ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԸ ՎԱՐՉԱՊԵՏ ԿԴԱՌՆԱ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՈՒԺՈՎ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրաժարական կտա: Այս մասին նա հայտնել էր օրեր առաջ եւ որպես արտահերթ խորհրդարանական ընտրությունների հնարավոր ժամկետ մատնանշել էր դեկտեմբերի 9-ը: Իսկ մինչ այդ խորհրդարանում երկու անգամ վարչապետ չի ընտրվի, որից հետո էլ Ազգային ժողովը կլուծարվի: Իսկ ի՞նչ է սպասվում արտահերթ ընտրություններից հետո, երբ տեղի ունենա առաջին նիստը, եւ ե՞րբ կրկին վարչապետ կունենանք:

Նախ նշենք, որ ՀՀ Սահմանադրության համաձայն` մինչ արտահերթ ընտրություններից հետո առաջին նիստի գումարումը նախորդը շարունակում է իր աշխատանքները: Իսկ դա կարեւոր հանգամանք է, քանի որ, ըստ էության, 2019 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկումները տեղի կունենան արդեն լուծարված խորհրդարանում:
Սահմանադրության 90-րդ հոդվածը նաեւ սահմանում է, թե արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո որ օրը պետք է գումարվի առաջին նիստը: «Արտահերթ ընտրության դեպքում գործող Ազգային ժողովի լիազորությունների ժամկետն ավարտվում, եւ նորընտիր Ազգային ժողովի լիազորությունների ժամկետն սկսվում է նորընտիր Ազգային ժողովի կազմավորումից հետո` երկրորդ երկուշաբթի օրը հրավիրված Ազգային ժողովի առաջին նստաշրջանի բացման պահին», – ասված է օրենքում:
Իսկ ե՞րբ Ազգային ժողովը կհամարվի կազմավորված. դա էլ սահմանում է Ընտրական օրենսգիրքը: Մասնավորապես, սահմանված է, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը քվեարկությունների արդյունքների հիման վրա քվեարկության ավարտից ոչ ուշ, քան 24 ժամ հետո ամփոփում է Ազգային ժողովի` ընտրության քվեարկության նախնական արդյունքները եւ արձանագրությամբ վավերացնում դրանք: Իսկ ահա քվեարկության օրվանից հետո` 7-րդ օրը, կազմվում է արձանագրություն քվեարկության արդյունքների վերաբերյալ: Այսինքն, ընտրությունների օրվանից մեկ շաբաթ անց պաշտոնապես պարզ կդառնան խորհրդարան անցած ուժերը, նրանց մանդատների թիվը եւ այլն:
Եվ ըստ այդմ, արդեն ԱԺ կանոնակարգ-օրենքն էլ սահմանում է, թե երբ պետք է հրավիրվի նորընտիր խորհրդարանի առաջին նիստը: Ըստ այդմ, Ազգային ժողովի արտահերթ ընտրության դեպքում առաջին նստաշրջանը հրավիրվում է նորընտիր Ազգային ժողովի կազմավորումից հետո` երկրորդ երկուշաբթի օրը՝ ժամը 10:00-ին, որի մասին հայտարարում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը:
Առաջին նստաշրջանի անցկացման հետ կապված հարցերը եւս կարգավորվում է ԱԺ կանոնակարգ-օրենքի միջոցով:
Մասնավորապես, այդ ամենը կարգավորում է 33-րդ հոդվածը: Ըստ այդմ, առաջին նստաշրջանի նիստերը բացում եւ մինչեւ Ազգային ժողովի նախագահի ընտրվելը նախագահում է տարիքով ավագ պատգամավորը: Առաջին նստաշրջանի բացման առթիվ ողջույնի ելույթի իրավունք ունեն Հանրապետության նախագահը եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը: Ողջույնի ելույթներից հետո պատգամավորները երդվում են՝ «Հանուն համազգային նպատակների իրականացման եւ հայրենիքի հզորացման ու բարգավաճման՝ երդվում եմ բարեխղճորեն կատարել ժողովրդի առջեւ ունեցած պարտավորություններս, պահպանել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը եւ օրենքները, նպաստել Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության եւ շահերի պահպանմանը, անել ամեն ինչ քաղաքացիական համերաշխության, ազգային ու համամարդկային արժեքների պահպանման համար:»:
Ապա նախագահողը հայտարարում է առաջին նստաշրջանի օրակարգը՝ 1) հաշվիչ հանձնախմբի ստեղծում. 2) Ազգային ժողովի նախագահի ընտրություն. 3) Ազգային ժողովի նախագահի երեք տեղակալների ընտրություններ. 4) մշտական հանձնաժողովների ստեղծում. 5) մշտական հանձնաժողովների նախագահների ընտրություններ. 5.1) Կառավարության առաջարկությամբ՝ Կառավարության կառուցվածքի փոփոխության վերաբերյալ օրենքի նախագծի քննարկում. 6) Կառավարության ծրագրին հավանություն տալու հարց:
Սակայն մինչեւ 6-րդ կետն իրականացնելը պետք է տեղի ունենա վարչապետի ընտրություն, որն արդեն ամրագրված է Սահմանադրությամբ: Մասնավորապես, հոդված 149-ը սահմանում է վարչապետի ընտրության եւ նշանակման հարցերը: Մասնավորապես,
1. Հանրապետության նախագահը նորընտիր Ազգային ժողովի լիազորությունների ժամկետի սկսվելուց հետո անհապաղ վարչապետ է նշանակում Սահմանադրության 89-րդ հոդվածով սահմանված կարգով ձեւավորված խորհրդարանական մեծամասնության ներկայացրած թեկնածուին:
Սա նշանակում է, որ եթե խորհրդարանական ընտրությունների արդյունքները լինեն Երեւանի ավագանու ընտրությունների պես ակնհայտ տարբերությամբ, ապա մեծամասնության թեկնածուն, այս դեպքում` Նիկոլ Փաշինյանը, իրավունքի ուժով է դառնալու ՀՀ վարչապետ: Ճիշտ այնպես, ինչպես եւ Հայկ Մարությանը դարձավ Երեւանի քաղաքապետ առանց ավագանիների կողմից ընտրության:

ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

 

ՓԱՇԻՆՅԱՆԸ ԿՄԱՍՆԱԿՑԻ՞
Հոկտեմբերի 22-24-ը Երեւանում տեղի է ունենալու Եվրասիական գործընկերության երրորդ միջազգային համաժողովը, որն էլ իրականացվում է Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի միջոցով: Առաջին եւ երկրորդ համաժողովներին մասնակցել են նաեւ վարչապետները: «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց վարչապետի մամուլի խոսնակ Արման Եղոյանից պարզել` վարչապետ Նիկոլ Փաշինյանը կմասնակցի՞, թե՞ ոչ: Սակայն Արման Եղոյանը դժվարացավ պատասխանել` առհասարակ, վերջինս նման հրավեր ստացե՞լ է, թե՞ ոչ: Եղոյանի խոսքով` վարչապետի օրակարգը կազմվում է շաբաթվա վերջին եւ միայն այդ ժամանակ է պարզ լինում, թե մյուս շաբաթ ինչ այցելություններ են նախատեսված:

 

 

ԿԱԿՏԻՎԱՆԱՆ
Այսօրվանից ՀՀ ներքաղաքական կյանքում նոր զարգացումներ են սպասվում: Այսօր սպասվում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, ինչպես նաեւ սկսվում են կառավարության ներկայացուցիչների եւ խորհրդարանական ուժերի միջեւ Ընտրական օրենսգրքի նոր նախագծի շուրջ քննարկումները: Ինչպես հայտնի է, նախագիծը դեռ նախորդ ուրբաթ օրն արդեն ուղարկվել է Վենետիկի հանձնաժողով, եւ սպասվում է, որ պետք է ընդգրկվի նաեւ առաջիկա լիագումար նիստերի օրակարգ: Սակայն մինչ այդ լրացուցիչ քննարկումներ կանցկացվեն, եւ չի բացառվում, որ նախագծում փոփոխություններ տեղ գտնեն: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ կառավարությունից խորհրդարանական խմբակցությունների հետ բանակցելու մանդատը տրված է ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանին, ով, ի դեպ, վարչապետին կից Ընտրական օրենսգրքի փոփոխությունների հանձնաժողովի նախագահն է նաեւ: Ընդգծենք, որ մինչ այս խորհրդարանական խմբակցությունները մշտապես դժգոհում էին, թե անտեսված են եւ իրենք ընդգրկված չեն Ընտրական օրենսգրքի հարցերով քննարկումներում, եւ ահա հնարավորությունը ընձեռնված է, սակայն հետաքրքիրն այն է, որ նախագիծն արդեն Վենետիկի հանձնաժողովում է:

 

ՀՐԱՎԻՐՎԵԼ Է ՀՔԾ
Վճռաբեկ դատարանի նախկին նախագահ Արման Մկրտումյանի տան վրա ավազակային հարձակման գործով Հատուկ քննչական ծառայությունը հարցաքննության է հրավիրել վերջինիս որդուն` Գոռ Մկրտումյանին: Հիշեցնենք, որ օգոստոսի 28-ին 3 անձինք զինված հարձակվել էին Մկրտումյանի` Կոտայքի մարզի Ձորաղբյուրում գտնվող առանձնատան վրա: Մկրտումյանին ու որդուն հաջողվել էր վնասազերծել նրանցից մեկին` Հովհաննես Ռիժենկոյին: Ավելի ուշ ձերբակալվել էր նաեւ այդ խմբի անդամներից Մայիս Մկրտչյանը, որն էլ ծառայել էր ոստիկանությունում: Որպես մեղադրյալ ներգրավված երկրորդ անձը 49-ամյա Գագիկ Ղեւոնդյանն է, որի նկատմամբ հետախուզում էր հայտարարվել, եւ նրան հայտնաբերել էին Վրաստանում: Գրել էինք, որ Ղեւոնդյանին ՀՀ տեղափոխելուց անմիջապես հետո հարցաքննել են, եւ նա ՀՔԾ քննիչներին ցուցմունք է տվել, որ Արման Մկրտումյանի տան վրա հարձակման կազմակերպիչը ինքը չի եղել, այլ միանգամայն այլ անձ է եղել, եւ այս օրերին իրավապահները փնտրում են հարձակման պատվիրատուին:

 

 

ՆՈՐ ՄԱՐԶՊԵՏՆԵՐ
ArmLur.am-ի տեղեկություններով՝ Սյունիքի մարզպետ է նշանակվելու ՀՀ նախկին ոստիկանապետ Հունան Պողոսյանը, Արմավիրի մարզպետ կնշանակվի անկուսակցական Համբարձում Մաթեւոսյանը։ ArmLur.am-ի տեղեկություններով՝ Տարածքային կառավարման նախարար Սուրեն Պապիկյանի տեղակալ Դավիթ Գեւորգյանն էլ կնշանակվի Արագածոտնի մարզպետ։

 

 

ԱԴՐԲԵՋԱՆԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ
Ադրբեջանի արտգործնախարարությունը հատուկ հայտարարություն է տարածել ղարաբաղյան խնդրի վերաբերյալ` հույս հայտնելով, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո Հայաստանի նոր ղեկավարությունը «կհասկանա Ադրբեջանի գրավյալ տարածքներից զորքերը հանելու անհրաժեշտությունը». «Հույս ունենք` այդ ընտրություններից հետո Հայաստանի նոր կառավարությունը կհասկանա, որ երկրի կայուն զարգացման համար դրանից բացի այլ ճանապարհ չկա»: Ըստ «Ինտերֆաքս»-ի` Ադրբեջանի դիվանագիտական գերատեսչությունը պատասխանել է Ֆրանկոֆոնիայի 17-րդ համաժողովի արդյունքներով ընդունված բանաձեւին, որում անդրադարձ կա նաեւ ղարաբաղյան հակամարտությանը: «Հայաստանը պետք է վերջ դնի միջազգային հանրությանը ստելու իր ապարդյուն քայլերին, իրականացնի Հելսինկյան եզրափակիչ ակտով ստանձնած պարտավորությունները` դուրս բերի զորքը Ադրբեջանի գրավյալ տարածքներից»,-ասված է հայտարարությունում:

 

 

ԼԱՎ ՈՒ ՎԱՏ
«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը կարծում է, որ վարչապետի հրաժարականից հետո ֆորս մաժորային իրավիճակներ չեն լինի: Նա, պատասխանելով այն հարցին, որ ԲՀԿ-ում պառակտում է սկսվել, նշել է, որ դրանք նման են «պղտոր ջրում ձուկ որսալուն»: «Իմ մասով լուրեր եղան, որ ես որպես բոյկոտ դուրս եմ գալիս ԲՀԿ-ից, բայց ես ասեմ, որ Գագիկ Ծառուկյանի հետ մտել եմ քաղաքականություն, նրա հետ էլ դուրս կգամ: Ինձ համար ամենաանընդունելին դավաճանությունն է»,-ասել է նա: Անդրադառնալով հարցին, որ ԲՀԿ-ի համար լավ ժամանակներ չեն սկսվել, պատգամավորը նշել է. «Եթե դու քաղաքական թիմում ես, ուրեմն պետք է պատրաստ լինես թիմի հետ տանել լավ ժամանակների ու վատ ժամանակների բեռը: Ես չեմ կարծում, որ վատ ժամանակներ են, իհարկե, մենք խնդիրներ ունենք, մեր մեջ հարցերի վերանայելու խնդիր ունենք»:

 

 

ՏԽՈՒՐ ԿԼԻՆԻ
ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն առաջարկում է սպասել եւ տեսնել, թե ինչ զարգացումներ կլինեն վարչապետի հրաժարականից հետո: Անդրադառնալով ՀՀԿ-ական այն 17 պատգամավորներին, որոնք կողմ են, որ դեկտեմբերին տեղի ունենան արտահերթ ընտրություններ, Բաղդասարյանն ասել է. «Նորմալ է, մեր կողմից որեւէ մեկին պարտադրանք չի եղել միանալու կամ չմիանալու»: Այն հարցին, թե ինչպես է վերաբերվում Գեւորգ Կոստանյանի այն հայտարարությանը, որ նա սատարում է Նիկոլ Փաշինյանին, Բաղդասարյանը պատասխանել է. «Ես անակնկալի չեմ եկել, բոլոր հայտարարություններին փիլիսոփայորեն եմ մոտենում»: Առանց ՀՀԿ-ի խորհրդարանն ինչպիսի՞ն կլինի, ՀՀԿ խմբակցության ղեկավարը պատասխանել է` «Տխուր»:

 

 

ԸՆԴՈՒՆԵԼ Է
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարին` Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով փոխտեղակալ Ջորջ Քենթին: Վարչապետն անդրադարձել է ներհայաստանյան քաղաքական գործընթացներին եւ նշել, որ Հայաստանը հաստատակամ առաջ է շարժվում ժողովրդավարության զարգացման ճանապարհով: Զրուցակիցները մտքեր են փոխանակել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման, միջազգային արդի իրավիճակի, տարածաշրջանային մարտահրավերների եւ մի շարք այլ հարցերի շուրջ:




Լրահոս