի արդյունքում պարզվել է, որ կոնկրետ ո՛չ դատավոր Մարգարյանը, ո՛չ ԱԱԾ տնօրենը հեռախոսային խոսակցություն չեն ունեցել: Եվ այստեղ հարց է առաջանում, թե ով է զանգահարած եղել ԱԱԾ տնօրենին եւ, առհասարակ, զանգ եղե՞լ է, թե՞ ոչ:
Հուսանք` այս հարցի պատասխանը կտա նախաքննական մարմինը, սակայն այսքանով ամեն ինչ չի ավարտվում:
ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանի եւ ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանի միջեւ տեղի ունեցած հեռախոսազրույցի գաղտնիությունը խախտելու՝ այն ձայնագրելու եւ տարածելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործով քննչական կոմիտեն խուզարկություն էր իրականացրել 6 տարբեր հասցեներում: Վերոնշյալ հասցեներից միայն հայտնի դարձավ Yerevan.today լրատվական կայքի գրասենյակը: Իսկ ահա մեզ հասած տեղեկությունների համաձայն` մյուս 5 հասցեները տարբեր բնակարաններ են եղել, որոնցից մեկը, ըստ իրավապահ համակարգում տարածված լուրերի, եղել է ԱԱԾ-ականի բնակարան, իսկ թե նա ներկայիս աշխատող է, թե նախկին աշխատակից, մեզ առայժմ պարզել չհաջողվեց:
Նշենք, որ վերոնշյալ հասցեներում խուզարկություն կատարելով` իրավապահները փորձում են պարզել, թե ով է ձայնագրությունը փոխանցել լրատվամիջոցին, այն կրիչի՞ միջոցով են փոխանցել լրատվամիջոցին, անձա՞մբ են տվել, թե՞ էլեկտրոնային տարբերակով են ուղարկել:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 

ՄԻՋՆՈՐԴՆ ՕԳՆԱԿԱ՞ՆՆ Է ԵՂԵԼ
Ինչպես հայտնի է, հոկտեմբերի 9-ին Հատուկ քննչական ծառայության միջնորդության հիման վրա դատարանը կալանավորեց գործարար Սամվել Մայրապետյանին: Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 38-311 (Կաշառք ստանալուն օժանդակելը) հատկանիշներով: Վերջինիս պաշտպան Կարեն Բատիկյանը ասել էր, որ Մայրապետյանը մեղքըչի ընդունում:
Մայրապետյանին մեղադրանք առաջադրելուց հետո ուշագրավ հայտարարությամբ հանդես եկավ գործարար Սիլվա Համբարձումյանը: Վերջինս հայտնել էր. «Սամվելի պատճառով ես էլ եմ հարցաքննվել: Հարցաքննությունը եղել է Մարտի 1-ի գործի շրջանակում: Սկզբում իրեն են ստուգել, հետո ինձ են կանչել, հարցաքննում: Մարտի 1-ի օրերին ես փոխանցում եմ արել Սամվել Մայրապետյանին, այդքան բան, ես ապացույցներ եմ ներկայացրել, որ որեւէ կապ չունեմ Մարտի 1-ի գործի հետ: Թե ինչի համար եմ փոխանցել, չեմ հիշում, 10 տարի է անցել արդեն»:
Ավելին, Համբարձումյանը նշել էր, թե այժմ գումարի փոխանցման վերաբերյալ փաստաթղթերն է հավաքում նախաքննական մարմնին ներկայացնելու համար եւ այս գործի շրջանակներում ունի վկայի կարգավիճակ: Չնայած նրան, որ Սիլվա Համբարձումյանն ասել էր` իրեն եւ Մայրապետյանին հարցաքննել են մարտի 1-ի գործի շրջանակներում, սակայն նրա պաշտպան Կարեն Բատիկյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում պնդեց, որ այս քրեական գործը մարտի 1-ի հետ կապ չունի:«Մնացածը չեմ կարող բացահայտել»,- ասաց նա: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` իրականում իրավապահ մարմինները վերոնշյալ կաշառքի գործով նման վարկածի շուրջ են քննություն իրականացնում, որ գործարար Սիլվա Համբարձումյանը գումար պետք է փոխանցեր Սամվել Մայրապետյանին, իսկ Մայրապետյանը այդ գումարը պետք է փոխանցեր Ռոբերտ Քոչարյանի օգնական Արմեն Գեւորգյանին, որն էլ, ենթադրվում էր, թե գումարը պետք է տրամադրեր Ռոբերտ Քոչարյանին: Մայրապետյանի պաշտպան Կարեն Բատիկյանը, անդրադառնալով այս հանգամանքին, ասաց. «Չեմ կարող բացահայտել նախաքննության որեւէ տեղեկություն, այդ թվում նաեւ անունների հետ կապված, քանի որ դա օրենքի պահանջն է»:
Հիշեցնենք, որ Արմեն Գեւորգյանը 1998-2008 թթ. Ռոբերտ Քոչարյանի աշխատակազմում տարբեր պաշտոններ է զբաղեցրել. 1998-ի ապրիլից` ՀՀ նախագահի օգնական, 2000-ից` առաջին օգնական, 2006-ից` նախագահի աշխատակազմի ղեկավար: Միաժամանակ, 2007-ի հունիսից մինչեւ 2008-ի ապրիլը Գեւորգյանը նաեւ ԱԱԽ քարտուղարն էր: Մշտապես ասվել է, որ Քոչարյանի պաշտոնավարման տարիներին բոլոր կարեւոր գործարքներն արվել են հենց Գեւորգյանի միջոցով, Գեւորգյանի գիտությամբ: Ասել է թե` նա եղել է գորշ կարդինալներից մեկը:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 

ԿԱՐԵՎՈՐԸ ՀՈՂԵՐՆ ԵՆ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է վերջերս Դուշանբեում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ խոսակցությանը: Նա նախ նշել է, որ ադրբեջանցի իր գործընկերոջ հետ չեն քննարկել հակամարտության կարգավորման ուղիները: «Այն, ինչը ես պարոն Ալիեւի հետ քննարկել եմ, ղարաբաղյան հակամարտության լուծում չէ: Մենք իրականում քննարկել ենք, թե ինչպես այնպիսի իրադրություն ստեղծենք, որը խաղաղ բանակցությունների հնարավորություն կտա,-ասել է Ն. Փաշինյանը,-ձեւաչափը երբեք չի եղել բանակցությունների հարց, եւ մենք ոչ մի փոփոխություն չենք պահանջում»: Ըստ Փաշինյանի` նա հիշեցրել է, որ ադրբեջանական կողմը հայտարարել է, թե չի ցանկանում խոսել Ղարաբաղի ներկայացուցիչների հետ: «Ղարաբաղն ինչպե՞ս կարող է Ադրբեջանի իշխանության տակ լինել, եթե Ադրբեջանը նրանց հետ, Ղարաբաղի ժողովրդի հետ նույնիսկ չի խոսում: Սա հստակ ցույց է տալիս այն, թե Ադրբեջանն ինչ է ուզում անել Ղարաբաղի հետ` ստանալ հողը, այլ ոչ ժողովրդին: Նրանց գլխավոր մտահոգությունը Ղարաբաղն իր բնակիչներից մաքրելն է»,-ասել է վարչապետը:

 

 

ԴԱՐՁԱՎ ԲԱՆԱՁԵՎ
ՀՀ ԱԺ փոխխոսնակ, ԵԽԽՎ-ում Հայաստանի ԱԺ պատվիրակության ղեկավար Արփինե Հովհաննիսյանը նշել է. «ԵԽԽՎ-ում քվեարկվեց եւ ընդունվեց գերմանացի պատվիրակ Ֆրանկ Շվաբեի ներկայացրած «Եվրոպայի խորհրդի եւ ՄԱԿ-ի մարդու իրավունքների մոնիթորինգային մարմինների կողմից անդամ երկրներ, այդ թվում` «գորշ գոտիներ» անսահմանափակ հասանելիության վերաբերյալ» բանաձեւը: Դրա հիմնական նպատակն է չճանաչված պետություններում (գորշ գոտիներում), այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղում, մարդու իրավունքների պաշտպանության մոնիթորինգային գործիքների ներդրումը: Ի սկզբանե հակահայկական ձեւակերպումներ պարունակող նախաձեռնությունը դարձավ բանաձեւ, որը ոչ միայն չի պարունակում հակահայկական ձեւակերպումներ, այլ հակառակը` պարունակում է ձեւակերպումներ, որոնք լիովին տեղավորվում են հայկական ազգային շահերի տիրույթում եւ թերեւս հենց այդ պատճառով ադրբեջանական պատվիրակությունը դեմ քվեարկեց այդ բանաձեւին: Ադրբեջանցիների ագրեսիվ, բայց անզոր հռետորաբանությանն էլ դահլիճում արժանի պատասխան տվեցին պատվիրակության անդամները:

 

 

ԹՈՒՆԱՎՈՐԵ՞Լ ԵՆ
«Ռուսաստանաբնակ հայ բարերար ու գործարար Լեւոն Հայրապետյանը մահից առաջ զանգահարել եւ հայտնել էր իրեն թունավորելու կասկածների մասին»,-հայտարարել է Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը (Պարգեւ Սրբազան): ՌԴ քննչական կոմիտեն կուսումնասիրի Լ. Հայրապետյանի մահվան թունավորման վարկածը: Մահանալուց առաջ Հայրապետյանը իրեն թունավորելու մասին տեղեկացրել էր եղբորը եւ Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոսին: «Երբ նա զանգահարեց ինձ, հազիվ էր խոսում, ձայնն էլ մի տեսակ էր: Նրան հարցրի, թե ինչ է պատահել, ասաց, որ շաքարն է իջել: Այնուհետեւ հարցրի, թե ինչպես է իրեն զգում, նա էլ ասաց, որ կասկածում է, որ իրեն թունավորել են: Ինձ թվաց, թե նա ուղղակի բանտային կյանքից հուսալքված է, փորձեցի անգամ գոտեպնդել»,-նշել է Պարգեւ Սրբազանը` ավելացնելով, որ իրենց խոսակցությունից ժամեր անց հայտնի է դարձել մեծ բարերարի մահվան բոթը:




Լրահոս