Հաշվի առնելով ներկայումս Հայաստանի քրեակատարողական հիմնարկների գերծանրաբեռնվածության խնդիրը, ինչպես նաեւ պատիժ կրող անձանց ու նրանց հարազատների` նոր իրողություններով պայմանավորված սպասումները` հոկտեմբերի 4-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնեց համաներում հայտարարելու մասին:
Մասնավորապես ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ասել էր` համաներման նախագիծը առայժմ չի հրապարակվի եւ կքննարկվի դռնփակ նիստում: Որոշումը կայացնելուց հետո կուղարկվի ԱԺ` քննարկման եւ ընդունելու համար:
Մինչ այդ նախագծում ներառված հարցերը չեն հրապարակվի: Առայժմ անհայտ է, թե որ հոդվածներով դատապարտված ու կալանավորված անձանց եւ ընդհանուր քանի անձի վրա այն կտարածվի:
Այս հայտարարությունից հետո անցել է գրեթե երկու շաբաթ, սակայն իշխանությունները դեռեւս չեն գաղտնազերծում, թե որ հոդվածներով դատապարտված ու կալանավորված անձանց վրա կտարածվի համաներումը, եւ ընդհանուր քանի անձի վրա այն կտարածվի: Փոխարենը ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը ասել է, որ Երեւանի պատմության մեջ լինելու է ամենամեծ համաներումը:
Նշենք, որ Հայաստանում վերջին անգամ համաներում հայտարարվել է Սերժ Սարգսյանի առաջարկով 2013 թվականին` Հայաստանի Հանրապետության անկախության 22-րդ տարեդարձի կապակցությամբ: Ուսումնասիրելով դեռեւս 2013 թվականի համաներման նախագիծը` նկատում ենք, որ համաներում տարածվել է այն անձանց վրա, որոնց նկատմամբ պատիժը պայմանականորեն չի կիրառվել, կամ պատժի կրումը հետաձգվել է, այն անձանց, որոնց նկատմամբ նշանակվել է ազատությունից զրկելու հետ չկապված պատիժ, այն անձանց, որոնց նկատմամբ նշանակվել է առավելագույնը երեք տարի ժամկետով ազատությունից զրկելու հետ կապված պատիժ:
Պատժից ազատվել են այն անձինք, որոնց նկատմամբ առավելագույնը հինգ տարի ժամկետով ազատազրկում է նշանակվել….: Պատժից ազատել են 60 տարին լրացած անձանց եւ այսպես շարունակ:
«Ժողովուրդ» օրաթերթին համաներման նախագծի շուրջ աշխատող իրավավաբանների քննարկումներից որոշ մանրամասներ են հայտնի դարձել: Մասնավորապես, մեզ հասած տեղեկությունների համաձայն` հաշվի առնելով, որ 2013 թվականի համաներմամբ պատժից ազատել են այն անձանց, որոնց նկատմամբ առավելագույնը հինգ տարի ժամկետով ազատազրկում է նշանակված եղել, ապա ներկայումս որոշել են մեկ տարով էլ շեմը բարձրացնել: Ասել է թե` պատժից ազատ են արձակվելու այն անձինք, որոնց նկատմամբ առավելագույնը 6 տարի ժամկետով ազատազրկում է նշանակված:
2013 թվականի համաներմամբ 60 տարին լրացած անձը համաներմամբ կարող էր ազատ արձակվել, իսկ ներկայումս որոշել են շեմը իջեցնել` հասցնելով մինչեւ 58-ի:
Ավելին, այս օրերին մի խումբ իրավաբաններ Ազգային Ժողովի Պետական-իրավական եւ մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի հետ քննարկում են մեկ հարց, այնպես անել, որ համաներումը տարածվի ՀՀ իրավապահների կողմից բացահայտված «հանցավոր երկու խմբերի»` «Սասնա Ծռերի» եւ «Նորք Մարաշ» բանդայի գործով մեղադրյալների վրա : Արդյունքում որոշում է կայացվել` համաներում չի տարածվի այս երկու խմբերի այն անձանց վրա, որոնք մեղադրվում են սպանության մեջ: Մասնավորապես, համաներումը չի տարածվի «Սասնա ծռեր» խմբի անդամ Սմբատ Բարսեղյանի վրա, քանի որ նրան մեղադրանք է առաջադրվել ենթասպա Յուրի Տեփանոսյանի սպանության համար: Արմեն Բիլյանին մեղսագրվում է ոստիկանության ենթասպա Գագիկ Մկրտչյանի սպանությունը: Իսկ ահա մյուս մեղադրյալների հետ կապված, որոնք այս օրերին ազատության մեջ են, իրավապահները քննում են այն տարբերակը, որպեսզի համաներումը նրանց վրա կիրառվի: Ասել է թե` նրանցից շատերը կազատվեն պատժի կրումից: Համաներումը կկիրառվի նաեւ Նորք Մարաշ բանդայի գործով մեղադրյալների վրա, որոնցից շատերը եւս պատժի կրումից կխուսափեն:
ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ
Ի՞ՆՉ ՑՈՒՑՄՈՒՆՔ Է ՏՎԵԼ ԵՐԱՆՈՍՅԱՆԸ
Սեպտեմբերի 25-ին հայտնի դարձավ, որ ՀՀ հատուկ քննչական ծառայությունը մեղադրանք է առաջադրել ՀՀ ոստիկանության Ներքին զորքերի նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լեւոն Երանոսյանին:
Գեներալ-լեյտենանտին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 309 հոդվածի 1-ին եւ երկրորդ մասերով` Պաշտոնեական լիազորություններն անցնելը: Հիշեցնենք, որ Լ. Երանոսյանը ՀՔԾ է հրավիրվել 2018թ. ապրիլի 16-ին եւ 22-ին Բաղրամյան պողոտայում եւ Արցախի փողոցի սկզբնամասում տեղի ունեցած բախումների ընթացքում հատուկ միջոցներ կիրառելու գործով: Վերջինիս նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը երկրից չհեռանալու մասին: «Ժողովուրդ» օրաթերթին Լ. Երանոսյանի ցուցմունքից եւ իրավապահների կողմից տարվող քննությունից որոշ մանրամասներ են հայտնի դարձել: Մասնավորապես, «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում գեներալ-լեյտենանտ Լեւոն Երանոսյանի պաշտպան Տիգրան Սաֆարյանը հայտնեց. «Ասում են, որ նա 4 հատ ԶԱՐՅԱ նռնակ է կիրառել, որի արդյունքում ցուցարարները տարբեր աստիճանի վնասվածք են ստացել, եւ ընդհանուր առմամբ 4 նռնակ է կիրառվել: Այսինքն` այստեղ պարզ է` եթե Միայն Լեւոն Երանոսյանն է կիրառել, ապա վատ հետեւանքների համար պատասխանը կրում է Լեւոն Երանոսյանը: Մեղադրանքն առաջադրելուց հետո մեր կողմից ուսումնասիրվեցին համացանցում հայտնված տեսանյութերը, եւ ընդամենը մեկ տեսանյութով մենք հայտնաբերեցինք, որ առնվազն 8 նռնակ է կիրառվում Բաղրամյան պողոտայում, որից երեքը կիրառվում է ոստիկանության այլ ծառայողների կողմից: Այդ տեսանյութը իր հղումով մենք ներբեռնեցինք եւ ներկայացրեցինք Հատուկ քննչական ծառայություն` նշելով, որ, ըստ էության, սխալ փաստեր են դրված մեղադրանքի հիմքում, միաժամանակ միջնորդել ենք` մեղադրանքը վերացվի, սակայն միջնորդության քննումը հետաձգվել է մինչեւ որոշակի գործողությունների իրականացվելը: Սակայն արդեն տեւական ժամանակ է անցել, բայց որեւէ նորություն չկա: Ըստ էության, նրան առաջադրված մեղադրանքը փլուզվեց: Այն տեսանյութը, որը մենք ներկայացրել ենք նախաքննական մարմնին, այդտեղ հստակ երեւում է 8 հատ «Զարյա» լուսաձայնային նռնակի կիրառումը, ու այդ 8-ից երեքը հստակ երեւում է, որ գեներալ Երանոսյանը չի կիրառել»: Մեր այն հարցին` երբ իրավապահները այս ամենը ներկայացրել են Լ. Երանոսյանին, ինչ է ասել նա իրավապահներին, ինչ ցուցմունք է տվել, պաշտպանն ասաց. «Լեւոն Երանոսյանը ասել է, որ ինքն ընդամենը իր կողմից մեկ հատի կիրառում է հիշում եւ, ամեն դեպքում, թե՛ իր կողմից, թե՛ այդ օրվա ոստիկանության գործողությունները եղել են իրավաչափ, իր ցուցմունքը ընդհանուր առմամբ սա է եղել»:
Նկատենք, որ այս գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել միայն Լեւոն Երանոսյանին, մինչդեռ այնտեղ այլ անձինք էլ են նռնակներ ու հատուկ միջոցներ կիրառել, սակայն իրավապահները գտել են, որ նրանց այդ միջոցների կիրառումից որեւէ մեկը չի տուժել: Հետաքրքիր է, որ միայն Լ. Երանոսյանի կողմից արձակված կրակոցներից են տուժել քաղաքացիները: ՀՔԾ-ն ինչպե՞ս է հիմնավորելու այդ երերուն փաստը:
Ք. ՄԱՆՈՒԿՅԱՆ
ԱԺ-ՈՒՄ Է
«2008 թվականի Մարտի 1-2-ին` Երեւան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ, անձանց կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» ՀՀ օրենքի նախագիծը ներկայացվել է Ազգային ժողով: Այն արդեն ներառված է ԱԺ Պետաիրավական եւ մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի հոկտեմբերի 17-ի նիստի օրակարգում: Պատճառված վնասը ենթակա է հատուցման, եթե անձը մահացել է այդ իրադարձությունների ժամանակ կամ այդ իրադարձությունների ավարտից հետո իրադարձությունների ժամանակ ստացված վնասվածքի կամ խեղման պատճառով, կամ անձը ստացած վնասվածքի կամ խեղման հետեւանքով ստացել է հաշմանդամություն:
ՀՐԱԺԱՐՎԵՑԻՆ
Երեւանի ավագանու «Իմ քայլը» դաշինքի խմբակցության անդամ, վարչապետի խորհրդական Սրբուհի Ղազարյանը, որը դաշինքի ցուցակում 2-րդ համարն էր, դիմում է գրել ավագանու մանդատից հրաժարվելու մասին: Ըստ Ս. Ղազարյանի` նա շարունակելու է իր աշխատանքը որպես վարչապետի խորհրդական, եւ երկու աշխատանքները միասին անհամատեղելի են: Նույն դաշինքի խմբակցության անդամ, հասարակական հիմունքներով վարչապետի խորհրդական Նիկոլայ Բաղդասարյանը եւս հրաժարվում է ավագանու մանդատից. նա դաշինքի ցուցակում 15-րդն էր: Նշենք, որ Երեւանի ավագանու մանդատից հրաժարվել է նաեւ Տրդատ Սարգսյանը, որը նշանակվել է Վայոց Ձորի մարզպետ: Նա դաշինքի ավագանու ցուցակում 4-րդ համարն է:
316.000 ԴՐԱՄԻ ՎՆԱՍ
ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում քննություն է տարվում ապօրինի որս կատարելու դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ: ՀՀ ՔԿ-ի փոխանցմամբ` 2018թ. սեպտեմբերի 15-ին արձանագրվել է ապօրինի որս կատարելու դեպք: Մասնավորապես պարզվել է, որ Արարատի մարզի երեք բնակիչներ Գեղարքունիքի մարզի Չկալովկա համայնքի վարչական տարածքում առերեւույթ իրականացրել են ապօրինի որս: Նրանք որսացել են ՀՀ կենդանիների կարմիր գրքում գրանցված թվով 3 մարգահավ, որոնց որսն ամբողջովին արգելված է: Բացի այդ, որսացել են նաեւ սահմանված քանակից ավելի լոր տեսակի թռչուն` պետությանը պատճառելով 316.000 ՀՀ դրամի վնաս: Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ:
ՕՊՏԻՄԱԼԱՑՈՒՄՆԵՐ
ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արայիկ Հարությունյանը հայտնել է ոլորտում օպտիմալացումներ իրականացնելու մասին: Նա նշել է, որ դրա շրջանակներում որոշ բուհեր եւ ինստիտուտներ կարող են միավորվել: «Քննարկում կլինի որոշ ինստիտուտների միավորման հետ կապված, որոնք առաջիկայում կնախաձեռնենք»,-ասել է նախարարը: Ըստ նրա` ԳԱԱ-ի հետ քննարկումներ կլինեն նաեւ ակադեմիայի կազմում գտնվող բուհերի եւ ինստիտուտների սերտ համագործակցության, ընդհուպ միավորման հարցի շուրջ:
ԱՐՏԱՀԵՐԹ
Այսօր` ժամը 11:00-ին, տեղի կունենա կառավարության նիստ: Չնայած դեռ օրակարգը պաշտոնապես հայտնի չէ, սակայն ակնհայտ է, որ նիստը հրավիրվում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի համար: Այսօր վարչապետը հրաժարական կտա, որպեսզի դեկտեմբերի 9-ին արտահերթ խորհրդարանական ընտրություններ լինեն: