Լուսանկարն արվել է Ալեք Մանուկյան փողոցում
Երեկ Ալեք Մանուկյան փողոցում գտնվող Հիմնադիր խորհրդարանի շենքի առջեւ մոմավառություն էր տեղի ունենում` ի հիշատակ Արայիկ Խանդոյանի` Միայնակ Գայլի:
ՀԱՐՑ. Ես ուզում եմ իմանալ` գույքահարկի վճարման ժամկետը ե՞րբ է սահմանված: Մինչեւ երբ անձը կարող է վճարում կատարել:
Գեւորգ Խաչատրյան (43 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. «Գույքահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի դրույթներով`
1. Կազմակերպությունները գույքահարկի հաշվարկված գումարները նույն հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով համապատասխան բյուջե են վճարում յուրաքանչյուր կիսամյակ` մինչեւ տվյալ կիսամյակին հաջորդող ամսվա 20-ը ներառյալ:
2. Ֆիզիկական անձինք գույքահարկի տարեկան գումարը նույն հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով համապատասխան բյուջե են վճարում մինչեւ հաշվետու տարվա դեկտեմբերի 1-ը ներառյալ` բացառությամբ ֆիզիկական անձանց տարեկան տեխնիկական զննության ենթակա փոխադրամիջոցների համար գույքահարկի գծով հարկային պարտավորությունների, որոնք ամբողջությամբ կատարում են մինչեւ փոխադրամիջոցները տվյալ տարվա տեխնիկական զննության ներկայացնելը:
Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտե
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ավելացնենք, որ ֆիզիկական անձինք տարեկան տեխնիկական զննության ենթակա փոխադրամիջոցների համար գույքահարկի գծով հարկային պարտավորություններն ամբողջությամբ կատարում են մինչեւ փոխադրամիջոցները տվյալ տարվա տեխնիկական զննության ներկայացնելը:
ՀԱՐՑ. Խնդրում եմ` ասեք` աշխատանքից ազատման դեպքում ո՞րն է համարվում սոցիալական փաթեթի դադարեցման ամիս:
Լիլիթ Գրիգորյան (41 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. Աշխատանքից ազատվելու դեպքում սոցիալական փաթեթից օգտվելու իրավունքի դադարման ամիս է համարվում աշխատանքից ազատվելու ամսվան հաջորդող ամիսը, եթե աշխատողը չի օգտվել սոցիալական փաթեթի ծառայություններից կամ օգտվել է, սակայն չունի որեւէ պարտավորություն:
Այս դեպքում սոցիալական փաթեթի գումարը դադարում է փոխանցվել աշխատողի սոցփաթեթի հաշվին աշխատանքից ազատվելու ամսվան հաջորդող երկրորդ ամսվանից: Իսկ այն դեպքում, երբ աշխատողն օգտվել է սոցիալական փաթեթի ծառայությունից եւ աշխատանքից ազատվելու օրվա դրությամբ ունի փոխանցման ենթակա պարտավորություններ, ապա անկախ աշխատանքից ազատվելու հանգամանքի` սոցիալական փաթեթի գումարները շարունակվում են փոխանցվել աշխատողի սոցիալական փաթեթի հաշվին պարտավորությունների մարման նպատակով, բայց ոչ ավելի, քան ընթացիկ տարվա առաջին գումարի փոխանցման ամսվանից հաշված մեկ օրացուցային տարին լրանալը (օրինակ, եթե աշխատողի սոցիալական փաթեթի առաջին գումարը փոխանցվել է սոցփաթեթի հաշվին ապրիլ ամսին եւ աշխատողն աշխատանքից ազատվում է սեպտեմբեր ամսին, ապա այդ ընթացքում նրա հաշվին փոխանցվել է վեց ամսվա գումար, որից, օրինակ, 4 ամսվա գումարը նա արդեն փոխանցել է հանգստի ապահովման ծառայությանը, իսկ մնացած գումարը փոխանցել է առողջության ապահովագրության ծառայության համար եւ ունի վճարման ենթակա պարտավորություն այդ ծառայության համար: Այս դեպքում նա շարունակելու է ստանալ սոցիալական փաթեթի գումարների փոխանցում իր սոցփաթեթի հաշվին առավելագույնը մինչեւ հաջորդ տարվա մարտ ամիսը այդ ծառայության պարտավորությունը կամ դրա մի մասը մարելու նպատակով:
Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Աշխատողի` աշխատանքից ազատվելու դեպքում սոցիալական փաթեթի գումարի փոխանցման համար պատասխանատու ստորաբաժանումը պարտավոր է դրա մասին 10-օրյա ժամկետում տեղեկացնել տվյալ անձի սոցիալական փաթեթի հաշիվն սպասարկող բանկին: