Նոյեմբերին ԵԽԽՎ մոնիթորինգային խումբը կայցելի Հայաստան: Ինչպես հայտնի է, ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության ղեկավար Արփինե Հովհաննիսյանն էր դիմել միջազգային կառույցին Հայաստանում մոնիթորինգ անցկացնելու խնդրանքով: Եվ ահա արդեն իսկ պարզ է, որ մոնիթորինգային խումբը` համազեկուցող Անդրեյ Շիրչելի (Սլովենիա) գլխավորությամբ, Հայաստան կայցելի նոյեմբերին:
Մի քանի օր շարունակ ԵԽԽՎ նիստերին զուգահեռ Ստրասբուրգում էր գտնվում նաեւ ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Լենա Նազարյանը, ով երեկ ամփոփելով այցի արդյունքները` նշեց, թե շատ կարեւոր հանդիպումներ է ունեցել եւ ներկայացրել Հայաստանում տիրող իրավիճակը: «Ասել եմ, որ պատրաստ ենք նոյեմբերին ընդունել մոնիտորինգային խմբին Հայաստանում, պատասխանել բոլոր հարցերին, եւ որեւէ խոչընդոտ չկա նրանց աշխատանքը մեր երկրում արդյունավետ կազմակերպելու համար»,-մանրամասնել է Լենա Նազարյանը: Եվ ահա այդ նույն օրերին նման հանդիպումներ էին ունենում նաեւ պատվիրակության ՀՀԿ անդամները` Արփինե Հովհաննիսյանի գլխավորությամբ, ովքեր էլ Հայաստանում տիրող իրավիճակը հակառակ տեսանկյունից էին ներկայացնում:
Եվ այժմ գլխավոր հարցերից մեկն այն է, թե ինչ է լինելու մոնիթորինգից հետո, ինչ եզրակացության կգան մոնիթորինգն իրականացնողները եւ ինչ կլինի հետագայում: Եվ այստեղ երկու սցենար կարող է գործել. կա՛մ մոնիթորինգի անդամները կհայտնաբերեն, որ Հայաստանում ոչ մի խնդիր առկա չէ, կա՛մ էլ իսկապես կհայտնաբերեն խնդիրներ: Առաջին տարբերակի դեպքում դա միանշանակ վատ է լինելու այդ հարցը բարձրաձայնողների, այսինքն` Արփինե Հովհաննիսյանի եւ ՀՀԿ-ականների համար, իսկ եթե որեւէ ոլորտներում խնդիրներ հայտնաբերվեն, ապա նրանք պարզապես խորհուրդներ են տալու, թե ինչպես պետք է դրանք վերացվեն: Այլ հարց է, թե որքանով նրանց կողմից հայտնաբերված խնդիրները կարող են այդպիսիք լինել հենց Հայաստանի ներկայիս իշխանությունների համար:
Ակնհայտ է, որ ՀՀԿ-ն կանխատեսում է լուրջ եւ կոշտ արձագանք, սակայն դա կախված է մոնիթորինգի արդյունքներից: Մասնագետները պնդում են, որ ստեղծված իրավիճակում արդեն եվրոպացի համազեկուցողները պետք է կարողանան որոշել, թե Հայաստանի ներքաղաքական դաշտում ով է ընդդիմություն, ով իշխանություն, եւ ով ում իրավունքները կարող է ոտնահարել, եթե, իհարկե, կա նման բան: Ընդ որում, հետագայում համազեկուցողի հայտարարության արդյունքում նախապատրաստվելու է զեկույց, այնուհետեւ փորձ է արվելու դրան տալու բանաձեւի տեսք։ Իսկ թե Հայաստանի համար որքանով է դա վտանգավոր, կախված է նրանից, թե ինչպես կզարգանան իրադարձությունները երկրում:
Եվ փաստացի «Ելք» խմբակցության ղեկավարն այնտեղ է գործուղված եղել հիմնական վտանգները չեզոքացնելու համար, սակայն դժվար է միանշանակ ասել` դա նրան հաջողվել է, թե ոչ: Ամեն դեպքում չի բացառվում, որ Հայաստանի հասցեին ոչ դրական ձեւակերպումներ լինեն: Ի վերջո, պատվիրակության ներկայացուցիչները, եւ հատկապես` հանրապետականները, վստահ գիտեն, թե ում մոտ խոսելով եւ ում հետ հանդիպելով կարող են արդյունքի հասնել: Եվ պատահական չէ, որ այդ օրերին Ստրասբուրգում ակտիվ հանդիպումներ են ընթացել եւ հենց ՀՀԿ-ականների մակարդակով: Սակայն «Ելք» խմբակցության ղեկավարն էլ ոչ պակաս ակտիվ է եղել եւ կրկին բազմաթիվ հանդիպումներ ունեցել, հիմնականում եվրոպացի գործընկերներին կոչ է արել կարծիքներ կազմելիս չհենվել միայն հանրապետականների կարծիքների վրա, այլ խնդիրը բազմակողմանի ուսումնասիրել:
Մասնավորապես, Լենա Նազարյանի այդ խոսքերն ուղղված են եղել հիմնականում ԵԽԽՎ-ի մշտադիտարկման հանձնաժողովի համազեկուցող Յուլիա Լովոչկինայի (Ուկրաինա) հայտարարությանը Հայաստանում տեղի ունեցած քաղաքական զարգացումների վերաբերյալ: Հիշեցնենք, որ նա մասնավորապես ասել էր, որ Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցության թիվը ցույց է տվել, որ հանրային վստահությունը քաղաքական գործընթացների նկատմամբ դեռ ցածր է, եւ կոչ էր արել, որ Հայաստանում հարգեն ժողովրդավարական արժեքները: Եվ ահա հանդիպումների ժամանակ Նազարյանը փորձել է ապացուցել, որ Հայաստանում նման արժեքներն իսկապես հարգվում են:
Մասնավորապես, նա հանդիպել է ԵԽԽՎ նախագահ Լիլիան Մորի Պասքյեի եւ ԵԽԽՎ-ի գլխավոր քարտուղար Վոյչեխ Սավիցկի հետ եւ տեղեկացրել, որ իրականում ՀՀ նոր իշխանություններն անչափ կարեւորում են մոնիթորինգային գործընթացը, եւ ակնկալում են, որ այսուհետ մոնիթորինգի համազեկուցողները կլսեն բոլոր կողմերի փաստարկները, այլ ոչ թե հիմք կընդունեն ԵԽԽՎ-ի հայաստանյան պատվիրակության կարծիքը: Ընդ որում, Նազարյանը Ստրասբուրգում կրկնել է նաեւ Նիկոլ Փաշինյանի խոսքերն այն մասին, որ ԵԽԽՎ հայկական պատվիրակությունը պարզ չէ, թե ում շահերն է ներկայացնում: Նազարյանը, սակայն, մի փոքր փոխել է ձեւակերպումները եւ նշել, թե այդ պատվիրակությունը դեռ մեծամասամբ ներկայացնում է ՀՀԿ-ն:
Ընդ որում, Նազարյանի խոսքով` ԵԽԽՎ նախագահ Լիլիան Մորի Պասքյեն իր հետ հանդիպմանը շնորհավորել է նրանց բացառապես խաղաղ եղանակով իշխանափոխության կապակցությամբ: Եվ նրա խոսքով` ԵԽԽՎ պաշտոնյաների հայտնած միակ մտահոգությունը վերաբերում էր ԸՕ-ի փոփոխությունների ընդունման եւ ընտրությունների ժամկետին, Վենետիկի հանձնաժողովի հետ համագործակցությանը: Եվ ահա ստացվում է` Եվրոպան էլ է երկու քարի արանքում հայտնվել` ո՞ւմ հավատալ, գործող իշխանությունների՞ն, թե՞ նախկին իշխանություններին: Եվ, թերեւս, մնում է սպասել մոնիթորինգին եւ դրա արդյունքներին:
ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ՃԱՆԱՊԱՐՀ ՉԿԱ
Մակարավանքը Տավուշի պատմական, հոգեւոր գանձերից է: Այն գտնվում է Աչաջուր գյուղից 3 կմ հարավ-արեւմուտք` Պայտաթափ լեռան լանջին: 10-11-րդ դարերի Մակարավանքի վանական համալիրի կազմի մեջ մտնող Սուրբ Աստվածածին եկեղեցու պատին շարունակում է մնալ խորհրդային ժամանակների ցուցանակը՝ հայերեն եւ ռուսերեն: Մակարավանքը պարբերաբար ենթարկվել է գանձագողերի ոտնձգություններին: 2012թ. նրանք քանդել են Մակարավանքի մուտքի մոտ գտնվող պատը գանձեր գտնելու նպատակով: Պատմական միջավայրի պահպանության Տավուշի մարզային ծառայության նախկին պետ Ռաֆիկ Մուրադյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասաց, որ դեպքի կապակցությամբ ինքը դիմել է ոստիկանություն, սակայն գանձագողերը չեն հայտնաբերվել: Իսկ արդեն 2018թ. հունվարի լույս 14-ի գիշերը ահազանգ ստացվեց այն մասին, որ անհայտ անձը կամ անձինք կոտրել են Մակարավանքի եկեղեցու մուտքի դուռը, մտել տաճար, թալանել գանձանակը: Հայ առաքելական եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանի վկայությամբ` գողերը ջարդել են Մակարավանքում գտնվող հուշանվերների ցուցափեղկը, շարժել են եկեղեցու խորանի արծաթե խաչը, սակայն այն չեն տարել: Թեմի առաջնորդը հայտնեց, որ դա Մակարավանքից գողության 2-րդ դեպքն էր: Աչաջուրի ղեկավար Կարեն Ղալթախչյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասաց, որ Աչաջուրից մինչեւ Մակարավանք ճանապարհի 3.2 կմ-ը անբարեկարգ է, գրեթե անանցանելի: Կոմունիկացիոն այդ խնդիրը լուրջ է Մակարավանք այցելելու ցանկություն ունեցող հավատացյալների համար ու, ընդհանրապես, խոչնդոտում է զբոսաշրջության զարգացմանը:
ՀՐԱԺԱՐԱԿԱՆ ՏՎԵՑ
Այս տարվա սեպտեմբերի 28-ից Իջեւանի տարածաշրջանի սահմանամերձ Ազատամուտ համայնքի ավագանու 5 անդամներ եւ բնակչության մի ստվար մասը համայնքապետ Ժորա Մարտիրոսյանի հրաժարականն են պահանջում: ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային վարչությունում Ժ. Մարտիրոսյանի վերաբերյալ ինքնիրավչության հոդվածով քրեական գործ է քննվում, դատախազի կողմից որոշում է կայացվել համայնքի ղեկավարի պաշտոնավարումը ժամանակավորապես դադարեցնելու մասին: Նշենք, որ Ժ. Մարտիրոսյանը ներկայումս Երեւանի թիվ 1 համալսարանական հիվանդանոցում բուժվում է: Ու հարցը դեռ վերջնական հանգուցալուծում չի ստացել: Հոկտեմբերի 15-ի առավոտից էլ մյուս համայնքապետի օրինակով ոգեւորված Ազատամուտի մշակույթի տան դահլիճում բազմաթիվ ազատամուտցիներ պահանջում էին համայնքի ղեկավարի տեղակալ Գագիկ Բալասյանի հրաժարականը համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարությունից: Նա սկզբից համառում էր: Ժամանեց Տավուշի մարզպետ Վահե Ղալումյանը, ով ասաց, որ խնդիրը պետք է լուծվի օրինական ճանապարհով: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ տեղի տալով ազատամուտցիների համառ պահանջներին` Գ. Բալասյանը մարզպետին դիմում գրեց համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարի լիազորություններից իրեն ազատելու մասին: Մարզպետը ըստ օրենքի մեկամսյա ժամկետում պետք է նշանակի համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար:
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ
«ՎՏԲ» ԲԱՆԿԸ ԿՎԱՃԱՌԻ՞ ԱԼԱՎԵՐԴՈՒ ՊՂՆՁԱՁՈՒԼԱԿԱՆ ԳՈՐԾԱՐԱՆԸ
ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի եւ Ալավերդու պղնձաձուլական գործարանի սեփականատեր Վալերի Մեջլումյանի երեկվա դռնփակ հանդիպումը անպտուղ է եղել: Գործարանի հետագա գործունեության ճակատագիրը շարունակում է անորոշ մնալ: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ կառավարության ներկայացուցիչները գործարարի հետ նախատեսում են հանդիպում ունենալ նաեւ այս ուրբաթ:
«Վալլեքս» խմբի մեջ մտնող «Էյ-Սի-Փի» ընկերությանը պատկանող Ալավերդու պղնձաձուլական գործարանն առաջիկայում կդադարեցնի իր գործունեությունը: Պատճառները երկուսն են: Առաջինը վարկային պարտավորություններն են, որոնք ընկերությունը չի կարող մարել, քանի որ գործարանի ակտիվները գործարանի հետ միասին գրավադրված են ռուսաստանյան ՎՏԲ բանկում: Իսկ փակման երկրորդ պատճառը բնապահպանության եւ ընդերքի պետական տեսչական մարմնի տուգանքն է`380 մլն դրամի չափով: Ըստ տեսչական մարմնի` ընկերությունը նշված գումարի չափով շրջակա միջավայրին վնաս է հասցրել: Բացի այս, տեսչական մարմինը ընկերությանը հանձնարարական է տվել մինչեւ տարեվերջ 90 տոկոսով նվազեցնել արտանետվող ծծմբային անհիդրիդի քանակը: Աշխատողների պատմելով` գործարանի ղեկավարությունը պետք է ֆիլտրեր տեղադրի, սակայն դրա հնարավորությունը չունի: Արդյունքում ընկերությունը որոշել է դադարեցնել գործունեությունը:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ գործարար Վալերի Մեջլումյանը փոխվարչապետ Տիգրան Ավինյանի հետ հանդիպմանը բարձրաձայնել է հիմնականում Ալավերդու պղնձաձուլարանը փակելու հետ կապված խնդիրները: Իսկ գործադիր մարմնի ներկայացուցիչները խոստացել են ուսումնասիրել բարձրացրած խնդիրները: Հավանաբար այս ուրբաթ կառավարությունը գործարարին այս վիճակից դուրս գալու լուծումներ կառաջարկի: Իսկ մինչ այդ գործարանի աշխատողների մի մասի պատմելով` գործարանը հնարավոր է առաջիկա օրերին անջատի վառարանները: Իսկ վերագործարկման համար ամիսներ են պետք: Ավելին` ըստ որոշ աշխատակիցների` երեկվա հանդիպմանը հրահանգ է եղել վառարանները անջատելու վերաբերյալ: Իսկ մի մասի խոսքերով` ե՛ւ Ալավերդու պղնձաձուլական գործարանը, ե՛ւ Թեղուտի հանքավայրը կշահագործվեն հունվարին նոր սեփականատիրոջ կողմից, քանի որ «ՎՏԲ» բանկը պատրաստվում է վաճառել այն: Բանն այն է, որ բանկը հանքային ոլորտում փորձ չունի:
«Ժողովուրդ» օրաթերթը Ալավերդու պղնձաձուլական գործարանի աշխատակիցներից տեղեկացավ նաեւ, որ նրանք մտադիր են ուրբաթ օրը հավաքվել գործարանի մուտքի մոտ հանդիպմանը ներկա գտնվելու պահանջով: Նրանք չեն ընդունում, որ բանակցությունները ընթանում են խիստ գաղտնի եւ դռնփակ: Ի դեպ, տեղեկացնենք, որ Ալավերդու պղնձաձուլական գործարանի փակման արդյունքում մոտ 650 աշխատող գործազուրկ կդառնա: Իսկ «Վալլեքս» խմբի ընկերությունը երբ դադարեցրեց Թեղուտի հանքավայրի շահագործումը, ավելի քան 1000 աշխատող գործազուրկ դարձավ:
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ