«ԻՆՁ ՀԱՄԱՐ ՉԿԱՆ ԱՆԵԼԱՆԵԼԻ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթի հարցերին պատասխանել է դերասան, սցենարիստ Գարիկ Սեփխանյանը: Մենք փորձել ենք բացահայտել նրա բնավորության՝ քչերին հայտնի գծերը եւ նախասիրությունները: Գարիկը պատմել է, թե ինչով է առաջնորդվում դժվարին ընտրության պարագայում, ինչ որակներով օժտված մարդկանց չի հանդուրժում եւ մանկուց ինչ է ցանկացել ունենալ: Նա խոստովանել է, որ կատակերգական դերերից բացի ցանկանում է նաեւ դրամատիկ դերեր խաղալ, պարզապես քանի որ զբաղված է նաեւ սցենարական աշխատանքներով եւ ժամանակի սղություն ունի, չի հասցնում առաջարկներ ընդունել:

-Գարի՛կ, եթե նորից անցնելու լինեիք Ձեր կյանքի ուղին, ի՞նչը կփոխեիք:
-Երեւի ոչ մի բան էլ չէի փոխի. ճակատագիրն ուր կտաներ, այնտեղ էլ կգնայի:
-Թալիսման ունե՞ք:
-Եթե նկատի ունեք որեւէ իր, ապա ոչ: Առհասարակ, սնահավատ չեմ:
-Ժամանակի ընթացքում հասկացել եք, որ…
-Բաներ կան, որոնք պետք չէր անել, բայց արել եմ, եւ հակառակը, որոնք պետք է անեի, չեմ արել: Բայց ասեմ, որ ափսոսում եմ չարածներիս համար:
-Եղե՞լ է, որ ինչից փախչեք, Ձեր գլխին գա:
-Հա, շատ է եղել այդպես, ուստի աշխատում եմ չֆիքսվել նման բաների վրա: Ինչ լինում է, թող լինի:
-Շարունակեք միտքը. «Ամենատհաճ իրավիճակում անգամ պետք չէ մոռանալ…»
-Արժանապատվության, մարդ մնալու մասին:
-Կա՞ն իրավիճակներ, որոնցում մարդիկ երբեք Ձեզ չեն տեսել:
-Երգելիս, որովհետեւ չեմ կարողանում: Բայց ասեմ, որ մարդիկ ինձ չեն տեսել նաեւ դրամատիկ դերերում, սակայն նման կերպարներ մարմնավորելու ցանկությունս մեծ է: Պարզապես եթե նույնիսկ առաջարկներ լինում են, զբաղվածության պատճառով չեմ ընդունում դրանք:
-Երբ կանգնած եք լինում դժվարին ընտրության առջեւ…
-Փորձում եմ սառը դատել, տաք գլխով ոչինչ չեմ անում: Առհասարակ, միշտ փորձում եմ դժվարին պահերից ելք գտնել: Ինձ համար չկան անելանելի իրավիճակներ:
-Ձեզ արագաշարժ, ճկուն մարդ համարու՞մ եք:
-Այո, հատկապես երբ համեմատում եմ ինձ իմ շրջապատից շատերի հետ, չնայած որ գործի բերումով մեծ մասամբ նստակյաց կյանք եմ վարում:
-Ինչի՞ համար եք ափսոսում:
-Կորցրած ժամանակի, որը կարելի էր ծախսել արդյունավետ, այնինչ դու գիտակցում ես, որ զուր է անցել, անիմաստ…
-Որոշումները կայացնում ես ակնթարթորե՞ն, թե՞ երկար-բարակ կշռադատելուց հետո:
-Շատ կարեւոր որոշումներն ընդունում եմ երկար-բարակ մտածելուց հետո, բայց կան նաեւ որոշումներ, որոնք հարկավոր է արագ կայացնել:
-Ձեր կյանքում ի՞նչ տեղ ունի կրոնը եւ ի՞նչ տեղ՝ հավատը:
-Երկուսն էլ մեծ տեղ ունեն. ես հավատում եմ Աստծուն եւ այցելում եմ եկեղեցի: Կյանքս հանձնել եմ Աստծուն, քանի որ ամեն բան նրա ձեռքերում է:
-Չեք հանդուրժում մարդկանց, որոնք…
-Սուտ են խոսում: Նրանց միանգամից հեռացնում եմ իմ շրջապատից:
-Կա՞ մի բան, որ փոքր ժամանակ շատ եք ուզեցել ունենալ, բայց չի ստացվել: Խոսքս նյութականի մասին է:
-Այո, կոշիկ: 90-ականներին երեխա եմ եղել, իմ սերունդը լավ կհասկանա ինձ. այդ ժամանակ սոցիալական խնդիրները շատ էին:
-Սիրու՞մ եք, որ Ձեզ գովում են:
-Անկեղծ ասած՝ ոչ: Ի դեպ, այդպես հաճախ է լինում, հատկապես՝ հայտնի դառնալուց հետո, անծանոթ շրջապատում:
-Ձեր արտաքինի մեջ ի՞նչը կփոխեիք:
-Արդեն փոխել եմ. քիթս չորս անգամ վիրահատել եմ:
-Ինչի՞ մասին եք երազում:
-Դա թող մնա գաղտնիք:
-Իմ հարցերից ո՞րն ամենաշատը Ձեզ դուր եկավ:
-Մանկության մեծ ցանկության մասին հարցը:

Զրուցեց ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԸ

 

 

 

«ՊԵՏՔ Է ՀԱՍԿԱՆԱՆ, ՈՐ ՀԱՐԿԱՎՈՐ Է ԴՈՒՐՍ ԳԱԼ ԱՅԴ ՈՐՋԻՑ»

«Ադեկվատ դատող ցանկացած պատգամավոր, պաշտոնյա պետք է հասկանա, որ վաղ թե ուշ հարկավոր է դուրս գալ «Հանրապետական» կուսակցությունից, այսպես ասած՝ այդ որջից»,- «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում կարծիք հայտնեց երգիչ Վահագ Ռաշը՝ անդրադառնալով վերջին շրջանում հանրապետականների կողմից կուսակցությունը լքելու միտումին:

Մենք Վահագի հետ զրուցեցինք նաեւ թավշյա հեղափոխության ժամանակ իր ունեցած սպասելիքների մասին եւ հարցրինք՝ արդյոք դրանք արդարացան. «Չէի ասի, թե շատ մեծ փոփոխություններ են եղել, բայց այնպես էլ չէ, որ կարճ ժամանակում սպասում էի հրաշքների: Հիմա առաջին հերթին անհրաժեշտ է, որ անցկացվեն խորհրդարանական ընտրություններ, որպեսզի երկիրը ղեկավարի այն ուժը, որին ժողովուրդն է վստահում: Իհարկե, Ազգային Ժողովում պետք է նաեւ այլ կուսակցություններից ներկայացուցիչներ լինեն, որպեսզի բալանսը պահվի»,-պատասխանեց մեր զրուցակիցը:
Վահագի խոսքով՝ այս փուլում Հայաստանին շատ է պետք ընդդիմություն, բայց ոչ «Հանրապետական» կուսակցության մակարդակի. «Մեզ ադեկվատ ընդդիմություն է պետք, որը ոչ թե ամեն փուչ բան քննարկման առարկա կդարձնի, լուն ուղտ կսարքի, այլ որը առողջ մթնոլորտ կձեւավորի երկրում, հանդես կգա տեղին քննադատություններով»,-շեշտեց երգիչը:
Նրա համոզմամբ՝ Ազգային ժողովը չպետք է համալրեն միայն հեղափոխության մասնակիցները, ակտիվիստները. «Անկեղծ ասած՝ դա ինձ վախեցնում է: Հիմա եթե կառավարության կազմը նայեք, ակնհայտ կերպով այդ միտումը կնկատեք: Պաշտոններ են զբաղեցնում նրանք, ովքեր, այսպես ասած, քայլել են: Ես չեմ ասում, որ նրանք վատ մարդիկ են, բայց հարկավոր է մեծ տեղ տալ ոլորտի մասնագետներին՝ անկախ այն բանից՝ նրանք եղել են ակտիվիստ, թե ոչ»,-մեկնաբանեց Վահագը:
Նա խոսեց նաեւ ժողովրդի շրջանում ներկայումս տիրող տրամադրությունների մասին եւ նշեց, որ իր շրջապատի մարդկանց շրջանում ներկայիս իշխանության հանդեպ համակրանքը հիմնականում պահպանվել է. «Ժողովրդի մոտ արթնացել է հույսը, իսկ դա արդեն քիչ չէ: Դրա արդյունքները որոշ ժամանակ անց արդեն տեսանելի կլինեն»,-եզրափակեց երգիչը:

Ա. ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

 

 

 

ԱՆՀԱՎԱՆԱԿԱՆ ԿԱՐԻԵՐԱ
Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն կարծում է, որ «Չելսի»-ի նախկին ֆուտբոլիստ, «Դերբի Քաունթի»-ի գլխավոր մարզիչ Ֆրենկ Լեմպարդը հաջողության կհասնի մարզական կարիերայի ընթացքում: Անգլիական լիգայի գավաթի խաղարկության 1/16 եզրափակչում «Դերբի Քաունթի»-ն պայքարից դուրս էր թողել «Մանչեսթեր Յունայթեդ»-ին: «Խաղից հետո ես Լեմպարդին ասացի, որ միայն հսկայական ներուժով մարզիչը կարող էր այդքան լավ կազմակերպել թիմը: Նա կարող է հպարտանալ իր աշխատանքով: Ֆրենկն անհավանական խաղային կարիերա է ունեցել: Հիմա նա անում է առաջին քայլերը մարզիչի կարգավիճակում: Ես գիտեի, որ նա շատ է ցանկանում հաղթել մեր դիմակայությունում»,- ասել է Մոուրինյոն: Նշենք, որ անգլիական լիգայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակչում «Դերբի Քաունթի»-ն հոկտեմբերի 29-ին կմրցի «Չելսի»-ի հետ:

 

 

ՍՊԱՍՈՒՄ Է ԱՌԱՋԱՐԿՆԵՐԻ
Ֆուտբոլի Գերմանիայի եւ ԱՄՆ-ի ազգային հավաքականների նախկին գլխավոր մարզիչ Յուրգեն Կլինսմանը սպասում է առաջարկների լուրջ հավակնություններ ունեցող ազգային թիմերից: «Աշխարհի առաջնությունից առաջ ունեի առաջարկներ եզրափակիչ մրցաշարի ուղեգիր նվաճած 4-5 հավաքականներից, սակայն չընդունեցի, քանի որ այդ թիմերի առավելագույն խնդիրը խմբից դուրս գալն էր: Նույն խնդիրը դրված էր նաեւ ԱՄՆ-ի հավաքականի առջեւ 2014թ. աշխարհի առաջնությունում: Հիմա դա բավարար չէ ինձ համար: Եթե վերադառնամ մարզչական աշխատանքի, ապա միայն աշխարհի առաջնության կիսաեզրափակիչ դուրս գալու նպատակ եւ հնարավորություն ունեցող հավաքականում»,-նշել է Կլինսմանը: Աշխարհի առաջնությունում Գերմանիայի հավաքականը Կլինսմանի ղեկավարությամբ դարձել էր բրոնզե մեդալակիր:

 

 

ՕԳՆԱԿԱՆԻ ՊԱՇՏՈՆՈՒՄ
«Ասթոն Վիլա»-ն հայտարարել է թիմի գլխավոր մարզչի պաշտոնում Դին Սմիթին, իսկ օգնականի պաշտոնում Ջոն Թերիին նշանակելու մասին: Ակումբը հայտարարել է նաեւ ակումբի մարզական տնօրենի պաշտոնում Խեսուս Գարսիա Պիտարխին նշանակելու մասին, որը նախկինում նույն պաշտոնը զբաղեցրել էր «Վալենսիա»-ում եւ Մադրիդի «Աթլետիկո»-ում:
Հիշեցնենք` 37-ամյա Թերին մի քանի օր առաջ հայտարարել է ֆուտբոլիստի կարիերան ավարտելու մասին եւ հիմա պատրաստ է դառնալ մարզիչ:




Լրահոս